
Մայր Աթոռն ընդունելի չի համարում Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրումը, ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքի էջում արված հայտարարության մեջ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:
Արձանագրվել է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները: Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.
«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։
Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»:




