
Գյումրիի բժշկական կենտրոնում ներդրվել է «Սուր իշեմիկ կաթվածի բուժման» պետական ծրագիրը։ 2019-ին մեկնարկած ծրագրում ընդգրկվել էր մայրաքաղաքի 3 բուժհաստատություն։ Մարզերից Շիրակն առաջինն է, որտեղ ներդրվում է պետական ծրագիրն, ու բացվել է առանձին բաժանմունք։ Պետպատվերից օգտվող բուժառուներից յուրաքանչյուրի համար պետությունը 1,5-3,8 մլն դրամ է հատկացնում՝ կախված հիվանդության բարդությունից։
«Գյումրի» ԲԿ-ում ներդրված «Սուր իշեմիկ կաթվածի բուժման» նոր ծրագիրն արդեն հասցրել է կյանք փրկել։ Գյումրու ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանն ասում է՝ երկրում ծրագրի մեկնարկից ի վեր՝ երկուսուկես տարում, կարողացել են «Գյումրի» ԲԿ-ում համալրել բուժսարքավորումների բազան ու մասնագիտական կազմը, նախարարությունն էլ ընդառաջել է ու ծրագիրը ներդրել Գյումրիում։
«Մեծ ֆինանսավորում պահանջող ծրագիր է։ Սարքավորումներից մեկը, որը շատ կարևոր է այս ծրագրի իրականացման համար, ձեռք ենք բերել պայմանագիր կնքելով ռուսական «ՄՌՏ (Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) էսպերտ» ընկերության հետ։

«Գյումրի» բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար, նյարդաբան, նեյրոինտերվենցիոն վիրաբույժ Ժորա Բաղդասարյանի գնահատմամբ՝ ծառայության ներդրումը մարզի բնակչությանը հասանելի կդարձնի աշխարհում ընդունված բժշկական լավագույն ծառայություններից մեկը։
«Խոսքը տրոմբոլիտիկ թերապիայի և տրոմբեկտոմիայի մասին է։ Բացի դրանից՝ «Գյումրի» ԲԿ-ում պլանավորում ենք լավացնել կաթվածի բուժումն ընդհանրապես»։
Կյանքեր փրկող ծառայության առաջին բուժառուն 87-ամյա Սինամ Խաչատրյանն է Գետք գյուղից․ ասում է՝ հրաշք է կատարվել։
«Մի կողմս լրիվ չէր աշխատում, թևս թույլ էր։ Շտապօգնություն կանչեցին, շտապօգնության բժիշկը հուսով էր, որ իմ փրկությունն այստեղ է, ասում էր՝ արագ հասցնենք հիվանդանոց»։
Նյարդաբան, նեյրոինտերվենցիոն վիրաբույժ Ժորա Բաղդասարյանը վստահ է՝ եթե Գյումրիում չհասցնեն բուժօգնություն ցույց տալ, շատ դեպքերում Երեւան էլ չեն հասցնի։

«Կոնկրետ այս հիվանդի դեպքում կարող եմ վստահաբար ասել, որ Երևանում հնարավոր չէր լինի այդ օգնությունը ցուցաբերել՝ սուղ ժամանակի պատճառով, կյանքը փրկելն էլ անհնար կդառնար։ Նորից և նորից ուզում եմ կրկնել, որ կաթվածի ժամանակակից բուժումները շատ ժամանակ կախյալ բուժումներ են, այսինքն՝ դա հնարավոր է իրականացնել շատ սահմանափակ ժամանակամիջոցում։ Ի սկզբանե մենք գիտակցում էինց, որ մայրաքաղաքից բացի պետք է նաև այլ կենտրոններ բացվեն, որպեսզի ողջ հանրապետության տարածքով ծածկույթ ունենանք»։
Սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը պետպատվերով է՝ անվճար։ Օգտվող ամեն բուժառուի համար պետությունը 1,5-3,8 մլն դրամ է հատկացնում՝ կախված հիվանդության բարդությունից։ Գյումրու բժշկական կենտրոնը կսպասարկի նաև հարևան Արմավիրի և Լոռու մարզերի բնակիչներին։
Պետական ծրագրով նախատեսված է նոր կենտրոնների բացում Հայաստանի հարավային մարզերում։
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքի էջից




