ԿարևորՄշակույթ

«Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը կներկայացնի Վիվալդիի ստեղծագործությունների ընտրանին

Մարտի 18-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ, որին ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։

Համերգային երեկոյին Մադոյանը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) հետ՝ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Երեկոյին որպես մենակատար հանդես կգա նաև սոպրանո Սոֆյա Սայադյանը։ Համերգային ծրագրում Անտոնիո Վիվալդիի լավագույն ստեղծագործությունների ընտրանին է։ Հնչելու են ստեղծագործություններ, որոնք Հայաստանում երբևէ չեն կատարվել։

Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 

Կարդացեք նաև

Back to top button