ԿարևորՔաղաքական

Հանրահավաքի մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ․ ընդդիմության ակցիաները լինելու են շարունակական

Խորհրդարանական ընդդիմությունը վերսկսում է պայքարը փողոցում։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տևական դադարից հետո այսօր նորից հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում՝ «Հանուն Արցախի, փրկենք Հայաստանը» խորագրով։

Ինչպես նախապես հայտարարվել էր, Ազատության հրապարակում է եղել հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչև հանրահավաքի սկսելը նա պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի։ Խոսելով վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ նախագահն ասել է, որ չի կարծում, թե վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի։  

Անդրադարձել է նաև քննադատությանը, թե իրենք չկարողացան 30 տարում լուծել Ղարաբաղի հարցը։ Սերժ Սարգսյանն ասել է․

«Այսպիսի կոնֆլիկտները հեշտ չէ լուծել նույնիսկ 30-40-50 տարում։ Ինչքան կարողացել ենք, այդ լուծումը մոտեցրել ենք։ Ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել։ Ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ։ Եվ դրանից ելնելով՝ այո՛, մենք էլ ինչ- որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»։  

Հանրահավաքում ելույթ են ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Վարդևանյանը, «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը։ Վերջինն ասել է, որ մի քանի օր առաջ է վերադարձել Արցախից և տեսել է, որ արցախցին այսօր պայքարում է․     

«Արցախցու տեսակը կոտրվել չունի։ Արցախցին ունի կամք, ցանկություն, նպատակ և հասնելու է իր նպատակին։ Արցախցին շատ բան չի ուզում, արցախցին ուզում է, որ իրեն թիկունք կանգնեն, իրեն սատարեն։ Չունենք այլ ելք»։

Հանրապետության երկրորդ նախագահը հանրահավաքին չի մասնակցել։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ նա առողջական խնդիրներ ունի։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ  ներկայացրել է եզրափակիչ բանաձև, որով պետք է առաջնորդվի Հայաստանը, թվարկել է պահանջներ, որոնք պետք է ներկայացնել Ադրբեջանին՝ գերիների ու պատանդների վերադարձ, ադրբեջանական զինուժի դուրս բերում Հայաստանի տարածքից և Արցախից՝ 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ։ Նա ասել է, որ բացառվում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

«Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով. 
— հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով, 
— բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, 
— բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը»,–ամրագրված է բանաձևում։

Ելույթ է ունեցել նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա ասել է, որ Արցախի Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն այն մասին, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար, և Հայաստանի լինելիության հարցը կախված է Հայաստանից։

Հանրահավաքի ավարտին մասնակիցները շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ 1 ժամով փակելու են հրապարակի մուտքերը։

Back to top button