
Բրյուս Ուիլիսը թողնում է դերասանական կարիերան։ Նրա մոտ ախտորոշվել է աֆազիա․ հիվանդությունը խանգարում է խոսելու և գրելու կարողությանը, հայտնում է BBC-ն։
Դերասանի կինը՝ Էմմա Հեմինգ-Ուիլիսը, ինչպես նաև նախկին կինը՝ Դեմի Մուրը, չորեքշաբթի օրը Instagram-ում հայտնել են նրա վիճակի մասին։
Աֆազիան «ազդում է նրա ճանաչողական կարողությունների վրա», ասվում է հայտարարության մեջ:
67-ամյա Ուիլիսին մեծ ճանաչում է բերել «Քրեական ընթերցվածք», «Մեղքերի քաղաքը», «12 կապիկներ», «Արմագեդդոն», «Պինդ ընկույզ», «Շնագայլը», «Հինգերորդ տարրը» և «Վեցերորդ զգայարան» ֆիլմերը։
Ուիլիսը երկու անգամ ստացել է Էմմի մրցանակ, մեկ անգամ Ոսկե Գլոբուս և չորս անգամ առաջադրվել է Սատուրն մրցանակաբաշխությունում։
Ամուսնացած է եղել դերասանուհի Դեմի Մուրի հետ, որոնք իրենց 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք դուստր։ Էմմա Հեմինգ-Ուիլիսից Ուիլիսն ունի երկու դուստր։
«Մեծ մտահոգությամբ Բրյուսը լքում է կարիերան, որն այդքան մեծ նշանակություն է ունեցել իր համար»,- գրել է նրա ընտանիքը համատեղ հայտարարության մեջ:
«Սա իսկապես դժվար ժամանակ է մեր ընտանիքի համար, և մենք այնքան երախտապարտ ենք ձեր շարունակական սիրո, կարեկցանքի և աջակցության համար»:




