
Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը, որի հանրային քննարկումները նոր են ավարտվել։ Փորձագետները փաստաթուղթն ուշացած են գնահատում ՝ հիշեցնելով, որ 2015 թվականից հետո կրթության ոլորտում զարգացման ռազմավարություն չունենք։ Նախագիծը սահմանում է ոլորտի հիմնական առաջնահերթությունները մինչև 2030 թվականը:
2015 թվականից հետո կրթության ոլորտում պետական ռազմավարություն չունենք, և դրա բացակայությունը մասնագիտական շրջանակներում մտահոգությունների առիթ էր դարձել։ Հնգամյա դադարից հետո հանրության դատին է ներկայացվել կրթության ոլորտի նոր ռազմավարությունը։ Նախագիծը սահմանում է մինչև 2030 թվականը ոլորտի հիմնական առաջնահերթությունները: Առաջին անգամ չէ, որ ոլորտն առանց ռազմավարական փաստաթղթի է գործում՝ հիշեցնում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ նկատելով, որ նման մեծ ընդմիջում ունեցել ենք նաեւ 2006-2010թթ․։ 5 տարի ծրագիրը մշակվում էր՝ ասում է.
«Մենք 5 տարի ծրագիր ենք ունենում, հետո 5 տարի մշակում ենք հաջորդ ծրագիրը։ Այսինքն՝ խախտել ենք օրենքը, որովհետեւ ծրագիր ունենալը նախ եւ առաջ օրենքի պահանջ է: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու է այսպես լինում, ինչու է ուշանում փաստաթղթի մշակումը»։
Ի վերջո՝ ինչու է այսքան ձգձգվել պետական ռազմավարության մշակումը։ Նախագիծը վերանայվել, փոփոխությունների է ենթարկվել պատերազմից և համավարակից հետո, դրանից հետո նորից ներկայացվել հանրային քննարկման՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
«Երեք ռազմավարական թիրախ ենք առանձնացրել․ առաջնայինը սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումն է, ինչը նշանակում է, որ ամբողջ տեսլալանը կառուցված է այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուրն ունի տաղանդ, որը պետք է բացահայտվի։ Մեր դերն այդ տաղանդի բացահայտման համար հնարավորությունների ստեղծումն է՝ անկախ իր տարիքից և բնակության վայրից»։
Ռազմավարության հիմքում կրթական համակարգի արդյունավետության բարձրացումն է, նաև հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանումն ու միջազգայնացումը.
«Խոսքը և մեր հանրապետությունում օտարերկրացիների համար գրավիչ կրթական միջավայրի ստեղծման մասին է, և հայկական տարբեր պրոդուկտների , օրինակ Թումոյի արտահանման կամ այլ երկրներում հայկական կրթական ծառայությունների ներկայացման»։
Ռազմավարությունը փաստաթուղթ է, որը նախևառաջ պետք է կյանքի կոչել՝ նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Մի բան է լավ փաստաթուղթ ունելը, մեկ այլ բան՝ դրանում ամրագրված դրույթներն իրականացնելը.
«Շատ կարեւոր է ներսի ինստիտուցիոնալ կարողությունը, որ այդ փաստաթուղթը տանի մինչեւ վերջ եւ իրականացնի։ Կա նաեւ հարցի մյուս կողմը` կարող է ընդունվել հրաշալի փաստաթուղթ, որն այդպես էլ չիրականացվի»։
Ծրագրի դրական կողմերից մեկն , ըստ փորձագետի, «ինքնաքննադատությունն» է։ Արժեքավոր շատ տվյալներ կան, որոնք նաև հուշում են համակարգի խոցելի կողմերը։ Սրան զուգահեռ, սակայն, պետք է նաև մշտադիտարկում իրականացնել և պարզել, թե որքանով է ռազմավարությունը ծառայել նպատակին.
«Այս ռազմավարությունը ընդունելուց առաջ նախարարույթունը չփորձեց հասկանալ, որ նախ պետք է նախորդ երկու ծրագրերի դասեր քաղել։ Այդ իմաստով այստեղ ինչ-որ մի բան պակաս է նորից։ Մի կողմից՝ արձանագրվում է իրավիճակ, բերվում են փաստեր, թե ինչ խնդիրներ ունենք ոլորտում, և ես գնահատում եմ նախարարության խիզախությունը։ Բայց հետո նախարարությունը միանգամից հռչակում է ռազմավարական երեք ուղղություններ՝ ներառականություն, արդյունավետություն, Հայաստանի կրթական պրոդուկտի արտահանում և միջազգայնացում։ Բավական հավակնոտ ռազմավարական ուղղություններ են այս տխուր իրավիճակում միանգամից հռչակվում, և բնականաբար հարց է առաջանում․ եթե դու ունես նման տխուր իրավիճակ, ինչպես ես նման հավակնոտ ռազմավարական ուղղություններ դնում»։
Ըստ ռազմավարական նոր ծրագրի ՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նախադպրոցական ծառայությունները, որոնցից ի վիճակի կլինի օգտվել յուրաքանչյուր ընտանիք: Սահմանվում է, որ դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական ծրագրերում, 3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսը ներառված լինի նախադպրոցական ծառայություններում, ինչպես նաև բոլոր խոշորացված համայնքներում գործեն մսուրի ծառայություններ:
Հանրակրթության ոլորտում ամրագրվում է, որ ոչ մի երեխա պետք է դուրս չմնա պարտադիր կրթության համակարգից: Խոսքը ոչ միայն ֆորմալ, այլև արդյունավետ ընդգրկվածության մասին է։ Բոլոր դպրոցները պետք է համալրված լինեն որակավորված, ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն։ Ինչպես նախնական, այնպես էլ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում որպես հիմնական թիրախ սահմանվում է աշխատանքի անցնելու ցուցանիշը․ ամրագրվում է, որ ուսումնարանն ու քոլեջն ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի պետք է անցնի շրջանավարտների առնվազն 90%-ը:
Նախագիծն առաջիկա շաբաթներին կներկայացվի կառավարության հաստատմանը, հետո կքննարկվի ԱԺ–ում։




