
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում հանդիպում-քննարկում է սպանդանոցների ներկայացուցիչների հետ։ Նրանք դժգոհում են, որ խանութներում հայտնվում է բակերում մորթված կենդանու միս, որը վաճառվում է առանց սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթղթի, ինչը պարտադիր է։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքը բավարար չեն համարում, ասում են՝ ստուգայցերը քիչ են, խնդիրը չի լուծվում։ Մինչդեռ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը տվյալներ է ներկայացնում՝ 2021-ին ունեցել են ստուգայցի 150 հրաման, որոնցից 62-ը խախտում է արձանագրել, ըստ այդմ՝ առանց անհրաժեշտ փաստաթղթի միս վաճառող տնտեսվարողը տուգանվել է։ 2022-ին ստուգման արդեն 40 հրաման է եղել, 23 տնտեսվարող ոչ բավարար սանիտարական պայմաններում միս վաճառելու համար տուգանվել է։ Մարտի 14-ից ՍԱՏՄ-ը վերահսկողական նոր մեխանիզմներ կկիրառի․ Գեորգի Ավետիսյանը մանրամասնում է․
«Ամսի 14-ից անցնելու ենք շուկայում խիստ վերահսկողության, խոսել ենք ոստիկանության պետի հետ և նրանց հետ համատեղ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի հայտնաբերենք փողոցում վաճառվող կենդանական ծագման մթերքը և կանխենք վերջապես այդ պրոցեսը»,-ասում է Ավետիսյանը։

Սպանդանոցների ներկայացուցիչները լիահույս չեն, որ այս ստուգումները վերջնակաապես կկարգավորեն վիճակը։ Սննդի տեսչականի ղեկավարը վստահեցնում է՝ ռիսկերն իրենք էլ գիտեն, հաշվի են առել, բայց եւ վստահ է՝ տուգանքի խստացված մեխանիզմներն արդյունք կտան։․
«Բարդ է, իհարկե, բայց տուգանվելու են նաեւ միս բերողները, այսինքն՝ միսը, որը սպանդանոցում չի մորթվել, արգելվում է վաճառել։ Դրա վաճառողները, անգամ մեքենայի վարորդն է տուգանվելու, այդ ժամանակ, կարծում եմ, խելքները գլուխները կհավաqեն»,-ասում է տեսչական մարմնի ղեկավարը։
Սպանդանոցների ներկայացուցիչները դժգոհում են նաև, որ խանութներում կամ ռեստորաններում բակում մորթված կենդանու միսը հանձնում են մի քանի կգ-ով։ ՍԱՏՄ-ից մանրամասնում են՝ նոր խստացումներն արգելում են, որ խանութը կամ ռեստորանը գնի ոչ սպանդանոցային մորթի միս և եթե պակաս է կենդանու 1/4-ը։ Վերջին երկու տարում բակային մորթի ակտիվացել է, ինչի հաշվին սպանդանոցներում 50-60%-ով մորթը կրճատվել է, որոշ սպանդանոցներում էլ ընդհանրապես մորթ տեղի չի ունեցել։ Մինչդեռ տնտեսվարողները դժգոհում են՝ իրենք ծախս են արել, պատրաստ են գործել ըստ օրենքի, սակայն իրենց կողքին միսը մորթում են բակերում, վաճառում առանց սպանդանոցային մորթը հավաստող 5 փաստաթղթի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն արձագանքում է՝ խնդիրը լուծելու համար գործակցում են նաև էկոնոմիկայի նախարարության հետ․ արդյունքներին սպասում են։

«Ամբողջ հանրապետությունում մենք կունենանք սպանդանոցային մորթ և կկարողանանք վերահսկել, այստեղ մեզ օգնելու է էկոնոմիկայի նախարարությունը, նրանք այս աշնանից կենդանիների համարակալում ծրագիրն են սկսելու, այդ ծրագրի վերահսկողությունը ևս մեր վրա է, և մենք հստակ, այսպես ասած, աշխատանքային սիմբիոզ ենք ունենալու, սպանդանոցային մորթն օգնելու է համարակալումն արագ և ժամանակին անել, իսկ համարակալումն օգնելու է, որ հստակ պատկերացնում ուենանք ոլորտում կենդանիների քանակի մասին և փորձենք բացառել բակային մորթը»,-ասում է Ավետիսյանը։
ՍԱՏՄ-ն էլ իր հերթին է մտահոգված տեղեկություններից, որ շատ դեպքերում հենց սպանդանոցներն են միս վաճառում առանց փաստաթղթի։ Սա էլ կբացառեն սպանդանոցային մորթը վերահսկելու էլեկտրոնային ծրագրով, որը նոր է մշակվում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյան․
«Նաև մենք օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում, համարյա պատրաստ է նախագիծը, մեր գործընկներների հետ քննարկվել ենք, առաջիկայում դա էլ կներկայացնենք»,-ասում է Հայրապետյանը։
Մսավաճառները Սննդամթերքի անվտանգության տեսուչներին այսուհետ շատ հաճախ կհանդիպեն։ Եթե խախտում ունեն, այդ հանդիպումն առանց տուգանքի չի վերջանա։ Նպատակը մեկն է՝ բացառել մսի հակահիգիենիկ վաճառքը։




