
Ծառայել է Ասկերանում, պատերազմի օրերին տեղափոխվել է Ջրական, կռվել Հադրութում, Արա լեռան ու Դուդուլի սարի դիրքերում, զոհվել, պարգևատրվել Արիության մեդալով։ Սպարտակ Մարգարյանի համառոտ կենսագրությունն է՝ բանակ զորակոչվելուց հետո։ Ինչեր պիտի աներ, եթե ծառայությունն ավարտեր ու տուն գար․ հարազատներն ասում են՝ ծրագրեր շատ ուներ։ Սպարտակը կդառար 20 տարեկան։
Դավիթն ու Սպարտակը նույն բակում են մեծացել, գրեթե հասակակիցներ են։ Միասին սովորել են Թումոյում։ Տղաները պետք է փոքրիկ ֆիլմեր նկարեին ու նկարում են ֆիլմ՝ կռվի մասին։ Հետո նրանք իրենց նկարած ֆիլմը իրական աչքերով են տեսնելու։ Երկուսն էլ զոհվեցին մարտի դաշտում՝ Ջրականում։ «Ռադիոլուր»–ը զրուցել է Սպարտակ Մարգարյանի մոր՝ տիկին Սոֆյայի հետ․

«Անգամ հարազատներիս տուն, որ գնում էր, ասում էի՝ Սպարտակ անպայման տուն կգաս։ Բայց Հայոց Բանակին վստահեցի ու հետն էլ խորհուրդ տվեցի՝ «խելքդ՝ տեղը, ուժդ՝ տեղը, ումի՞ց ես պակաս, որ չկարողանաս ծառայես։ Վիճականահության ժամանակ քաշեց Ասկերան։ էնպես հպարտ հայտարարեց։ Էդ պահին ոնց որ Սպարտակս մի քանի տարով մեծացավ»,–ասում է մայրը։
Սպարտակը բանակ է զորակոչվել 2020թ–ի օգոստոսին, թեպետ ուներ առողջական խնդիրներ ու կարող էր վեց ամիս ուշ գնալ։ Լսել անգամ չէր ուզում այդ մասին։ Ասում էր՝ շուտ ծառայեմ, գամ, անելու շատ բան ունեմ։ Մայրը հիշում է․

«Մի օր էլ ասաց՝ մա՛մ, էս վայենկոմատը ինձ մոռացե՞լ ա, չի զանգում»։
Սպարտակենց տանն եմ։ Հավաքվել են բարեկամները, ընկերները․ Սպարտակը կդառնար 20 տարեկան։ Մայրն ասում է՝ ծննդյան օրը շատ էր սիրում, անհամբեր սպասում էր․
«Աղջկաս ասում էր՝ Լալա՛, մարդու տնից ծննդյան օրը պիտի ձայն դուրս գա»։
«Հիմա ես ամեն ինչ անում եմ, որ տղայիս ուզածով լինի»,–ասում է մայրը։ Սպարտակի տատիկը հիշում է՝ 20 տարի առաջ ինչ էր կատարվում հիվանդանոցի բակում․
«Ամուսինս գնում–գալիս էր անընդհատ։ Մեկ էլ ասաց՝ մեր տղան ծնվեց։ Ասում եմ՝ ի՞նչ իմացար, ա՛յ Սպարտակ։ Ասաց՝ իմ ձայնից էր»։

Սպարտակը ընդունվեց Պոլիտեխնիկ։ Հստակ գիտեր, թե ծառայությունից հետո ինչ պետք է աներ։
«Մենք պարբերաբար վիճում էինք, բայց շատ կապված էինք։ Շատ գաղտնիքներ հենց ինձ էր վստահում։ Սիրած աղջիկ ուներ, որոշել էր այդ մասին խոսել ծառայությունից հետո»,–ասում է քույրը։ Մայրը լրացնում է՝ Սպարտակս ասում էր՝ 4 երեխա է ունենալու ու աղջկան էլ հորաքրոջ անունն է տալու։

Լռում ենք։ Հետո տատիկը պատմում է՝ պատերազմի օրերին պարբերաբար զանգում էր ու խոսում էր այնքան հանգիստ, ասես ամենաապահով տեղում էր գտնվում։
«Այնպես հանգիստ էր խոսում, որ մենք հավատում էինք, որ նա իսկապես պատերազմի դաշտում չէ։ Եթե բարձր ձայն էինք լսում, ասում էր՝ տղաները շարային են անում»,–ասում է տատիկը։

Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Բակի երեխաները շատ էին սիրում Սպարտակին։ Նրանց մեկը, որ նոր է դարձել տառաճանաչ, մի նամակ էր տվել Սպարտակի տատիկին։
«Առաջին դասարանում է սովորում։ Տառերը սովորել է ու գրել՝ Սպարտակ ջան, շուտ արի տուն, տատիկդ սպասում է»։

«Չէ, ես չեմ նեղացել Աստծուց։ Ես չգիտեմ՝ Աստված ինձ համար ինչ է պահել։ Հիմա ինձ ուժ է տալիս աղջիկս, որ ապրեմ։ Ամեն մի պահ փորձում եմ ինչ որ բանով մխիթարվել։ Իսկ Սպարտակիս ընկերները այսօր ինձ տղաներ են դարձել»,–ասում է մայրը։
Սպարտակը կռվել է Հադրութում, Արա լեռան, Դուդուլի սարի դիրքերում։ Զոհվել է հոկտեմբերի 10 –ին՝ 7 զինակիցների հետ միասին, Ջրականի ու Վարանդայի միջանկյալ հատվածում։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։




