
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշել է 430 անուն ապրանքների ներմուծման համար զրոյական մաքսատուրք սահմանել։ Հայաստանի վարչապետը կարծում է, որ այս որոշումը զսպելու է գնաճի տեմպերը։ Երկրում սոցիալական վիճակը բարդանում է՝ նշել է Փաշինյանը և հավելել՝ կառավարությունը հասկանում է, որ պետք է սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնի։ Դա արվում է այնքան, որքան թույլ է տալիս երկրի բյուջեն՝ ասել է վարչապետը։
Պարենի համաշխարհային գները դեռ փետրվարին նախորդ փետրվարի համեմատ հակառեկորդ էին սահմանել՝ 20.7 %-ով գերազանցելով մեկ տարի առաջվա ցուցանիշը։ Ռուս–ուկարինական պատերազմն էլ ավելի ազդեց գնաճի տեմպերի վրա։ Եգիպտացորենի համաշխարհային գներն ամսական կտրվածքով աճել են 5,1 տոկոսով, ցորենի համաշխարհային գները՝ 2,1 տոկոսով։ Այս ցուցանիշերը, ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության փորձագետների, պայմանավորված է Սևծովյան տարածաշրջանի նոր անորոշություններով։ Հայաստանն այս առումով բացառություն չէ․ վիճակագրական տվյալները փաստում են, որ թանկացել են ինչպես ներկրվող, այնպես էլ առաջին անհրաժեշտության տեղական ապրանքները՝ մսամթերքը, կարագը, շաքարավազը, բանջարեղենը։ 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 31 և 45%-ով։ Դեկտեմբերի համեմատ բենզինի գինը մոտ 3 տոկոսով նվազել է, դիզվառելիքինը՝ ավելացել։ Ընդհանուր գնաճը Հայաստանում փետրվարին կազմել է 6․5 տոկոս՝ առաջին հերթին հարվածելով սպառողի գրպանին։ Սոցիալական վիճակի բարդացման մասին խոսում է նաև կառավարության ղեկավարը։
«Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է։ Բայց պետք է իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում։ Աշխարհը գնաճի աննախադեպ բարձր փուլում է»։
Վարչապետը հիշեցնում է 2019–ի օրինակը, երբ աշխարհում սննդամթերքի գները բարձրանում էին, իսկ Հայաստանում՝ նվազում։ Նիկոլ Փաշինյանը սա արհեստական մենաշնորհների վերացմամբ է պայմանավորում։
«Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք»։
Մինչ կառավարությունում ապրանքների էժանացում են ակնկալում, ընդդիմադիր թևում 2022–ին գնաճային նոր ճնշումներ են կանխատեսում, որը հանգեցնելու է գնողունակության նվազման։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընդգծում է․
«Մարդիկ ամեն օր խանութ են մտնում ու չեն կարողանում ապրանք գնել։ Աղքատ ընտանիքի երեխայի ծնողն ու միայնակ կենսաթոշակառուն ամեն ամիս ավեի քիչ առևտուր են անում, քան նախորդ ամիս»։
ԵԱՏՄ–ում նույնպես ստեղծված իրավիճակից լուծումներ են փնտրում։ Վարչապետը կարծում է, որ շուրջ 430 անուն ապրանքների նկատմամբ արտահանման զրոյական մաքսատուրքեր կիրառելը կմեղմի գնաճի տեմպերը։ Բայց այստեղ «բայց»–եր կան։ Տեղական արտադրողները կարող են ոչ բարենպաստ դիրքերում հայտնվել՝ ընդգծում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանւ
«Մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին չբախվի դա։ Ունենք մի որոշում, որը կունենա միայն սոցիալական նշանակություն՝ մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է։ Դա, իհարկե, դիսկրետ որոշում է, միջինում վեց ամիս ժամկետով է, բայց, այնուամենայնիվ, գների վրա դրական ազդեցություն կունենա։ Այո, մաքսատուրքերի մուտքերը բյուջե կնվազեն, բայց կարծում եմ, որ շատ ավելի մեծ էֆեկտ կլինի սպառողների համար»։
ԵԱՏՄ խորհրդի նիստում նաև քվոտավորվել են այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են լինելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին՝ պարենային խնդիրները լուծելու համար։
Այս քայլերն անհրաժեշտ են, բայց բավարար չեն աղքատության մակարդակի բարձրացումը զսպելու համար։Ստեղծված իրավիճակից ելքը նաև քաղաքացիների եկամուտների ավելացումն է։Այս կարծիքին են նաև կառավարույթունում, բայց նաև վստահ են, որ դրանց հիմքում պետք է հստակ հաշվարկներ լինեն։
Նիկոլ Փաշինյանը շահարկում է համարում իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող քննադատությունը ու կենսաթոշակների հետ համեմատությունները
«Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը կամ 600 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում՝ այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն»։
Աշխատավարձ ու կենսաթոշակ բարձրացնելու համար պետք է բյուջեի մուտքերն ավելանան, այսինքն՝ պետք է տնտեսական բավարար աճ ապահովվի։ Այս առումով էկոնոմիկայի նախարարության ու Կենտրոնական բանկի կանխատեսումները տարբեր են։ Վահան Քերոբյանը պնդում է՝ կառավարության թիրախը շարունակում 7 տոկոս տնետսական աճը մնալ, մինչդեռ գլխավոր դրամատանն այս լավատեսությունը չեն կիսում և ավելի քան 3 անգամ պակաս աճ են կանխատեսում։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը այս փոփոխության հիմնավորումներն է ներկայացնում․
«Տնտեսական աճ ը 1․6 տոկոս ենք կանխատեսել նախկին 5․3 —ի փոխարեն։ Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022-ին աճեր 1.6 տոկոսով, այնինչ նոր զարգացումների ներքո, երբ տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի 4.7 տոկոս անկման ցուցանիշ է դրված։ Որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում. նախկինում կանխատեսած 16.8-ի փոխարեն ԿԲ-ն կանխատեսում է 7 տոկոս աճ : Ծառայությունների ճյուղում կանխատեսումը 5.9 տոկոսից իջեցվել է 3.2 տոկոսի: Միակ ճյուղը, որը որոշակի դրական զարգացում է ունենալու նախկին կանխատեսումների համեմատ, գյուղատնտեսությունն է»:
ԿԲ կանխատեսումներին գրեթե համահունչ են միջազգային տարբեր վարկանիշային գործակալությունների վերջին կանխատեսումները։ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը ենթադրում է, որ Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի «ճգնաժամի» հետևանքները՝ հաշվի առնելով երկու տնտեսությունների միջև կապերը։ Սակայն գործակալությունը ակնկալում է, որ Հայաստանը կարող է առանց լուրջ ցնցումների ու արժեզրկումների հաղթահարել այդ հետևանքները։ Հայաստանի համար ռիսկային է համարվում այն, որ պետական պարտքի կազմում արտարժույթի տեսակարար կշիռը շարունակում է մեծ մնալ, առկա են աշխարհաքաղաքական ռիսկեր։ S&P GR կազմակերպությունում էլ կարծում են, որ համաշխարհային տնտեսությունն այս տարի կաճի 3,4 տոկոսով, ոչ թե 4,1-ով, ինչպես նախկինում էր ակնկալվում էր։ նախկինում ենթադրվում էր։




