
Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներին՝ առաջնորդությամբ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի։
Կուսակցության ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին տեղեկություններ են փոխանցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների և արձանագրած արդյունքների վերաբերյալ, անդրադարձ են կատարել ՀՅԴ հետագա գործունեության առաջնահերթություններին և առաջիկա անելիքներին։
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին շնորհավորել է Բյուրոյի կազմում ընտրվելու կապակցությամբ՝ կարևորելով Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների և առկա ճգնաժամի հաղթահարմանը, ազգային ոգու բարձրացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի զորացմանն ուղղված ջանքերը։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը և ՀՅԴ Բյուրոյի անդամները քննարկել են հայրենական կյանքն ու աշխարհասփյուռ ժողովրդին հուզող հիմնախնդիրները, ընդգծել են համազգային միասնականության ամրապնդման անհրաժեշտությունը։ Առկա խնդիրների դիմագրավման գործում կարևորվել է Հայոց Եկեղեցու ազգաշահ առաքելությունը։




