
Մարտի 15-ից ուժի մեջ է մտել բաց և փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։
Ծխելու արգելքը վերաբերում է ոչ միայն ծխախոտին, այլև դրանց փոխարինիչներին, սիգարներին և նարգիլեին:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի արական սեռի բնակչության 28%-ը ծխում է։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ տարեկան ավելի քան 5500 մարդ մահանում է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից։
Ընդունված օրենքի համաձայն, հասարակական վայրերում ծխող քաղաքացիները կտուգանվեն 50000 դրամով, իսկ հաստատությունը, որտեղ ծխելը արգելված չէ՝ 150-200 հազար դրամով:
ԱԺ –ի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020-ի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` հնարավորություն տալով պատրաստվել դրանց:
Հունվարի 1-ից գործում է ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքը։




