Տասը հազար պահնորդներից արտոնագրվել է 124- ը, եւ միայն 3 թիկնապահ
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Կառավարությունը երկարաձգել է մասնավոր պահնորդական ընկերությունների արտոնագրման ժամկետը մինչև հաջորդ տարվա առաջին կեսը: Այս հանգամանքը առիթ դարձավ ոլորտի ընկերությունների ղեկավարների այսօրվա հավաքի համար: Ինչպես պարզվեց, անվտագության ոլորտի մասնավոր սեկտորին ավելի շատ հուզում է ոչ թե երկարաձգումը, այլ արտոնագրման կարգը: Այս գործընթացը, ըստ օրենքի, պետք է իրականացնի ՀՀ ոստիկանությունը, որը նույնպես զբաղված է պահնորդական գործունեությամբ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր օբյեկտներերում: Ստեղծված իրավիճակը ոստիկանության, այսպես ասենք, մասնավոր մրցակիցները պատրաստվում են քննարկել խնդիրը Հանրային խորհրդում և Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում։
Ըստ պահնորդական գործունեություն իրականցնող և պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանի՝ այսօր ոլորտում զբաղված է շուրջ 10 հազար պահնորդ, որոնցից մինչ օրս արտոնագրվել է միայն 124 հոգի։ Պետրոսյանը ընդգծեց, որ պահնորդներն իրենց գործառույթներով տարբերվում են թիկնապահներից: Հենց վերջիններս են հանդիսանում ոլորտի օրենսդրության հիմնական թիրախը, սակայն մինչ օրս որակավորման ստուգում անցել է միայն 3 թիկնապահ, նշեց բանախոսը:
Օրենքով՝ մասնավոր պահնորդները դառնում են ոստիկանապետի ենթականեր, ինչը հարուցել է ընկերությունների զարմանքը: Փաստացի՝ պահնորդական ծառայության ոլորտը հանդիսանում է ցածր վարձատրվողներից, այդ իսկ պատճառով այստեղ առկա է կադրերի հոսք և ոչ բոլոր աշխատակիցներն են հասցնում ստանալ որակավորման արտոնագիր: Եթե արտերկրում ոլորտի աշխատավարձը սկսվում է 1500 դոլարից, ապա մեզ՝ 50 հազար դրամից։
«Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը իր հերթին նշեց, որ որակավորված պահնորդները և թիկնապահները խորքային ուսուցում են անցում։ Օրենքը կոշտ շրջանակների մեջ է դնում ընկերություններին, ինչի արդյունքում կարող է վերանալ մրցակցությունը, նշեց «Լեգիոն ԵՍէ» ընկերության տնօրեն Եղիշե Սիմոնյանը։ Որպես մասնավոր ընկերություններ՝ այս ոլորտի մասնակիցները նույնպես հարկատու են և աշխատում են երկրի համար, նշեց ԳՌԱՆԴ Ս ընկերոության տնօրեն Ռուբեն Սերոբյանը։