ԿարևորՏնտեսական

Դեպի ՌԴ արտահանումը գրեթե կասեցված է․ տնտեսագետները պետության «ձեռքին» են նայում

Ռուբլու կտրուկ արժեզրկումը ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման խնդիրներ է ստեղծել։ Ապրանքի գինը մնացել է նույնը, բայց ստացված գումարն արդեն ծախսը չի ծածկում։

Տեղական արտադրողները բանակցում են ռուսական ընկերությունների հետ գնային փոփոխությունների ուղղությամբ, սակայն ռուսաստանյան ընկերություններն իրենք էլ խնդիրների առաջ են և չեն ցանկանում գնալ գնային փոփոխությունների։ Տնտեսագետներն ակնկալում են, որ պետությունը «ձեռքը գրպանին կտանի»՝ օգնելու հաղթահարել այս վիճակը։  

Պռոշյանի կոնյակի գործարանի՝ Ռուսաստան արտահանման ծավալները ռուս-ուկրաինական համակարտության սկզբից ի վեր գրեթե կրկնակի նվազել են։ Անցյալ տարի գործարանն իր ողջ արտադրանքի՝ կոնյակի, գինու ու պահածոյի 50-60 տոկոսն արտահանել է Ռուսաստան։ Այս տարի թվերը դեռ ամփոփ չեն, սակայն նվազումը զգալի է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է գործարանի արտահանման մենեջեր Վլադ Երանոսյանը։ Անցյալ տարի գործարանն աշխատել է 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ, այս տարի՝  25-30 տոկոս։

«Մենք ունենք մեր ֆիրման Մոսկվայում, միայն դրան ենք արտադրանք ուղարկում, բայց այնտեղ էլ  վաճառքները կանգնեցված են։ Եթե մեր մենեջերները կարողանում են գտնել այնպիսի ծանոթի, որը բարձր գնով կառնի, վաճառում են, իսկ մնացածը կանգնած է։ Ցանցերի ու սուպերմարկետների հետ չենք աշխատում։ Սպասում ենք՝ մինչև ռուբլու կուրսը ստաբիլանա, գին պայմանավորվենք։ Իրենք էլ այս պահին չեն ուզում։ Իրենք չեն ուզում, մենք էլ չգիտենք՝ ինչ գին առաջարկել»։

Ուկրաինական շուկան ևս գրավիչ է եղել հայկական այս արտադրողի համար, գործարանը զգալի արտահանում է իրականացրել։ Եթե Ուկրաինա արտահանումը շարունակվեր նույն ծավալներով, կհավասարվեր Ռուսաստան արտահանման ծավալներին։ Սակայն Ուկրաինա արտահանումը ոչ միայն դադարեցվել է, այլև արդեն մատակարարված ապրանքի դիմաց պարտքերը չեն կարողանում ստանալ։ Սպասողական վիճակ է՝ ասում է գործարանի արտահանման մենեջերը։

«Ֆիրման էլ է մնացել, իր ապրանքն էլ է մնացել, պարտքերը, մեքենաները։ Մոտավորապես 2 մլն դոլարի չափ պարտք կա։ Մենք մատակարարում ենք ապրանքը, իրենք30-60 օր հետո նոր ուղարկում են գումարը։ Պատերազմից հետո կուտակվել է, ու հիմա էլ չենք կարողանում ստանալ գումարները»։

Ռուբլու կտրուկ արժեզրկումը զգալիորեն կրճատել է արտահանման ծավալները, ստեղծել գնային անհամապատասխանելիություն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մեխջյանը։ Այն ժամանակ ապրանքը վաճառվում էր մի գնով, հիմա մեկ ուրիշ գին է դարձել։ Ռուսական ընկերություններն էլ չեն համաձայնում վերանայել գինը։ Ռուսաստանից բացի՝ այլ երկրներ արտահանումները բնականոն են՝ ասում է արտահանողների միության նախագահը։

«Այս պահին ՌԴ արտահանում գրեթե չկա։ Մենք ունենք պայմանագրեր, և այսօր մեր պայմանագրերը  չենք կարողանում իրագործել, քանի որ ռուբլին գահավիժեց։ Այս պահին կա այդպիսի շարժում Ռուսաստանից գալիս են, այստեղ  ապրանքներով են հետաքրքրվում, գներ են հարցնում, ապրանքն են ուզում, սակայն գործնականում ոչինչ տեղի չի ունենում»։

Ալկոհոլային խմիչքներ, հագուստ, պահածո, միրգ-բանջարեղեն՝ ՀՀ-ից ՌԴ արտահանվող ամենամեծ ապրանքախմբերն են, դրանցից են գոյանում լուրջ գումարները, բայց հենց դրանց մասով էլ ունենք խնդիրներ՝ ասում է գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Կոնյակի որոշ գործարաններ դադարեցրել են արտահանումը, քանի որ մոտ 30 տոկոս գնային տարբերություն է առաջանում ռուբլու ինֆլյացիայի հետևանքով։ Իսկ սա էական թիվ է, օրինակ, կոնյակի դեպքում։ Որոշները փորձում են բանակցել, չնայած ռուսական կողմը չի համաձայնվում գնային փոփոխությունների։ Գագիկ Մակարյան։

«Ռուբլու մոտ 30տոկոս ինֆլյացիայի պարագայում դրանք կդժվարանան։ Ռուսական ընկերություններն առիթից օգտվում են։ Իրենք փորձում են նույն գներով էլ շարժվել։ Այն, ինչ որ պայմանագրերով կար, փոփոխության չի ենթարկում, և դա մեզ համար 30 տոկոս ցածր է ստացվում ինֆլյացիայի պատճառով։ Որպեսզի մենք կարողանանք մեր մարժան ապահովել, շահութաբերություն ապահովել և կարողանանք նաև ծախսերը հոգալ, արտահանել, պետք է ռուբլու տարբերության չափով գինը փոխվի, սակայն ռուսներն էլ չեն համաձայնվում փոխել»։

30 տոկոս արժեզրկման պայմաններում արտահանողները ստիպված են մինուսով աշխատել՝  ասում է զրուցակիցս։  Ըստ Գագիկ Մակարյանի՝ իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա՝ կամ  սպասել ռուբլու կարգավորմանը, կամ մշակել արտահանողներին աջակցման միջոցառումների պետական փաթեթ՝ սուբսիդավորմամբ կոմպենսացնելու տարբերությունը։

«Այսինքն՝ պետությունը, որպեսզի իր արտահանողները  չտուժեն, չկորցնեն շուկաները, ինչը շատ վտանգավոր է,  և քանի որ վերամշակողների  գոյատևումը, նրանց արդյունավետ  գործունեությունը կարևոր է գյուղատնտեսության խթանման համար, հետևաբար հենց այդ վերամշակողների գոյատևելը, նրանց  արդյունավետ գործելը  կարևոր է հենց նույն գյուղատնտեսությունը որոշակի մակարդակում պահպանելու համար»։ 

Համացանցում տարածված լուրը, որ ռուս-ուկրաինական հակամարտության այս ֆոնին ռուսաստանյան խանութներ հայկական ապրանքների մեծ հոսք կա, Գագիկ Մակարյանն այսպես է մեկնաբանում՝ Ռուսաստան  հայկական ապրանքի արտահանումը չի ավելացել,  միգուցե այլ երկրների արտադրության, օրինակ՝ ուկրաինական ապրանքներն են նվազել, ինչը դարակներում հայկականն ավելի տեսանելի է դարձրել։

Կարդացեք նաև

Back to top button