
Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով Արցախի Հանրապետության բնակչության իրավունքները ոտնահարելու առնչությամբ շտապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ: Հայաստանն ակնկալում է, որ ՄԻԵԴ – ը Ադրբեջանից կպահանջի դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել բնական գազի մատակարարումը:
Իրավական գործընթացներում Արևմուտքի արձագանքը Ադրբեջանի գործողություններին հստակ ու ընկալելի է, նաև՝ տարբերակված` ասում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։ Ըստ նրա` այդ մոտեցումը տեսանելի է ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանում, ՄԻԵԴ–ում։ «Սակայն ոչ իրավական հարթակներում` ԵՄ, Եվրոպայի խորհուրդ, արձագանքը համարժեք չէ, այն տարբերակված և թիրախավորված չէ, ուղղված է երկու կողմերին` առանց հաշվի առնելու փաստերը և իրավիճակը։ Հենց այս մոտեցման պատճառով է, որ չեն կանխվում Ադրբեջանի նախահարձակ գործողությունները կամ Բաքվի դրսևորած ռասիզմի քաղաքականությունը։ Տարբերակված մոտեցման հետևանքով կիրառվող երկակի ստանդարտները ակնհայտ են»,– նշել է Ղազարյանը։
Նրա կարծիքով ՝ այն ակտիվությունը, որ հայկական կողմը դրսևորում է իրավական հարթակում, պետք է շարունակվի, այդ կերպ հնարավոր կլինի հարցը տանել նաև միջազգային քրեական իրավունքի դաշտ։ «Իրավական մոտեցումները պետք է անպայման ուղեկցեն ռազմաքաղաքական լուծումներին»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետը։




