
Ամերիկյան Instagram սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, այն կարգելափակվի Ռուսաստանում։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է ուրբաթ օրը Twitter-ում։
«Ինստագրամը երկուշաբթի կարգելափակվի Ռուսաստանում»,- ասել է Մոսերին՝ սխալ համարելով որոշումը։ Նրա կարծիքով՝ սոցցանցի արգելափակումը «Ռուսաստանում 80 միլիոն օգտատերերի կզրկի միմյանց և մնացած աշխարհի հետ կապից»։
Ռոսկոմնադզորն ուրբաթ որոշել էր մարտի 14-ի կեսգիշերին ավարտել Instagram-ի մուտքի սահմանափակումների սահմանման ընթացակարգը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ իրենք նման որոշում են կայացրել, քանի որ Instagram-ի ակտիվ օգտատերերին «ժամանակ կպահանջվի՝ իրենց լուսանկարներն ու տեսանյութերը այլ սոցիալական ցանցեր տեղափոխելու, իրենց կոնտակտներին և բաժանորդներին ծանուցելու համար»։ Ռոսկոմնադզորը որոշել է սահմանափակել մուտքը Instagram՝ ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի տարածման հետ կապված։
Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել էր Meta Platforms Inc.-ին, որը ներառում է Facebook, Instagram և WhatsApp մեսենջեր սոցիալական ցանցերը, ճանաչել ծայրահեղական կազմակերպություն և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում:




