
Գործող օրենսդրությամբ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորներ են կիրառվում բացառապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում։ Փոփոխված կարգավորումներով նախատեսվում էր, որ հուլիսի 1-ից տուգանային բալերը հանվելու են նաև պարեկային ծառայողների արձանագրած խախտումների դեպքում։ Տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն, ոստիկանությունն առաջարկում է պարեկների արձանագրած խախտումների դեպքում տուգանային միավորները կիրառել ոչ թե 2022-ի հուլիսի 1-ից, այլ՝ 2024 թվականի հունվարի 1-ից։ Մարզերում ծառայության ներդրումն արդեն մեկնարկել է։ Ապրիլից կգործարկվի Շիրակի և Լոռու մարզերում, ընդունելություն է հայտարարվել նաև Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։
2020 թվականին ներդրված Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը շարունակում է գործել միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով։ Պարեկների արձանագրած խախտումներից բալեր հանելը դարձյալ հետաձգվել է, այժմ էլ՝ մինչև 2024 թվականը։ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը հիշեցնում է՝ այս օրենքը պետք է գործեր դեռ 2020 թվականից․
«2020 թվականը, հիշում եք, ինչպես սկսվեց, ինչպես ավարտվեց։ Բնականաբար, այդ հարցն այդքան հրատապ չէր և հետաձգվեց մինչև 2022 թվականի հունիս։ Մի շարք իրադարձություններից ելնելով՝ հետաձգումներով հասանք 2024 թվին։ Բայց դա ևս ուղիղ կապ ունի՝ արդյոք ամբողջ Հայաստանում պարեկային ծածկույթ կապահովվի։ Եթե չլինի, ենթադրում եմ նորից կհետաձգվի»։
Ոստիկանությունը որպես հետաձգման հիմնավորում նշում է, որ ներկայում պարեկային ծառայության ներդրման և տեխնիկական ու ծրագրային համակարգերով համալրման գործընթացը չի ավարտվել, ուստի տեխնիկապես հնարավոր չէ պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակով արձանագրություններ կազմելն ու որոշումներ կայացնելը։ Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2023-ի տարեվերջին, ինչով պայմանավորված էլ՝ ոստիկանությունն առաջարկում է պարեկային ծառայողների արձանագրած խախտումների դեպքում տուգանային միավորների կիրառումը սկսել 2024թ․ հունվարի 1-ից։
Իսկ մարզերում պարեկային ծառայություն ներդնելու գործընթացն արդեն մեկնարկել է։ Համակարգը ապրիլից կգործարկվի նաև Շիրակի և Լոռու մարզերում։
Պարեկային ծառայության ներդրման նպատակով ավտոտրանսպորտային միջոցների ձեռք բերման, դրանց կահավորման և վարչական սարքավորումների համար կառավարությունը 2 միլիարդ 35 միլիոն դրամ է հատկացնել ՀՀ ոստիկանությանը։ Պարեկային նոր ծառայության ներդրումը մարզերում կարևորում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Իսկապես ակնհայտ է, որ այս բարեփոխումն իրեն արդարացնում է։ Հաջորդ փուլով ծառայությունը կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։ Ես ուզում եմ կոչ անել, որպեսզի կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին»։
Մինչ գործադիրը ընդգծում է պարեկային նոր ծառայության կարևորությունը, հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է պարեկային ծառայության 3 աշխատակցի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու ու կեղծ ցուցմունք տալու մեջ։
Հատկանշական է, որ վերահսկողությունը, որը վերապահված է վերջերս ներդրված պարեկային ծառայությանը, վարորդներին ևս վստահություն չի ներշնչում։ Ավելին՝ նոր պարեկների մասնակցությամբ նաև մի քանի ավտովթարներ են գրանցվել։
«Այդ գործոնը ևս կա, թաքցնելու բան չէ։ Բայց այդ դեպքերը շատ քիչ են։ Անփորձության խնդիր է, սխալ կառավարման խնդիր է։ Դրա համար զուգահեռ պրակտիկ դասեր են ունենում»։
Սոցիալական ցանցերում՝ վարորդների խմբերում, հաճախ քննարկվում են նաև պարեկների նոր մեքենաները։ Վարորդները հետաքրքրվում են, թե ինչ էր եղել առանց այդ էլ նոր մեքենաներին, որ դրանց վրա հերթական ծախսն է կատարվում։ «Ռադիոլուրի» հարցին, թե արդյոք նոր մեքենաները հենց մարզային պարեկների համար են գնվում, Սերգեյ Ղահրամանյանը պատասխանեց՝ ոչ միայն։ Չի բացառվում, որ նոր մեքենաները էլեկտրամոբիլներ լինեն, մասնավորապես՝ Տեսլա մակնիշի․
«Վերջերս տեսանյութ էր հրապարակվել, որ նաև Տեսլա են փորձարկում։ Այո, փորձարկվել է, բայց եթե տենդերին չմասնակցեն, բնականաբար գործարքը տեղի չի ունենա։ Այո, ահագին քանակությամբ մեքենաներ իսկապես վնասվել են, թե վթարների, թե մեքենայի՝ տեխնիկական հնարավորությունների պատճառով։ Ես չունեմ տեղեկատվություն, որ հենց էս պահին Երևանի համար նոր խմբաքանակ է նախատեսվում, միգուցե հետագայում լինի»։
Երթևեկության բալային համակարգի և պարեկային նոր ծառայության ներդրումը, թվում էր, պետք է նվազեցնի խախտումների, վթարների և զոհերի թիվը։ Իրականությունը, սակայն, հակառակն է փաստում։ Պատահարները ոչ միայն չեն նվազել, այլև շատացել են։ 2020 թ-ին ՀՀ-ում արձանագրվել է 4016 Ճանապարհատրանսպորտային պատահար, 348 մահ, 2021թ.- ին տեղի է ունեցել 4604 ՃՏՊ , 368 անձ մահացել է։
Որ բալային համակարգն իրեն չի արդարացնի, ամիսներ շարունակ պնդում էր նաև երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը։ Լավ գաղափար է՝ իրացման սխալ մեխանիզմով՝ ասում է․
«Ընդհանուր երթևեկության անվտանգությունը չի փոխվել։ Նորից նույն իրավիճակն է։ Նույն վթարների քանակը, նույն մահերի քանակը։ Բայց իրենց առջև դրված խնդիրը այս մարդիկ կատարում են։ Այո, համատարած անգրագիտություն է, հմտության բացակայություն է, փուլ առ փուլ սովորում են, բայց, միևնույն է, ընդհանուր ռազմավարություն չկա։ Հենց դա կլինի, կհասկանան, այդ պահից կսկսեն բալայինը կամ կիրառել, կամ չկիրառել։
Համակարգն արդյունավետ կգործեր, եթե ներդրվեին իսկապես լուրջ մեխանիզմներ, և սահմանվեր տոտալ վերահսկողություն՝ կարծում է Արտակ Խաչատրյանը։ Մինչդեռ հիմա, նրա ձևակերպմամբ, արվում է այն, ինչ նախկինում, միայն թղթաբանությունն է ավելացել։




