
Ռուսաստանում կիրառվող արևմտյան սանկցիաները ազդում են տեղի տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների վրա։ Այդ պատճառով, այժմ Ռուսաստանից ՏՏ մասնագետների և ընկերությունների հոսքի կա դեպի Հայաստան։ Վերաբնակեցման քայլեր են նախաձեռնում հիմնականում Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ՏՏ ընկերությունները և նույն բնագավառի մասնագետները։ Էկոնոմիկայի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն զբաղվում է բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու և նոր բիզնես հիմնելու հարցերով։ Էկոնոմիկային նախարարության մամուլի պատասխանատու Գայանե Անտոնյան․
«Այս պահին օտարերկրյա ներդրողներն ու ընկերությունները, որոնք ցանկանում են իրենց գրասենյակները Հայաստան տեղափոխել, շատ հետաքրքրված են։ Մեծամասնությունը ՏՏ ոլորտի ընկերություններ են։ Տեղափոխվելու ցանկություն է հայտնել մոտ 100 ընկերություն»։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝ Ռուսաստանից և Ուկրաինայից օրական 6 հազար մարդ է գալիս Հայաստան։ Նրանք հիմնականում բերում են ռուբլի, որը փորձում են փոխանակել կամ տալ՝ վարձակալության դիմաց։ Ուստի, հիմա, ըստ պատգամավորի, Հայաստանում առաջնային խնդիրը դրամը կայուն պահելն է։Վահե Հակոբյան․
«Ամենակարևոր խնդիրը այն է, որ տարադրամի արտահոսք չլինի։ Ինչքան գիտեմ՝ Էկոնոմիկայի նախարարությունը հիմա մշակում է բանաձև, որ ցանկացած օտարեկրյա ներդրող, որը գումարով եկավ, դրեց, բանկի հաշվի վրա և բացեց բանկային հաշիվ, առնվազն վեց ամիս պետք է այստեղ պահի։ Սա զսպող մեխանիզմներից մեկն է»։
Էկոնոմիկայի նախարարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ մեխանիզմը դեռ քննարկման փուլում է։ Նախարարությանում ստեղծված աշխատանքային խմբի հավաքագրած տվյալները փոխանցվում են Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոն, որի մասնագետները լիարժեք տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում՝ ինտեգրման բոլոր գործընթացներում։ Ի՞նչ արտոնություն է սահմանել կառավարությունը ՏՏ ընկերությունների համար, և ինչո՞ւ պետք է արտերկրի ընկերությունները նախապատվությունը տան հենց մեր երկրին։ ՆՁԱԿ-ի իրավախորհրդատու Լիլիթ Սապաժեանի խոսքով՝ ՌԴ-ից Հայաստան տեղափոխվող անձանց 80 տոկոսը հենց ՏՏ բիզնեսով են զբաղվում։ Արտերկրի ընկերությունների համար հատկապես գրավիչ են հարկային արտոնությունները։
«Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հարկային արտոնությունը։ 21 տոկոս եկամտային հարկի դեպքում, որը, այսպես ասած, աշխատավարձի հարկն է, դառնում է 10 տոկոս։ Եվ քանի որ ՍՊԸ-ն պարտավոր է վճարել շահութահարկ՝ օրենքով սահմանված կարգով, նաև կազատվի շահութահարկի վճարումից, և նրա համար կլինի 0 տոկոս շահութահարկ, եթե կա ՍՊԸ։ ԱՁ-ի դեպքում․ քանի որ ԱՁ-ն արդեն իսկ 5000 դրամ է վճարում, որպես ֆիքսված վճար, իր, այսպես կոչված, եկամտային հարկը, սոցվճարները, փաստորեն, ԱՁ-ի համար սա չի դիտարկվում որպես արտոնություն, որովհետև նա չի վճարում։ Բայց եթե ԱՁ-ն ունենա վարձու աշխատող, նրա համար ևս սա կդիտարկվի»։
Ընթացակարգը հետևյալն է․ օտարերկրյա քաղաքացին կարող է գրանցել անհատ ձեռնակատիրոջ կամ իրավաբանական անձի կարգավիճակ, օրինակ՝ ՍՊԸ։ Երկու դեպքում էլ պետք է անպայման Հայաստանի պետռեգիստրում նշեն, որ գործելու են ՏՏ ոլորտում։ Հարկային արտոնությունների տակ դիտարկվում են մի շարք ոլորտներ․ ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվական գործունեություն, համակարգչային տեխնիկական միջոցներ, համակարգչային համակարգերի կառավարում, պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծում, տվյաների մշակում և այլն։ Լսենք ՆՁԱԿ-ի իրավախորհրդատու Լիլիթ Սապաժեանին․
«Մի քանի պահանջներ պետք է բավարարեն, որ կարողանան օգտվել հարկային արտոնություններից։ ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն ,անկախ նրանից՝ օտարեկրյա մասնակցությամբ է, թե օտարերկրյա քաղաքացի է գրանցել, եթե ՀՀ-ում է, ուրեմն, արդեն իսկ Հայաստանի ռեզիդենտ է։ Պետք է իր ողջ ՏՏ գործունեության ընթացքում առավելագույնը 30 աշխատող ունենա։ Եվ կա ժամկետ, որ ՍՊԸ-ի գրանցման կամ, որպես ԱՁ-ի հաշվառվելու պահից 3 ամսվա ընթացքում, պետք է դիմեն ԲՏԱ նախարարություն և ներկայացնեն օրենքով անհրաժեշտ փաստաթղթերը»։
30 օրվա ընթացքում նախարարությունը հավաքագրում է դիմումները, դիտարկում հայտը, ապա հրավիրում դիմում ներկայացրած ընկերության ներկայացուցչին։ Հավաստագրման հայտը բավարարվում կամ մերժվում է՝ ըստ ներկայացված փաստաթղթերի։ Սակայն այստեղ մեկ նրբություն էլ կա․
«Շահույթի առումով, ստացվող հարկի տեսանկյունից, հարկերը մնում են նույնը։ Այսինքն, եթե ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն աշխատում են 5 տոկոս շրջանառությամբ հարկով, ապա նրանք իրենց ունեցած շահույթից շարունակելու են վճարել 5 տոկոս շրջանառությամբ հարկ։ Ստացվում է, որ խոսքը ոչ թե շահույթից ելնող հարկի մասին է, այլ բացառապես քո ունեցած աշխատակցի համար վճարվող հարկի։ Արդեն, երբ շահույթ ես բաշխում, քո ՍՊԸ-ի սեփականատերերի տեսանկյունից այդ շահույթի բաշխված հարկի մասին է խոսքը, որը զրոյացվում է», — ասում է Լիլիթ Սապաժեանը։
Հայաստանյան ռեզիդենտ ընկերությունները կարող են օգտվել այդ արտոնություններից, բացառությամբ, եթե նրանք ծառայություններ են մատուցում հենց ՀՀ-ում գրանցված տեղացի ՏՏ ընկերություններին։ Այսինքն, Հայաստանի ռեզիդենտ օտարեկրյա ՏՏ ընկերությունը չի կարող ծառայություն մատուցել տեղի ՏՏ ընկերությանը և, միաժամանակ, օգտվի սահմանված հարկային արտոնությունից։




