ԿարևորՀասարակություն

Տաք ձմեռ, մատչելի վառելիք. գաղափարը դպրոցականներինն է 

Գեղարքունիքի մարզի երկու համայքների՝ Կալավանի և Անտառամեջի դպրոցներում այս ձմեռն ավելի տաք էր, իսկ վառելիքը՝ ավելի մատչելի։ Դպրոցները տաքացրել էր ոչ այնքան  այլընտրանքային վառելիքը,  որքան գաղափարի հեղինակները։

Դպրոցի համար տաք ձմեռն ապահովել են 8-9-րդ դասարանի աշակերտները՝  իրենց նախաձեռնությամբ՝ «Տաք ձմեռ» նախագծով։ Թե ինչպես են կարողացել իրենց հայտնագործության շնորհիվ ջեռուցել մի ամբողջ դպրոց Գեղարքունիքի մարզում, «Ռադիոլուր»-ին պատմել է Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արթուր Ամիրխանյանը։

«Մենք ներկայացրել ենք «Տաք դպրոց» ծրագիրը։ Հաշվի ենք առել այնպիսի վառելանյութեր, որոնք տվյալ տեղանքի համար  մատչելի կլինեն։ Պատրաստել ենք բրիկետներ։ Բաղադրության մեջ մտել է ծղոտ, թեփ, մակուլատուրա։ Մենք ընտրել ենք այդպիսի պարագաներ, քանի որ բարձր լեռնային գոտում է գտնվում, ծղոտի պակաս չկա։ Վերջնական նպատակը՝ ստացել ենք վառելանյութ, որը կկանխի անտառահատումները, բնության աղտոտումը»։

Նախագծի համահեղինակ՝ Ջրահովիտի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ  Թամարա Ասատրյանի հետ դպրոցները ջեռուցելու այլընտրանքային տարբերակի մասին մտածեցին հեռավար ուսուցման ժամանակ։ Այդ օրերին ուսուցիչները, Գեղարքունիքի դպրոցներում հեռավար դասավանդելիս նկատել են, որ էկրանից այն կողմ երեխաները մրսում են։ Ջրահովիտի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Սիլվա Գրիգորյան․

«Մենք երկու ուսուցիչներ ենք։ Ես և Վանաձորի թիվ 21 դպրոցի կենսաբանության ուսուցչուհին՝ Նելլի ստեփանյանը։  Մենք երկուսով տեսակապով հասկանում էինք, որ, իրոք, ցուրտ է դասասենյակում, երեխաները մրսում էին։ Երկու դպրոցներում էլ խնդիրները նույնն էին։ Մենք էլ  մեր աշակերտների հետ փորձեցինք օգտակար լինել՝ ներգրավելով նրանց այս ծրագրի մեջ։ Նպատակը՝ տաքացնել դասասենյակը»։

Չայրել փայտն ու պակասեցնել ծառահատումները, վառելիքին տրվող գումարն ուղղել դպրոցի այլ կարիքներին, իսկ վառելիքն արտադրել հենց գյուղերում։ Նախագիծը ներկայացրին, բայց պարզվեց, որ եղած վառարանները նոր վառելանյութի համար այնքան էլ հարմար չեն, պատմում է 8-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Ասատրյանը․

«Սկզբում վառել են փայտից վառարաններում։ Տեսնելով, որ տարբերությունը շատ չնչին է, նոր գաղափար առաջ եկավ՝ վառարանները»։

Մեր ստեղծած վառելանյութը կարող են օգտագործել սովորական վառարաններում, որոնք վառում են փայտ։ Բայց մեր երկրորդ պլանում կար մեր ստեղծած վառարանը, որի ՕԳԳ-ն ավելի բարձր է։ Մեր ստեղծած վառելիքը մեծ քանակությամբ մոխիր է առաջացնում, ինչը արագ դատարկելու համար ժամանակ է պետք։ Որպեսզի երեխաները չշեղվեն դասից, մեր վառարանի մեջ մի հատված կա, որտեղ մոխիրը լցվում է այրման ժամանակ, և այն կարելի է դատարկել օրվա վերջում»։

Դպրոցահասակների գաղափարը ոչ միայն ավելի արդյունավետ է, այլև մատչելի։ Տարբերությունը համեմատելի չէ․ 

«Տարվա մեջ 120 օր այնտեղ ցրտաշունչ ձմեռ է։ Սովորական դպրոցը 10 դասարանով տարեկան վառում է մինչև 4 մլն դրամ, իսկ մեր մտածած ծրագրով  մինչև 165 հազար դրանով կարելի է դպրոցը տաքացնել»։

Իսկապե՞ս այդքան արդյունավետ է դպրոցականների նախաձեռնությունը․ փորձեցինք պարզել հենց  Կալավանի դպրոցում,  որտեղ էլ իրականացվել է նախագիծը։ Դպրոցի տնօրեն Զվարթ Քեշիշյանը հավաստիացրեց՝ այլընտանքային վառելիքն, իրոք, ավելի արդյունավետ է, իսկ օգտագործվող վառելանյութի պակաս իրենց տարածաշրջանը չունի․

«Վառելափայտի մնացորդը, յուղ, տերևներ, նույնիսկ բուսական մնացորդներ և այլն։ Դրանք հավաքեցինք, փորձարկեցինք, բրիկետ պատրաստեցինք և տեսանք, որ ընդլայնվելու դեպքում տաք ձմեռը կապահովվի։ Բավականին արդյունավետ ջերմություն ունեցանք, էկոլոգիապես ավելի մաքուր, քան դիզվառելիքը»։

Այլընտրանքային վառելիքի օգտագործումը արդարացված է։ Դպրոցները եկող ձմեռ հենց դրանով կտաքացնեն։ Աշակերտների մշակած տեխնոլոգիան ավելի մատչելի է ու ավելի ջերմ ձմեռ է խոստանում։

Կարդացեք նաև

Back to top button