
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է Ներքին Հանդում հակառակորդի զորքի մեկ կիլոմետր առաջխաղացմանը։
«Մեր արագ արձագանքման խումբը ճանապարհին է՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար: Խմբի առջև նպատակ է դրված տեղում հասկանալու՝ համայնքի բնակիչների բնականոն կյանքի հետ կապված ինչպիսի խնդիրներ են: Այս ընթացքում նաև կապի մեջ ենք եղել պաշտպանության գերատեսչության կոլեգաների, նաև ՏԻՄ ներկայացուցիչների հետ:
Ուսումնասիրության արդյունքում մեր հետևությունները կհրապարակայնացնենք»,-ասաց նա:
Ըստ Գրիգորյանի՝ պլանավորվում է նաև այց կատարել Սյունիքի մարզ:
Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասել էր, որ ադրբեջանցիները առաջացել են մոտ մեկ կիլոմետր, հինգ նոր վրաններ են խփել ու ամրացել Ներքին Հանդի վարչական տարածքում։ Պաշտպանության նախարարությունը հերքել էր այս տեղեկատվությունը։




