
լրացվել է ժամը 17։48- ին
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»- Գավառ
Հայաստանի կառավարությունն այսօր արտագնա նիստ է անցկացնում Գեղարքունիքի մարզում։ Բոլոր արտագնա նիստերից առաջ կառավարությունը սոցհետազոտություններ է պատվիրում՝ պարզելու, թե որ խնդիրներն են անհանգստացնում տվյալ մարզի բնակիչներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչներին անհանգստացնում են խմելու ջրի, մանկապարտեզների ու առղջապահական ծառայությունների անմատչելիությանը հարցերը։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշել է, որ մարզում 2 մլրդ դրամից ավելի ներդրում է կատարվել, հինգ ամբուլատորիա է մնացել, որոնք վերանորոգման կարիք ունեն: Ընդհանրապես՝ մարզի բժշկական կենտրոնները ողջ ծանրաբեռնվածութամբ չեն աշխատում: Մարզի միակ վերանորոգված ու վերազինված Գավառի բժշկական կենտրոնը 41 տոկոսով է ծանրաբեռնված, ասել է նախարարն՝ ընդգծելով, որ պատճառը ոչ արդյունավետ կառավարումն է: Կառավարության ղեկավարը նախարարին հանձնարարել է, բարձրացրած խնդիրների լուծման առաջարկներ ներկայացնել։
Կառավարության նիստն սկսվել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի՝ մարզում այս տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ: 2013 թվականի տնտեսական տարում նշանակալի ձեռքբերումներ են արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում, 2012 թվականին գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքը կազմել է 161 միլիարդ դրամ՝ 0,5 տոկոսով գերազանցելով 2011 թվականի ցուցանիշը։ Իսկ 2013 թվականին կարտոֆիլի համախառն արտադրությունը 2012 թվականի համեմատությամբ աճել է 6,6, հացահատիկինը՝ 3,3, բանջարեղենինը՝ 5,4 տոկոսով։ Մինչեւ տարեվերջ 3-5 տոկոս աճ է սպասվում նաեւ անասնապահական մթերքների՝ մսի, կաթի, բրդի, մեղրի արտադրութան ուղղությամբ։
Թեեւ անցած տարի Վարդենիսի տարածաշրջանում բռնկված սիբիրախտը մեծ ջանքերի գնով հնարավոր է եղել կանխել եւ զերծ մնալ համաճարակներից: Բնապահպանության ոլորտում գերակա ուղղություն է մնում Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի ջրային, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության ու վերարտադրության ապահովման խնդիրը: Մարզպետի հաշվետվությունից պարզ է դարձել, որ 2014թ մեկնարկելու է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատումը:




