
Այսօր Իրանում նշվում է Նոր տարին` Նոռուզը։ Տոնը իրանցիներին բերում է Հայաստան, և այս տարի ևս Իրանից զբոսաշրջիկների հոսք է սպասվում։ Մինչև ապրիլի սկիզբ Իրանից դեպի Հայաստան 30 թռիչք է նախատեսված։
Նոր տարվա սկիզբը խորհրդանշող իրանական Նոռուզը տարվա այս հատվածում հազարավոր իրանցիների բերում է մեր երկիր։ Ավելի քան 70 մլն բնակչություն ունեցող երկրի քաղաքացիներից շատերը նախընտրում են տոնն անցկացնել Հայաստանում։ Իրանցիներն անկեղծանում են՝ իրենց Հայաստան բերում է ազատությունը, բայց ոչ միայն․
«Ջուրը, ուտելիքը, ժողովուրդը շատ լավն են։ Բորշչ , քյուֆթա, դոլմա շատ եմ սիրում»։
Իրանցի զբոսաշրջիկների հետ աշխատող «Տաթև» տուրիստական ընկերության փոխտնօրեն Սևակ Դավուդյանն ասում է, որ տարիների ընթացքում փոխվել է հայերիս վերաբերմունքը Հայաստան եկող իրանցիների նկատմամբ, ու նաև դա է նպաստում զբոսարջիկների թվի աճին։ Սևակ Դավուդյան․
«Հիմնականում գնում են Գառնի –Գեղարդ։ Շատերը գալիս են, որպեսզի գնան Էջմիածին, պատարագին մասնակցեն»։
Եղանակային վատ պայմանները այս տարի կարող են խանգարել այն իրանցիներին, որոնք մտադիր են Հայաստան գալ ցամաքային ճանապարհով։ Այս պահին, Սևակ Դավուդյանի խոսքով, Մեղրիում մեծ թվով զբոսաշրջիկներ են իջևանել․
«Եթե եղանակը չբացվի, հնարավոր է՝ նրանք հետ գնան։ Համաձայն նախատեսվածի, այս տարի ցամաքային ճանապարհով ավելի շատ զբոսաշրջիկներ պետք է գային, քան նախորդ տարի։ Պատճառը քովիդի հետ կապված սահմանափակումներն են Վրաստանում։ Անցյալ տարի օրական 5-7 25 տեղանոց ավտոբուս էր Իրանից Հայաստան գալիս»։
Այսուհանդերձ, այս օրերի ձյունառատ եղանակը իրանցիներին կարող է չխանգարել, եթե արդյունավետ գործի Սյունիքի մարզում ստեղծված օպերատիվ շտաբը։ Նրանք զբաղվում են նաև իրանցի զբոսաշրջիկների ապահով տեղափոխմամբ։
«Չպետք է թույլ տալ, որ իրանցի զբոսաշրջիկները հիասթափություն ապրեն»,-ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Oդային ճանապարհով Իրանից 3 հազարից ավելի զբոսաշրջիկների այց է սպասվում։ Մինչև ապրիլի սկիզբ Իրանի ուղղությամբ նախատեսված է 30 թռիչք»։
Սևակ Դավուդյանի խոսքով՝ իրանցիների հոսքը կարող է նպաստել հայկական տուրիզմի՝ պատերազմի ու քովիդի հետևանքով կրած վնասների վերականգնմանը․
«Միջին հաշվարկով 50 դոլար վճարում են սենյակի համար։ Գալիս են 4-5 գիշեր, օդային ճանապարհով, ու այս ամենի արդյունքում միայն հյուրանոցի,ավիաոմսի գինը կազմում է 600-700 դոլար։ Իսկ եթե մնում են հինգ աստղանի հյուրանոցում, ապա ծախսերը ավելի շատ են լինում»։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2021-ին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի մեջ Իրանի մասնաբաժինը կազմել է շուրջ 11 տոկոս։ Տարվա ընթացքում մեր երկիր է եկել 95 հազար իրանցի զբոսաշրջիկ, նրանցից ավելի քան 9 հազարը՝ Նոռուզի օրերին։




