
44-օրյա պատերազմից հետո Բրյուսելում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում են արդեն երկրորդ անգամ՝ ավելի լարված տրամադրությամբ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի է կոշտացրել իր հռետորաբանությունը, իսկ այդ երկրի զինված ուժերը պարբերաբար խախտում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությա դրույթներն ու դիրքեր չխախտելու պայմանավորվածությունները։ Միայն վերջին օրերին ադրբեջանական զինուժի ներխուժման հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել, մեկ տասնյակից ավելի՝ վիրավորվել։ Տարհանվել են Ասկերանի շրջանի մի շարք գյուղերի կանայք և երեխաները։
Ըստ բրյուսելյան հանդիպման հաստատված օրակարգի՝ Փաշինյանն ու Ալիևը նախ առանձնազրույց կունենան Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, հետո արդեն նախատեսված է եռակողմ զրույցը։
Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հանդիպման նպատակով Հայաստանի վարչապետը միայնակ չի մեկնել Բրյուսել։ Ուղեկցում են անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Երկօրյա աշխատանքային այցը մեկնարկել է ապրիլի 5-ից։
Նույն պահից էլ Բրյուսել քաղաքական ավելի լարված ազդակներ են ուղարկվում թե Հայաստանից, թե Արցախից։ Հանդիպման նախօրեին Արցախի Հանրապետության ԱԺ-ն ընդունեց հայտարարություն՝ վերահաստատելով Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը 1988-ին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող ազգային-ազատագրական պայքարի տեսլականը:
«Ներկա պայմաններում ՀՀ-ի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտավորության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար: Հայոց պետականության լինելության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»:
Բրյուսելից առաջ Երևանում հանդիպումներ են եղել Հայաստանի և Արցախի պաշտոնյաների միջև։ Հանդիպման փակագծերը Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պատրաստ է բացել միայն խորհրդարանական գործընկերների հետ, բայց փակ քննարկման ժամանակ։
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կրկին Բրյուսելից առաջ հանրահավաքով սահմանեց Արցախի հարցում իր մոտեցումների 8 կետը։ Ըստ ընդդիմության՝ խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է նախ վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ ամրագրված դիրքերից։ Ընդդիմությունն իշխանությունից պահանջում է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց, չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի առանց սահմանափակումների կիրառումը:
Հավաքի կազմակերպիչները պահանջեցին հաստատել, որ Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորն է, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ:

Այն պահին, երբ Հայաստանի վարչապետն արդեն Բրյուսելում էր, կառավարության շենքի մոտ էին արտախորհրդարանական ընդդիմության անդամները։ «5165 շարժման» համահիմնադիր Մենուա Սողոմոնյանի ներկայացմամբ՝ Հայաստանի իշխանություններից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը․
«Մենք ուզում ենք ուղերձ հղել դեպի Բրյուսել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրավատերն Արցախի ժողովուրդն է, և ոչ ոք մանդատ չունի Արցախի ժողովրդի անունից ստորագրել որևէ փաստաթուղթ կամ անել որևէ հայտարարություն, որն այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղղակի ձևով կկանխորոշի Արցախի մաս լինելն Ադրբեջանին։ Երկրորդ՝ պահանջում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից, որպես Արցախի հարցի կարգավորման գործընթացի երաշխավորներ, հավատարիմ մնալ ձևաչափի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորություններին և Ադրբեջանին բերել կարգավորման դաշտ»։
Այն, որ նման փորձեր արվում են, վերլուծական շրջանակներում արդեն նկատում են։ Խորհուրդ են տալիս են համեմատել բրյուսելյան հանդիպումից առաջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցի բովանդակությունը։ Վերլուծաբանները նախազգուշացում են նկատել այդ հեռախոսազրույցներում։ Մասնավորապես, պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրությունները Փաշինյանի ու Ալիեւի հետ զրույցների վերաբերյալ գրեթե նույնական են, բայց կան նաև տարբերություններ։
Փաշինյանի հետ զրույցի տեքստում կա ձևակերպում․ «Պետքարտուղարն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ»։ Մինչդեռ Ալիևի հետ զրույցի տեքստի այդ հատվածում կա զսպվածության կոչ, լարվածության թուլացման և վերադարձի դիվանագիտական ճանապարհով խնդիրների կարգավորմանը։ Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ն անհանգստություն էր հայտնել Արցախում «ադրբեջանական զորքերի տեղաշարժով»։
Բրյուսելից առաջ կարծիք է հայտնել նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը․ ռուսական կողմը շահագրգռված է, որ կարգավորման պայմանավորվածություններ ձեռք բերվեն:
Մինչդեռ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ հավանական է համարում, որ բրյուսելյան հանդիպումը կավարտվի հստակ փաստաթղթով։
«Օդում, իհարկե, կախված են այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»։

Բրյուսելից առաջ ընդդիմության հանրահավաքը տարբեր կերպ են գնահատում իշխանական պատգամավորները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համարում է, որ ընդդիմությունը Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հակապետական գործունեություն է իրականացնում, նույն խմբակցությունից Գևորգ Պապոյանը համոզված է՝ բարդ ու դժվարին բանակցություններից առաջ կազմակերպված հանրահավաքը թուլացնում է Հայաստանի դիրքերը՝ ընդդիմության նպատակներում ընդգծելով ներքաղաքական խնդիրները։ Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը չի կարծում, որ ընդդիմադիրների հանրահավաքը որևէ բեկումնային իրադարձություն էր Հայաստանի ներքաղաքական կյանքում։
«Ներքաղաքական բանավեճի հիմնական ասելիքը պետք է լինի, թե ինչպես կարգավորենք, ոչ թե՝ ինչպես չկարգավորենք»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են մոտ մեկ ամիս առաջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպումը հեռավար էր։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` կողմերը շարունակել էին դեկտեմբերին Բրյուսելում սկսված երկխոսությունը հաղորդակցության ուղիների և հումանիտար համագործակցության շուրջ։ Այդ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը վերադարձրել էր 8 հայ գերու։
Ձեռք էր բերվել նաև պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման մասին։ Երկրորդ հանդիպումից առաջ վերլուծաբանները կանխատեսում են, որ ուշադրությունը կսևեռվի ապաշրջափակման հարցերի վրա։




