
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ապրիլի 6-ին, Բրյուսելում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են մոտ մեկ ամիս առաջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպումը հեռավար էր։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` կողմերը շարունակել էին դեկտեմբերին Բրյուսելում սկսված երկխոսությունը հաղորդակցության ուղիների և հումանիտար համագործակցության շուրջ։ Այդ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը վերադարձրել էր 8 հայ գերիների։ Ձեռք էր բերվել նաև պայմանավորվածություն՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման մասին։
Վաղվա հանդիպումից առաջ Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ սեղանին կարող է հայտնվել ոչ հայանպաստ հերթական փաստաթուղթը, քաղաքագիտական շրջանակները այլ սպասումներ ունեն։
Փաշինյան–Ալիև բրյուսելյան հանդիպումը ակտիվացրեց հայաստանյան ընդդիմադիրներին։ Նրանք հանրահավաք են անցկացնում՝ մտավախությամբ, որ Բրյուսելում Հայաստանին կպարտադրվի ինչ–որ նոր զիջումային առաջարկ կամ փաստաթուղթ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ դրա հավանականությունը մեծ չէ․
«Գուցե լինի առաջարկ, աշխատանքային օրակարգ, որը կվերաբերի քննարկումների կամ առաջ շարժվելու որոշակի սկզբունքների։ Սա չեմ բացառում, բայց որ լինի կարգավորման որևէ տրամաբանությամբ, որևէ միջանկյալ հանգրվանային փաստաթուղթ, ես սա գործնականում համարում եմ քիչ հավանական։ Առնվազն կա հետևյալ հանգամանքը․ բավական իրարամերժ են կողմերի դիրքորոշումները և, բացի դրանից, անկասկած է, որ ընդհանուր մոտեցումներ ձևակերպված չեն միջնորդ սուբյեկտների միջև»։
Քաղաքական մեկնաբանը հստակեցնում է՝ խոսում է ԵԱՀԿ ՄԽ–ի եռյակի մասին և, որպես առանցքային դերակատար՝ Ռուսաստանի՝ հաշվի առնելով նրա ռազմական ներկայությունը Արցախում։ Կա նաև ԵՄ-ի և Թուրքիայի գործոնը։ Ահա այստեղ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից Արսեն Խառատյանը առաջարկում է փոխել միջնորդ սուբյեկտների ձևաչափը։ Ըստ Խառատյանի՝ Բրյուսելում կարելի է շրջանառել Եվրամիության մոնիտորինգային առաքելության՝ Արցախում ներգրավվելու հնարավորությունը։ Առաջարկը հիմնված է Վրաստանի փորձի վրա, որտեղ, հարավօսական կոնֆլիկտից հետո, կառույցը գործում է արդեն 14 տարի։
«Ես հասկանում եմ նրբությունները։ Ես հասկանում եմ նաև գործող ձևաչափերից դուրս չգալու, նույնիսկ մեր փորձագիտական տիրույթում ԵԱՀԿ ՄԽ–ն «կաթիլայինով» պահելու փորձերը։ Բայց պետք է անկեղծ լինենք նոր իրողությունների հետ։ ԵՄ նախագահը, Բելգիայի նախկին վարչապետը, կարծես թե, իսկապես ուզում է քաղաքական կապիտալ ներդնել այս գործընթացի մեջ։ Եթե ԵՄ շրջանակները դառնում են նոր «կոմֆորտային գոտի» Ադրբեջանի համար մեր հետ խոսելու, ապա իրենք, պետք է որ, դեմ չլինեն ԵՄ մոտիտորինգային առաքելությունը Ղարաբաղում տեսնելուն։ Գուցե բանակցային գործընթացում ներառել նաև սա»։
ԵՄ ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարելի է դիտարկել առնվազն 2021 թվականի ամռանից։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ ակնհայտ է, որ կառույցը միայնակ չի գործում․ Ռուսաստանի հետ համագործակցություն, շփումներ, համաձայնություններ և անհամաձայնություններ է տեսնում։
«ԵՄ մոտիվացիան, իհարկել, դերակատար լինելն է, որովհետև Կովկասը անմիջապես Եվրոպա չէ, բայց եվրոպական անվտանգության համակարգի ամենազգայուն կետերից մեկն է։ Իհարկե, բացարձակ համեմատելի չէ այն նշանակության հետ, որ ունի Ուկրաինան և որտեղ, մենք տեսնում ենք, այսօր թեժ զարգացումներ են ծավալվում։ Այդուհանդերձ, ԵՄ-ի համար զգայուն կետ է, և այստեղ, բնականաբար, Բրյուսելը և եվրոպայի առանցքային դերակատարներ՝ Փարիզը և Բեռլինը փորձում են որոշակի քաղաքական ակտիվություն ցուցաբերել՝ առավելագույնս մասնակցելով իրավիճակի կառավարմանը։ Ի՞նչ կստացվի՝ սա, իհարկե, այլ հարց է»։
Պատերազմից հետո Բրյուսելի հովանու ներքո սպասվող հանդիպումը արդեն երկրորդն է Փաշինյանի ու Ալիևի համար։ Ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի՝ այս անգամ շեշտը դրվելու է ապաշրջափակման գործընթացի վրա․
«Այդ մասին մամուլում էլ արտահոսք եղավ։ Գիտենք, որ ԵՄ–ն վերջին 6 ամսվա ընթացքում՝ ամռանից, ակտիվորեն ներգրավվել է հայ–ադրբեջանական համատեքստում և հենց ոչ քաղաքական հարցերի միջնորդությամբ է զբաղվում։ Գիտենք նաև, որ Շարլ Միշելի միջնորդությամբ նախորդ հանդիպմանը Բրյուսելում 2021–ի դեկտեմբերին, կարծես թե, որոշակի համաձայնության են եկել երկաթգծի վերագործարկման խնդիրների շուրջ։ Առվազն Շարլ Միշելի հայտարարության մեջ այդպիսի շեշտադրումներ կային։ Ակնհայտ է, որ վերջին սրացումը սահմանին, ինչպես նաև «խաղաղության պայմանագրի» թեման ևս չեն կարող դուրս մնալ կողմերի ուշադրությունից»։
Մտահոգություններ, որ հանդիպմանը կարող են լինել ոչ հայանպաստ զարգացումներ, ընդդիմությունը հայտնեց դեռ երկու շաբաթ առաջ՝ մինչև Բրյուսելում Փաշինյան–Ալիև հանդիպման մասին պաշտոնական հաստատումը։ «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը առաջինը խոսեց ենթադրյալ նոր փաստաթղթի մասին։
«Այն քաղաքականությունը, որը վարում է այսօր Ադրբեջանը, ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ, հավանաբար, ինչ–որ փաստաթղթի մասին է խոսվում, որը կա սեղանին, և որը ստիպում են հայկական կողմին ստորագրել։ Ադրբեջանի ամբողջ տրամաբանությունը ներառված է այդ 5 կետերի մեջ, հետևաբար, որևէ փաստաթուղթ էլ պետք է բխի այդ 5 կետերից՝ Ադրբեջանի պատկերացումներով։ Հայկական կողմը ինչ պատկերացումներ ունի՝ շատ դժվար է ասել»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի դիրքորոշումը որոշակիորեն հստակեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում․
«Տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններում շեշտը դրվում է հենց անվտանգության խնդիրների վրա։ «Կարմիր թելով» գնում է էթնիկ զտման թեման։ Եվ այս պարագայում, որպեսզի որևէ առաջընթաց լինի այս գործընթացում, կողմերից մեկը պետք է հետընթաց կատարի իր դիրքորոշումից»։
Այստեղ է, ըստ քաղաքագետի իրական վտանգը։ Անհրաժեշտ է, որ կողմերը ճիշտ ընկալեն ազդակները, այլապես կա նոր էսկալացիայի վտանգ,- կարծում է Տիգրան Գրիգորյանը։
Նախօրեին ուշագրավ հաղորդագրություն ստացվեց Ադրբեջանից։ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը Բաքվին է փոխանցել առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած 100 ադրբեջանցիների մասունքները։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով` նրանցից 60-ի մասունքները արդեն նույնականացվել են։ Այս հարցը ադրբեջանական «պահանջների» մաս է կազմում։ Ադրբեջանի տվյալներով՝ ղարաբաղյան առաջին պատերազմում 4 հազար անհետ կորածի ճակատագիր դեռ պետք է պարզվի։
Բրյուսելյան հանդիպման նախօրեին նաև Հայաստանից է հայտարարություն հնչել։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կոչ է արել ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, ավելացնել ջանքերը՝ միտված անհետ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն։




