
Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 81 միլիարդ 729 միլիոն դրամ՝ ծրագրված 85 միլիարդ 801 միլիոնի համեմատ։ Չնայած ավագանու որոշ անդամների սուր քննադատությանը՝ Երևանի ավագանին այսօր քննարկել եւ հաստատել է քաղաքի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունն ու 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:
2021 թվականին շարունակվել են փողոցների, մայթերի ասֆալտապատման աշխատանքները, բարեկարգվել և կահավորվել են բակային տարածքները։ Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել մանկապարտեզներում, բուժհաստատություններում, դպրոցներում։ Ներկայացնելով քաղաքապետարանի 2021 թվականի զարգացման ծրագրով կատարված քայլերը՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումների ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Մերի Հարությունյանը հայտնեց, որ 2021-ին ձեռք են բերվել 300 միջին և փոքր տեղատարության նոր ավտոբուսներ։ Որ ավտոբուսներն ավելացել են, ողջունելի է, բայց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը չի հասկանում՝ ինչու են առավոտյան ժամերին կանգառներում նույն կուտակումները, և ինչու է տրանսպորտը միշտ ուշ գալիս․
«Օրվա ընթացքում, գուցե, նորմալ աշխատեն, ավելի արագ մոտենան քաղաքացիներին։ Բայց կանգառներում, հատկապես, առավոտյան աշխատանքի, դասի գնալու ժամերին բավական շատ են ուշացումներ լինում»։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պարզաբանեց՝ պատճառները մի քանիսն են․
«Այս պահի դրությամբ ունենք որոշ ավտոբուսներ, որոնք ապրիլի 1-ից երթուղի կմտնեն։ Երկրորդը՝ ունենք խցանումներ, և այդ խցանումների պատճառով ավտոբուսների միջև ժամանակահատվածի խզում է տեղի ունենում»։
Տրանսպորտի հարցով մտահոգված էր նաև ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Ասաց՝ ոչ միայն առավոտվա ժամերին, երեկոյան էլ է քաղաքային տրանսպորտը վատ աշխատում․
«Առհասարակ, խայտառակ վիճակ է։ Ես ինքս տրանսպորտով եմ երթևեկում և կարող եմ փաստել, որ 20։00-ից հետո արդեն խնդիր է տրանսպորտով մի կետից մյուսը հասնելը։ Երևանցին մնում է տաքսիների հույսին»։
«Տիկի՛ն Աբգարյան, ես կողմնակից եմ համակարգային լուծումներին։ Ես ինքս շաբաթ–կիրակի օրերին հանրային տրանսպորտից եմ օգտվում, ու այդ խնդիրների մասին տեղյակ եմ։ Ինչ վերաբերում է տրանսպորտի վիճակի վատացմանը, այնքան էլ ճիշտ չէ, ինչպես վատ կար, այդպես էլ մնացել է։ Իհարկե, խնդիրներ կան, բայց հավաստիացնում եմ՝ամենաուշը 2 ամսում էական փոփոխություններ կունենանք»։
Ավագանու անդամները քննարկում էին կատարված աշխատանքների արդյունավետությունը, քաղաքապետը պարզաբանումներ էր ներկայացնում, բայց պատկերը ամբողջական՝ արտացոլված էր բյուջեի կատարողականում։ Այժմ արվածի մասին՝ թվերով։
2021-ին Երևանի բյուջեն կատարվել է 95.3 տոկոսով։ Ծախսը կազմել է ճշտված ծրագրի 73.3 տոկոսը։ Երեւանի վարչական շրջաններից ամենացածր կատարողականը՝ 81 տոկոս, կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմը, ամենաբարձրը՝ 90 տոկոսից քիչ ավելին, Արաբկիր վարչական շրջանը։ Ներկայացնելով նախատեսված և փաստացի ծախսված գումարները՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ տարբերությունները պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, մասամբ էլ՝ չիրականացմամբ։
«Երևանի 2021թ․ ծախսերի ծավալներում գերակշռել են սոցիալական բնագավառի կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ծախսերը։ Դրանց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 40,8 տոկոս։ Տրանսպորտի բնագավառում ծախսերը՝ 33,7 տոկոս, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը՝ 12,9 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածում Երևանի 2021-ի բյուջեն կատարվել է 1 մլրդ 376 մլն հավելուրդով՝ նախատեսված ճշտված 23 մլրդ 835 հազար դրամի պակասուրդի դիմաց»։
Արդրադառնալով բյուջեի կատարողականին՝ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հիշեցրեց, որ այս տեսքով բյուջեի կատարողականը քաղաքապետարանն ապահովել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք՝ նրա ղեկավարությամբ․
«Յա, իրո՞ք». մոռացե՞լ եք, որ 2 ամիս առաջ այս դահլիճում քվեարկեցինք այս կատարողականը, այս զարգացման ծրագիրը կատարած քաղաքապետին անվստահություն հայտնելու օգտին: Հիմա այս դահլիճում այդպես ոգևորված ներկայացնում եք և քվեարկելու եք Հայկ Մարությանի 21 թվի բյուջի կատարողականն ու զարգացման ծրագիրը։ Ներողություն, ժողովուրդ ջան, բայց ի տարբերություն ձեզ, ես այս զարգացման ծրագրին ու բյուջեի կատարողականին կողմ չեմ քվեարկելու»։
«Մենք ունենք կայուն հետընթաց, ինչը նշանակում է, որ նախորդ տարում մեր կայացրած որոշումը ճիշտ էր»,-հավելեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը․
«Այսպիսի կատարողականներով հեռու գնալ չենք կարող: Մենք դեմ ենք քվեարկելու դրան: Համոզված եմ՝ 2022-ի կատարողականն ավելի լավն է լինելու»։
Չնայած քննադատությանը՝ Երեւանի ավագանին ձայների 42 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ի գիտություն ընդունեց մայրաքաղաքի 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:




