
Մադրիդի ավտոնոմ համալսարանում անցկացվել է Հայաստանի օր, որի շրջանակներում ցուցադրվել է նաև իսպանացի հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոյի՝ Հայաստանի մասին պատմող «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը։
Միջոցառմանը ներկա են եղել և բանախոսություններով հանդես են եկել Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը, նույն համալսարանի դասախոսներ Ռոբերտո Կիրոս Ռոսադոն, Ֆերնանդո Կամաչո Պադիյան և Միգել Անխել Նիետոն։
Դեսպան Ավետիսյանը ներկայացրել ե վերջին տասնամյակներում Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները, Արցախյան հիմնահարցն ու հակամարտության կարգավորման գործընթացը, ներկայումս Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ու հայ-թուրքական երկխոսության առկա փուլը։
Իսպանիայի և, հատկապես, Կադիսում ու Սևիյայում դեռևս դարեր առաջ բնակություն հաստատած հայ վաճառականների գործունեության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության շրջանում Իսպանիայի դիրքորոշման մասին բավականին հետաքրքրաշարժ ելույթներ են ունեցել Ռոբերտո Կիրոս Ռոսադոն և Ֆերնանդո Կամաչո Պադիյան։




