ԿարևորՀասարակություն

Մ6 միջպետական ճանապարհի Վանաձորի հատվածը կկահավորվի. վթարները կպակասեն

Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ և Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում հանրապետության 8 վթարավտանգ ճանապարհահատվածներ կբարեկարգվեն։ Դրանց թվում են նաև Լոռու մարզի Մ֊6 միջպետական ճանապարհի որոշ հատվածներ, որոնք անցնում են Վանաձորով։ Ընտրված հատվածները կկահավորվեն համապատասխան նշաններով՝ կանխելու վթարավտանգ իրավիճակները:

Վանաձորցի Արմեն Հովհաննիսյանը 15 տարի ղեկին է: Վերջին 4 տարում տաքսի է վարում: Քաղաքի բանուկ ու վթարավտանգ հատվածներն անգիր գիտի: Ասում է՝ 3-րդ մասի հայտնի «գարաժների» մոտ հաճախ են վթարներ լինում: Նրա կարծիքով՝ հիմնական մեղավորները վարորդներն են:

Արմեն Հովհաննիսյան.

«Գարաժից, օրինակ, ես էլ որ ուզում եմ դուրս գալ, խնդիր ա առաջանում։ Որ շրջադարձ կատարես կամ դուս գաս, լինիա, քանի որ էդ մասում երթևեկությունը շատ ա։ Ուզում ես դուրս գալ փողոց, իրոք, դժվար ա։ Եթե ինչ–որ բան ստեղծեն, սվետաֆոր դնեն, որ հերթով գնան, կամ ճանապարհը քոնը լինի, շատ լավ կլինի, որովհետև, իրոք, խնդիր ա։ Եթե գարաժից մեկն ուզում է դուրս գալ, պտտվել, ենթադրենք՝3-րդ մասի կողմից ա գալիս ու պետք ա մտնի գարաժ, ինքը էդտեղ կարա ահագին կանգնի ու խցանում առաջացնի: Շատ լավ կլնի, եթե կարողանան ինչ–որ ծրագիր անել»:

Լոռու մարզի դատախազությունն ուսումնասիրել ու պարզել է, որ 2021թ.-ին մարզի տարածքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 261 դեպք, 25-ը՝ մահվան ելքով: 371 քաղաքացի ստացել է մարմնական վնասվածք: Դեպքերը քարտեզագրվել են, պատճառներն ուսումնասիրվել: Առանձնացվել են այն բնակավայրերը, ուր չկան ճանապարհային նշաններ ու անհրաժեշտ կահավորանք:

Վանաձորի ավտովարորդների խմբի անդամներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասում է՝ քաղաքի շատ հատվածներ վտանգավոր են երթևեկի համար: Հիշատակում է «Գլորիա» ֆաբրիկայի մերձակա տարածքը, որտեղ աշխատակիցների անվտանգության նկատառումով, հետիոտնային անցումը պարտադիր է, բայց չկա: Նույն վտանգավոր վիճակն է նաև Վանաձորի թիվ 9 դպրոցի մոտ ու Տարոն 4 թաղամաս բարձրացող խաչմերուկում: Զրուցակիցս նշում է նաև 3-րդ մասի Նարեկացի փողոցը, որ Մ6 միջպետական ճանապարհի մի հատվածն է: Բավական  բանուկ փողոց է՝ ասում է: Անցումներ կան, բայց՝անհարմար տեղում:

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում Ճանապարհային դեպարտամենտը կազմել է վթարավտանգ ճանապարհահատվածների բարելավման նախագիծ։ Մ֊6 միջպետական ճանապարհի՝ Վանաձորով անցնող որոշ հատվածներ ևս ներառվել են ծրագրում,-ասում  է Միքայել Էլիբեկյանը՝ Ճանապարհային դեպարտամենտից: Ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համակարգող Ռուբեն Ավագյանը նախագիծն է ցույց տալիս ու պատմում ինչ են ծրագրել: Նախատեսում են Մ6 մայրուղու՝ Նարեկացի փողոցի գարաժներ տանող  շուրջ 600 մետրանոց հատվածը կահավորել սիզամարգով ու համապատասխան  նշաններով: Այդ հատվածն ընտրվել է՝ հաշվի առնելով ճանապարհային ոստիկանության վերջին 3 տարվա վիճակագրությունը. ամենաշատը հենց այդ հատվածում են վթարները գրանցվել.

Ռուբեն Ավագյան, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»–ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համակարգող.

«Իրենք գարաժից դուրս են գալիս, մի ուղղություն չկա՝ մուտք ու ելք անելու, ուղիղ դուրս են գալիս ծանրաբեռնված միջպետական ճանապարհ: Մեր խնդիրն է կանոնակարգել, որ միանգամից ճանապարհ դուրս չգան: Սիզամարգը դրա համար է: Սահմանված տեղով, որտեղ նշաններ կլինեն, գծանշում կլինի, մուտք ու ելքի: Սիզամարգ ենք անում՝ մինչև 1 մետրանոց, 2 կողմից բորդյուր, ճանապարհը չի նեղացվում, մի 70 սանտիմետր նեղանում է դեպի գարաժների կողմը, որովհետև ճանապարհի չափն իրավունք չունենք խախտելու: Նշանը կա՝ որտեղով դուրս գա, եկող ավտոներն էլ են տեսնում, որ մուտք կա, արագության արգելափակում՝ մինչև 50-40։ Այսինքն, կտեսնեն, որ ելք ու մուտք կա, իսկ հիմա ոչ մուտքի նշան կա, ոչ ելքի»:

ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները Վանաձորում հանրային լսումներ են անցկացրել, քննարկել նախագիծը, բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը՝ փորձելով նախագծում ներառել հանրային մտահոգությունները: Առաջիկայում, երբ ներկայացված նախագիծ-նախահաշիվը կլրամշակվի, կհայտարարվի նաև մրցույթ,- ասում է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը: Բուն աշխատանքները, հավանաբար, կմեկնարկեն մայիսից: Աբովյանը չի բացառում, որ ավտոտնակների տերերը կդժգոհեն, բայց վստահ է՝ առաջնայինն անվտանգությունն է։

Սուրեն Աբովյան, Վանաձորի գլխավոր ճարտարապետ.

«Ամեն դեպքում, անվտանգության խնդիրը կա: Հասկանում եմ, որ այդ հատվածում աշխատողները կարող են բողոքել, որովհետև եթե ինչ–որ հատվածում մուտքը սահմանափակվում է, ինչ–որ մուտք ու ելքեր պիտի նախատեսեն։ Բայց դե մի օր պիտի լիներ, որովհետև միջպետական ճանապարհ է, դեռ ամբողջ հզորությամբ չի գործում։ Որ կառուցվի, դառնալու է այսօրվա երթևեկությունից մի 3 անգամ ավելի ինտենսիվ ու, պատկերացնում եք՝ այդտեղ օրը քանի վթար կարող է լինել, եթե մենք ինչ–որ լուծում չտանք»:

Ճանապարհային ոստիկանությունից «Ռադիոլուր»-ը տեղեկացավ, որ վերջին 1 տարում Վանաձորում գրանցվել են 657 նյութական և 92 մարմնական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Մահացել է 4 քաղաքացի, 33–ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Պատահարների մեծ մասը գրանցվել են Վանաձորի Նարեկացի փողոցում: Մահվան ելքով դեպքերը՝ փողոցի բնակելի շենքերի, նյութական և մարմնական վնասներով պատահարները՝ գարաժների հատվածում: Նշյալ հատվածում արձանագրված 19  ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 1 քաղաքացի, 15-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Պատահարների հիմնական պատճառը մարդկային գործոնն է՝ մերձակա տարածքներից գլխավոր ճանապարհ դուրս գալը, առավելություն ունեցող  տրանսպորտային միջոցներին ճանապարհը չզիջելը, հետիոտների՝ ճանապարհը չթույլատրված վայրով անցնելն ու նշված հատվածում որոշ նշանների բացակայությունը:

Կարդացեք նաև

Back to top button