ԿարևորՄշակույթ

«Երևան» լարային քառյակի նպատակը՝ դառնալ աշխարհում «մարտունակ» կվարտետ

Կվարտետ՝ 4 երաժիշտներից բաղկացած անսամբլ։ Կամերային անսամբլներից առավել տարածված է լարային աղեղնավոր կվարտետը՝ 2 ջութակ, ալտ, թավջութակ։ Նարեկ Սագսյանը՝ Երևան կվարտետի առաջին ջութակահարը, 2017 թվականին հիմնադրեց այս լարային քառյակը․

«Քառյակային կյանքը առհասարակ Հայաստանում աշխույժ չէ։ Վերջին տարիներին, մանավանդ, դժվար է մտաբերել խմբեր, որոնք փորձում են ելույթներ ունենալ։ Մենք շատ ենք սիրում կամերային երաժշտությունը և համարում ենք, որ Հայաստանում ցանկացած մարդ իր մասնագիտությունը ոչ միայն իրեն, այլև երկրին պետք է ծառայեցնի։ Այդ է պատճառը որ մեր անունը հենց Երևան է, որ մենք մեծ մասամբ ներկայացնում ենք հայ հեղինակների ստեղծագործություններ։ Սա մի գաղափարախոսություն է, որի շուրջ մենք հավաքված ենք»,-ասում է Նարեկ Սահակյանը։

Երկրորդ ջութակ՝ Գևորգ Գասպարյան, թավջութակահար, համահիմնադիր՝ Միքայել Նավասարդյան, ալտահար՝ Հայկ Տեր-Հովհաննիսյան։ Կվարտետի բոլոր անդամները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ են։ Հայկը կվարտետին միացել է արդեն 1 տարի․

«Լարային քառյակը բոլոր տեսակի նվագախմբերի հիմնաքարն է։ Մեր քառյակը տարբերվում է, որովհետև ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում փորձելու ենք կատարել հին և ժամանակակից կոմպոզիտորների գործերը»,-ասում է ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը։

Որպես կանոն՝ կվարտետը գրվում է սոնատային ձևով։ Այսպիսի հայտնի գործեր կարելի է հանդիպել  Անտոնիո Վիվալդիի, Յոզեֆ Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի ստեղծագործություններում։ Քիչ չեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ գրված կվարտետի համար։ Դրանք, սակայն, կամ չեն կատարվել ընդհանրապես, կամ քիչ են կատարվել․ պահպանված ձայնագրություններ չկան։ Նարեկ Սահակյան․

«4 ամիս առաջ ՌԴ ֆիլհարմոնիկ նվագախմբի դաշնակահարն էր եկել, ստեղծագործություն էր գրել կվարտետի համար։ Մենք կատարեցին, համերգ ունեցանք։ Մեր քառյակի դեպքում, սակայն, յուրահատկությունն այն է, որ մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք կամ շատ քիչ են հնչել, կամ ընդհանրապես չեն հնչել»,-ասում է ջութակահար Նարեկ Սարգսյանը։

Ալտահար Ռուբեն Ալթունյան, Էդգար Հովհաննիսյան, Արտեմի Այվազյան, Հարութ Ստեփանյան․ այս հայ կոմպոզիտորներն ունեն կվարտետի համար գրված բազմաթիվ գործեր, որոնք երբևէ չեն հնչել։ «Երևան» կվարտետն առաջինն է, որ փորձում է դրանք հանրահռչակել։ Գործերը հայ հանդիսատեսին ներկայացնելուց բացի նախատեսում են ելույթներ նաև արտերկրում։ Նարեկ Սահակյան․

«Քառյակը առանձին ժանր է, ինչպես, օրինակ, սիմֆոնիկ նվագախումբը։ Ուղղակի Հայաստանում կվարտետը մի տեսակ կորպորատիվ ընկալում ունի, այսինքն, պրոֆեսիոնալ մակարդակում կամ չկա, կամ շատ քիչ է»,-նշում է «Երևան» կվարտետի հիմնադիրը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն  ասում են՝ մրցունակ, աշխարհին ներկայանալի հայկական կվարտետ դառնալու նպատակ ունեն, իսկ առայժմ պատրաստվում են առաջիկա համերգին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում։

Կարդացեք նաև

Back to top button