ԿարևորՀասարակություն

Ռուս զբոսաշրջիկները Գյումրին նախընտրում են Իսպանիայից

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանը ռուսների համար դարձավ նախընտրելի ուղղություն։ Մայրաքաղաքից բացի, նրանց թիվը նկատելիորեն ավելացել է նաև Գյումրիի փողոցներում։ Գործարար Վարդան Սրտաշյանն ասում է՝ տնտեսությունը հանրապետության երկրորդ քաղաքում ակտիվացել է։ Գյումրի եկող ռուսների մեջ շատ են հատկապես IT մասնագետները։    

«Դժվար է այս օրերին նրանց տուրիստ անվանել, հիմնականում գալիս են խնդիրների պատճառով։ Գալիս են IT ոլորտի մասնագետները, որոնք SWIFT ծառայության դադարեցման պատճառով Ռուսաստանում խնդիրներ ունեն։ Մեծ մասը գալիս է ունեցած գումարներն ինչ- որ կերպ կանխիկացնելու, հայկական բանկերում քարտեր ունենալու համար»։

Գործարարն ասում է, որ IT ոլորտի մասնագետների հիմանական աշխատանքը արևմտյան ընկերությունների հետ է, իսկ Հայաստանը բարենպաստ տարածք է ծրագրավորողների գործունեության համար։ Շատերը գալիս են ընտանիքներով։

«Մենք եկել ենք նախ և առաջ Հայաստանը տեսնելու։ Մեր ընկերներից ոմանք գնացին Բարսելոնա, Դուբայ, մենք՝ ընտրեցինք Հայաստանը, մեր հայ ընկերներն էին խորհուրդ տվել»։

Լեյս և Բոգդան Բլանդեր ամուսինները մեկամյա դստեր՝ Ագաթայի հետ, 10 օրով են Կազանից եկել Հայաստան։ Ասում են՝ կշրջենք, կծանոթանանք, հետո կմտածենք ապագայի պլանների մասին։ «Ռադիոլուր»-ի հարցին՝ կտեղափոխվե՞ք  Հայաստան՝ մշտական բնակության, ամուսինները պատասխանում են՝ եթե հարազատներն այստեղ լինեին, կտեղափոխվեին․ հայերը շատ հյուրասեր են, Հայաստանը՝ գրավիչ։ 

Դիմիտրի Բաշկիրովն առաջին անգամ է Հայաստանում։ Իվանովոյից  է եկել, ծանոթների հետ՝ գյումրեցի ընկերոջ խորհրդով։ Ասում է՝  IT ոլորտի մասնագետների համար Հայաստան տեղափոխվելը լավագույն տարբերակն է։

«Մեզ համար Հայաստանը, Եվրոպայի համեմատ, առավել հարմար տարբերակ էԵվրոպան ավելի փակ է ու ավելի թանկ։ Եթե նույնիսկ ԱՊՀ երկրների միջև է ընտրությունը, ապա մենք միանշանակ ընտրում ենք Հայաստանը, որը մեզ ավելի հոգեհարազատ է, մշակութային ու արժեքային նմանություններ ավելի շատ ունենք, քան, օրինակ, Ղազախստանի հետ»։  

Ռուսաստանից եկածների թվին զուգահեռ՝ աճում են ավիատոմսերի և վարձով տրվող բնակարանների գները։ Այս ամսվա համար Գյումրիում վարձով բնակարան գտնելն արդեն խնդիր է, իսկ վարձակալման գները գերազանցում են երբևէ գրանցված ամենաբարձր ռեկորդները,-ասում է հյուրանոցային և հյուրատնային բիզնեսով զբաղվող Վարդան Սրտաշյանը։

«Խոսք է գնում անգամ մեկ ամսի դիմաց 1000 դոլլարի մասին, քաղաքի կենտրոնում, բայց չֆիքսվենք գների վրա։ Դրանք, ընդհանուր առմամբ, թանկացել են 2-3 անգամ»։ 

Նոր իրավիճակը նպաստավոր է տնտեսվարողների, բայց ոչ վարձով բնակվող գյումրեցիների համար, որոնք ընդգրկված չեն սոցիալական բնակարանների տրամադրման որևէ ծրագրում։  Թոշակառու Գեղամյան ամուսինները վարձով են բնակվում, թոշակի զգալի մասը վարձ են տալիս, իսկ մնացածը չի բավարարում սննդին, դեղորայքին և կոմունալ վճարներին։ Ամեն օր ահ ու դողով սպասում են, որ բնակարանի տերը կորոշի վարձը բարձրացնել։

Կարդացեք նաև

Back to top button