ԿարևորՏնտեսական

Անկում կլինի բոլոր ճյուղերում, բացի մեկից․ ԿԲ-ն կտրուկ թանկացնում է փողը, կանխատեսում շատ ավելի փոքր աճ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը փոխել է աշխարհի տնտեսական ռիթմը։ Կանխատեսումները փոխվում են  գրեթե ամեն օր։ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, ուստի առաջացած ռիսկերն ու անորոշությունը մեր Կենտրոնական բանկին կտրուկ քայլի են մղել՝  վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել միանգամից 1․25 տոկոսով։

Վերջին մեկ տարում այն բարձրացել է գրեթե կրկնակի։ Ակնկալում են, որ այդպիսով գնաճը  կնվազի՝ մոտենալով 4 տոկոսի շեմին։  Բայց գլխավոր դրամատունն այլ մտահոգիչ կանխատեսումներ էլ ունի՝ Ռուսաստանից եկող տրանսֆերտների շուրջ 20 տոկոս նվազում, կանխատեսվող տնտեսական աճի նվազում  5․3-ից մինչեւ 1,6 տոկոս։  Մասնագետները կարծում են՝ անկում կլինի տնտեսության բոլոր ճյուղերում, բացի մեկից։

Այս պահի թիվ մեկ անելիքը գնաճը զսպելն է՝ Հայաստանի կենտրոնական բանկի մոտեցումն է։ Իսկ համաշխարհային բանկն արձանագրում է՝ աշխարհում սկիզբ առած այս գնաճը վերջին 11 տարում  ամենաբարձրն է, ու դրան հակազդելու նպատակով աշխարհում կենտրոնական բանկերի 40%-ը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները:

Հայաստանը եւս բարձրացնում է այն՝ հասնելով 9.25%։ Վերջին 1 տարում սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի արդեն 8-րդ բարձրացումն է․ նախորդ փետրվարին այն 5,5 տոկոս էր։ Բարձրացումը նշանակում է, որ առեւտրային բանկերին շրջանառու միջոցները ԿԲ-ն տրամադրում է ավելի բարձր տոկոսով, վերջիններն էլ իրենց հերթին կարող են վարկերի տոկոսադրույք բարձրացնել։  Ամեն դեպքում սա գնաճը զսպելու  հիմնական գործիքներից է, որին ԿԲ-ն դիմում է, քանի որ տնտեսական հեռանկարն անորոշ է, գնաճային ռիսկերը՝ մեծ։

Գլխավոր դրամատան տնօրեն Մարտին Գալստյանն ընդգծում է՝  

«Մենք չենք կարող անմասն մնալ զարգացումներից, քանի որ դրանք ազդելու էին գնաճային ֆոնի ու մարդկանց սպասումների վրա։ Մեր գործողությունները, որ այսօր արվում են, միտված են ապագա գնաճի զսպմանը»։ 

Փողը թանկանում է՝ արձանագրում է տնտեսագետ Արմեն Քթոյանն ու պարզաբանում՝  նպատակը գների, ֆինանսական կայունության ապահովումն է։

«Գնաճի զսպումը միշտ էլ հակադիր է տնտեսական ակտիվությանը։ Տնտեսական քաղաքականություն իրականացնող ինստիտուտը պետք է ընտրություն կատարի, կամ թողնել տնտեսությունը աճի՝ համակերպվելով բարձր գնաճի հետ, կամ էլ զսպել գնաճը՝ աչքի առաջ ունենալով, որ տնտեսական ակտիվությունը ևս զսպվելու է։ Սա ինչ-որ առումով գնաճի կառավարման գինն է»։

Անորոշության ռիսկերի ֆոնին տարբեր երկրներ սահմանափակում են արտարժույթի վաճառքը։ Մարտին Գալստյանը վստահեցնում է՝  տարադրամի արտահոսքի սահմանափակման կարիք այս պահին չկա, բայց կան որոշ զգուշավոր քայլեր։ 

«Գիտեմ, որ կան երկրներ, ովքեր կանխիկ տարադրամի արտահոքսի եվրաբերյալ սահմանափակումներ ունեն։ Բանկերի կոմղից որոշ սահմանափակումենր եղել են, բայց որ Կբ միջամտի,ա յս պահին չեմ տեսնում դրա կարիքը»:

ԿԲ-ն այս փուլում ինտերվենցիաներ՝ միջամտություններ չի արել՝ ասում է Գալստյանը՝ բացատրելով՝  հասարակությունը խնդրին խոհեմությամբ է մոտենում։ Փոխարժեքի այս արժեզրկման դեպքում  խուճապային տրամադրություններ եղել են,  բայց՝ քիչ։ 

ՀԲ վերջին վերլուծությունը փաստում է՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից տրանսֆերտները  դեպի Ուկրաինա, հավանաբար, կաճեն, իսկ Եվրոպա, Կենտրոնական Ասիա կտրուկ և զգալի կկրճատվեն ռուսական տնտեսության թուլացման և դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկման հետևանքով: Տրասնֆերտների նվազում նաև Հայաստանի ԿԲ-ն է կանխատեսում, խիստ նախնական գնահատականով՝ մոտ  20 տոկոսով։

Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյան․ «Արդեն նկատում ենք տրանսֆերտների՝ մեր տնտեսության մեջ դրանց ավելի փոքր էֆֆեկտը։ Դրանք ՀՆԱ-ում  արդեն ավելի փոքր տոկոս են կազմում, հատկապես նվազում են  ՌԴ-ից եկող տրանսֆերտները։ Եթե նախկինում  ՀՆԱ-ում 10-15 տոկոս էին կազմում, այսօր 7-8 տոկոս է, իսկ ՌԴ-ից եկող տրանսֆերտները եթե նախկինում 80 տոկոս էին, այժմ 40 տոկոս են»։

Փորձագիտական դաշտում հաշվարկում են՝ համաշխարհային տնտեսության աճը կարող է դանդաղել 1․5 տոկոսով, տուժելու են բոլոր երկրները։ ՌԴ տնտեսության անկումը կանխատեսվում է 6-10 տոկոս, որն ուղիղ կազդի ՀՀ-ի վրա՝ արձանագրում է «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանը․  

«Վերջերս հրապարակվեցին «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի փորձագիտական գնահատականները, համաձայն որոնց՝ ՌԴ տնտեսության 1 տոկոս անկումը ՀՀ-ում կարող է հանգեցնել 07 տոկոսային կետով անկման։ Սա նշանակում է, որ եթե վատատեսական սցենարի դեպքում Ռուսաստանի տնտեսության  անկումը 6-10 կազմի, ապա Հայաստանում տնտեսական անկումը 4-6 տոկոս կարող է կազմել»։

Մատակարարման շղթաների խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ, ինչն արտահայտվում է սպասվածից    բարձր գնաճով։ Հակամարտությունը փոխել է նաև մեր կանխատեսումը՝ արձանագրում է գլխավոր դրամատան տնօրեն Մարտին Գալստյանը։

«Տնտեսական աճ ը 16 տոկոս ենք կանխատեսել նախկին  53 ի փոխարեն։ Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022-ին աճեր 1.6 տոկոսով, այնինչ նոր զարգացումների ներքո, երբ տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի 4.7 տոկոս  անկման ցուցանիշ է դրված։ Որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում. նախկինում կանխատեսած 16.8-ի փոխարեն ԿԲ-ն կանխատեսում է 7 տոկոս աճ : Ծառայությունների ճյուղում կանխատեսումը 5.9 տոկոսից իջեցվել է 3.2 տոկոսի:  Միակ ճյուղը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու նախկին կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ճյուղն է»:

ԿԲ-ում հուսով են, որ ձեռնարկած քայլերով 12-ամսյա գնաճը կնվազի և  կմոտենա նպատակային 4% ցուցանիշին: 2022թ. փետրվարին և՛ 12-ամսյա, և՛ բնականոն գնաճերը ԿԲ կանխատեսումներին համահունչ նվազել են և կազմել 6.5%:

Կարդացեք նաև

Back to top button