
Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա առաջին եռամսյակում 7․4 տոկոս գնաճ են արձանագրել վիճակագիրները։ Տեղական ու միջազգային փորձագիտական դաշտում ընդգծում են՝ կյանքը թանկացել է ամբողջ աշխարհում, քանի որ համավարակին ու սահմանափակումներին ավելացել են նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խնդիրները։
Հացամաթերք, կաթնամթերք, մսամթերք ու բանջարեղեն, շաքարավազ ու սուրճ․ ըստ պաշտոնական վիճակագրության՝ չկա առաջին անհրաժեշտության որևէ ապրանք, որը այս տարվա առաջին եռամսյակում թանկացած չլինի։ Պաշտոնական պարզաբանում կա․ գնաճը միայն Հայաստանին բնորոշ երևույթ չէ, կյանքն ամբողջ աշխարհում է թանկացել։ Եվ մենք էլ բացառություն չենք, ու օրեցօր արագացող գնաճի առաջին ազդեցությունը կրողները հենց շարքային սպառողներն են․
«Ամեն ինչն էլ թանկացել է՝ շաքարավազ, ձեթ, յուղ, կարագ։ Չեմ հաշվարկել, թե ինչքան է իմ ծախսն ավելացել։ Այն, ինչ Հայաստանում է արտադրվում, դրանք էլ են թանկացել։ Իհարկե, կյանքն ավելի է դժվարացել։ Բայց պատերազմից հետո է, այդպես էլ պետք է լիներ»։
Առաջին եռամսյակում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը 7․4 տոկոս է կազմել, փետրվարի համեմատ կյանքը Հայաստանում մոտ 2 տոկոսով թանկացել է։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում գնաճը պայմանավորել է համավակարով ու սահմանափակումներով, նաև ռուս-ուկրաինական պատերազմով․
«Հատկապես զարգացող ու ԵԱՏՄ երկրներում են բնակիչներն անմիջապես իրենց վրա զգում գնաճի ազդեցությունը։ Համավարակով պայմանավորված՝ գնաճի ֆոնը պահպանվում է։ Չպետք է նաև մոռանանք, որ ՌԴ-ն, Ուկրաինան ու Բելառուսը գյուղմթերք, հումք ու բնական ռեսուրսներ արտահանող երկրներ են, ուստի, ռուս-ուկրաինական պատերազմն ու պատժամիջոցները ազդում են, սահմանափակվում են միջոցները, ու դա ազդեցություն է թողնում ամբողջ համաշխարհային տնտեսության վրա»։
Հայաստանում գների աճը ԿԲ-ի թիրախավորած՝ 4+-1․5 տոկոսից, իհարկե, բարձր է , բայց՝ օբյեկտիվ պատճառներով՝ պարզաբանում է մասնագետը։ Մեկ տարում՝ 2022-ի մարտին, 2021-ի համեմատ, Հայաստանում բանջարեղենը թանկացել է ավելի քան 40 տոկոսով, մեկ ամսում՝ 2․4 տոկոսով։ Հատկանշական է, որ եթե մեկ տարում մրգի գինը նվազել էր մոտ 4 տոկոսով, այս տարվա առաջին եռամսյակում այս ապրանքային խմբում էլ արդեն 3 տոկոս գնաճ են արձանագրել վիճակագիրները։ Թանկացել է նաև շաքարավազը, թռնչամիսն ու ոչ միայն։ Մեկ տարվա՝ 2021-ի ընթացքում շաքարն ու շաքարավազը թանկացել են ավելի քան 20 տոկոսով, իսկ այս ընթացքում՝ 24 տոկոսով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում գների մոնիթորինգ են իրականացրել։

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան․ «ՀՀ-ում այս տարի շաքարավազ չի արտադրվել, քանի որ հումքի ներմուծման խնդիրներ կային։ Մենք անցյալ տարի թույլ տվեցինք քվոտավորված շաքար ներկրել, արդյունքում գինն իջավ։ Բայց դա էլ անսահմանափակ չէ ԵԱՏՄ-ում։ Նորից այս տարի քվոտա ենք վերցրել, որ կարողանանք ներմուծել։ Հիմնական երկիրը, որտեղից ներմուծում ենք, ՌԴ -ն է, իրենք էլ շաքարավազի խնդիր ունեն»։
Հավի մսի շուկայում խնդիրները նույնն են։ Այստեղ7․5 տոկոս գնաճ է արձանագրվել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ այս շուկայում 2021-ին անգամ քվոտաների կիրառումը չօգնեց։ Հայաստանը թռչնամիս հիմնականում ներմուծում է Ուկրաինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից։ Անցյալ տարի ներմուծման ծավալները էապես կրճատվել են, իսկ ԵԱՏՄ երկրներում թռչնամսի գինը նվազել է։ Հանձնաժողովում համոզված են, որ տեղական թռչնամիսը մրցում է ներմուծվողի հետ․
«Գները գրեթե հավասարվել են, ավելին՝ տեղականը թարմ է: Սպառողների տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար է օգտագործել տեղական թարմ թռչնամիսը, քան սառեցվածը»:
Փորձագիտական դաշտում կարծում են, որ այս փուլում պետք է մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը՝ պարենի խնդիրները նվազեցնելու համար։ Հատկապես որ ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության փորձագետները նույնպես պարենի գների աճ են արձանագրել։ Այս պահի թիվ մեկ անելիքը գնաճը զսպելն է՝ Կենտրոնական բանկի մոտեցումն է։ Իսկ Համաշխարհային բանկն արձանագրում է՝ աշխարհում սկիզբ առած այս գնաճը վերջին 11 տարում ամենաբարձրն է։ Հակազդելու մեխանիզմներ կան՝ աշխարհում Կենտրոնական բանկերի 40%-ը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքները։
Հայաստանի ԿԲ-ն էլ արդեն մեկ տարի՝ պարբերաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այժմ այն 9․25 է տոկոս է։ ԿԲ-ում կարծում են, որ եթե 2020թվականի դեկտեմբերից տոկոսադրույքի փոփոխմամբ չարձագանքեին գնաճի սպասվող աճին, 2021-ին այն ավելի արագ տեմպերով կբարձրանար։ Այս կարծիքը կիսում են նաև փորձագետները՝ շեշտելով՝ Հայաստանում գնաճի հիմնական մասը ներմուծված գնաճն է։ Ուստի, տնտեսական ռիսկերից ու շոկերից խուսափելու լավագույն տարբերակ են համարում տտեսության դիվերսիֆիկացումն ու հատկապես գյուղատնտեսության իրական զարգացումը։




