
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիվին ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքը կործանելու համար։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վարած մի քանի պատերազմներն ամբողջությամբ արտահայտում են Ալիևի ատելությունը՝ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր վան Դալենը Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով քննարկման ժամանակ։
«Ռազմական գործողություններն ու ահաբեկումները շարունակվում են ամեն օր։ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքը վտանգված է։ Ամեն օր տեղի են ունենում գնդակոծություններ, ձերբակալություններ և Ալիևի կողմից պատվիրված անթիվ այլ թշնամական գործողություններ։ Կան նաև շատ անհետ կորածներ»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը:
Բացի այդ, նրա խոսքով, Ալիևը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի պատմական քրիստոնեական ժառանգությունը։ «Գերեզմանատները, պատմական շինությունները, հուշարձանները և եկեղեցիները սիստեմատիկ և միտումնավոր ոչնչացվում են ադրբեջանական ռեժիմի կողմից»:
«Այս խորհրդարանը միասնական է Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգության այս ոչնչացման հարցում։ Մեր համատեղ բանաձեւի 1-ին կետը միանգամայն հստակ է. մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականությունը»,- նշել է նա։
«Բանաձևի 2-րդ կետն էլ ավելի հզոր է. Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն հայերի նկատմամբ ատելության քաղաքականությունը»,- հայտարարել է Պիտեր վան Դալենը։




