
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հետնաբեմում եմ․ «Հույսի կամուրջ» մանկապատանեկան թատերախմբի փոքրիկ դերասանները պատրաստվում են բեմ դուրս գալ։ Ամենահամարձակները՝ Քրիստինեն ու Արփին, չեն մերժում հարցազրույցի խնդրանքս:
Հետնաբեմում երեխաների հետ է բեմադրիչ-ռեժիսոր Լևոն Իվանյանը․ արդեն 25 տարի՝ նա ներկայացումներ է բեմադրում «Հույսի կամուրջ» մանկապատանեկան ներառական թատերախմբում։ Շեքսպիր, Սերվանտես, Մոլիեր, Գոգոլ, Թումանյան, Դեմիրճյան․ «ծանրակշիռ խաղացանկ»՝ այսպես է բնորոշում Լևոն Իվանյանը թատերախմբի խաղացանկը։ Ընտրությունը կատարում են դասական դրամատուրգիայից՝ հաշվի առնելով գործի ուսուցողական և ճանաչողական արժեքը․

«Բեմադրությունների շնորհիվ երեխաները կարողանում են մտապատկերի, շփման խնդիրներ լուծել։ Պիեսը խաղալուց, խաղընկերոջ հետ ակտիվ շփվելուց հետո նրանք կյանքում ավելի հեշտ են հաղորդակցվում։ Այսպիսի երեխաները, սովորաբար, բարձր կամային հատկանիշներով են օժտված, և պիեսը թույլ է տալիս ինչ-որ բան հաղթահարելու, հաղթանակի զգացողություն ունենալ»,-ասում է Լևոն Իվանյանը։
«Հույսի կամուրջ» մանկապատանեկան ներառական թատերախումբը ստեղծվել է 1997 թվականին։ Թատերախմբի ղեկավար Հասմիկ Խաչերյանն ասում է՝ պատահել է տարվա ընթացքում երկու ներկայացում են խաղացել։ Ոչ մի բեմադրություն չեն ունեցել միայն անցյալ տարի՝ համավարակի պատճառով։ Մեկ տարի ընդմիջումից հետո երեխաները բեմում են՝ Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ն են խաղում։

«Ամեն անգամ նոր ներկայացման մեջ ներգրավում ենք նոր երեխաների, որոնք բեմ են բարձրանում դժվարությունները հաղթահարելով։ Այսպիսի բեմադրությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն երեխաների, այլև հանդիսատեսի համար»,-ասում է Հասմիկ Խաչերյանը։
Ներկայացմանը ներկա էր դանիական «Առաքելություն Արևելք» կազմակերպության տնօրեն Բետինա Կոլանդեր Ջենսոնը։ Կազմակերպությունը ավելի քան 20 տարի աջակցում է «Հույսի կամուրջ»-ին և համագործակցում Հայաստանի կառավարության հետ։ Բետինա Կոլանդեր Ջենսոնը «Ռադիոլուր»-ի հետ կիսում է տպավորությունները։ Ասում է՝ ուրախ է, որովհետև տեսնում է, որ հասարակությունը պատրաստ է աջակցել կրթական հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նպաստել նրանց ներգրավմանը սոցիալական կյանք․

«Այս ներկայացումները թույլ են տալիս մեկ բեմում տեսնել տարբեր հմտություններ, կրթական կարիքներ ունեցող կամ չունեցող երեխաների, որոնք միասին աշխատում են, համագործակցում։ Այլ կերպ ասած՝ միասին ապագա են կառուցում»,-ասում է Բետինա Կոլանդեր Ջենսոնը։
Ներկայացումը բեմադրվել է Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում: Նախաձեռնությունը «Հույսի կամուրջ», «Վորլդ Վիժն Հայաստան» և «Հայ օգնության ֆոնդ» կազմակերպություններինն է։




