ԿարևորՀասարակություն

450 համատիրություն եւ 0 վերահսկողական գործառույթ․ բնակչի վճարած գումարների ծախսը կվերահսկվի

Երևանում համատիրությունների կառավարումը կբարեփոխվի: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման նոր համակարգ:  Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը «Ռադիոլուրին» ասում է՝ այսօր էլ որոշ համատիրություններ իրենց համար նման համակարգ են ստեղծել, սակայն այժմ նախատեսվում է էլեկտրոնային կառավարման համակարգ կիրառել ողջ քաղաքի համատիրությունների համար: Ենթադրվում է, որ սա պետք է առավել թափանցիկ դարձնի համատիրությունների ծախսերը եւ բնակչի համար պարզ դարձնի՝ ուր են հոսում իր վճարած գումարները։

Երևանի մոտ 5000 բազմաբնակարան շենքերը կառավարում են 260 համատիրությունները։ 140 շենք էլ՝ լիազոր-կառավարիչները: Շենքերի պահպանման համար բնակիչներն ամեն ամիս վճարում են, բայց միշտ չեն վստահ, որ ծախսերն  արդյունավետ են։ Բազմիցս դժգոհում են՝ համատիրության ղեկավարի հետ առնչվում են միայն գումար մուծելիս, իսկ երբ կոնկրետ խնդիր պետք է լուծվի, պարզվում է՝ գումարներն արդեն սպառված են։ «Ռադիոլուրի» զրույցը՝ բնակիչների հետ։

«Բնակվում եմ Նոր Նորքի 1-ին զանգվածում։ Ամեն ամիս պարտադիր գալիս, հավաքում են համատիրության գումարները։ 1200 դրամ երկու սենյականոցից են գանձում, 1500՝ 3 սենյականոցից, 1000 դրամ՝ 1 սենյականոց բնակարանից։ Մեր մուտքը 66 բնակարան է, նույնն էլ՝ կողքինը։ Թե 130 բնակարանից հավաքված գումարի հետ ինչ է արվում, պատասխան չենք ստանում։ Պատուհաններին շենքի բնակիչներն են ցելոֆան կպցնում, որ ձմռանը ցուրտ չլինի։ Բակը ամռանը շենքի բնակիչներն են մաքրում, ձմռանը ոչ մի բան չի արվում»։

«Ես որպես Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, մեր համատիրության աշխատանքը երբևէ չեմ տեսել։ Ինչի մասին է խոսքը, եթե անգամ համաճարակի ժամանակ մուտքերը չախտահանվեցին։ Շենքում կոյուղու հետ խնդիր կար, համատիրությունը ասում էր դիմեք վեոլիա ջրին, վեոլիա ջուրն ասում էր՝ դիմեք համատիրությանը։ Վերջում մենք գումար հավաքեցինք, ինքներս լուծեցինք հարցը։ Չեմ հասկանում ՝ ինչի համար ենք վճարում»։

«Վերջերս ինձ վերևի հարևանը ջրել էր։ Մեծ վնաս էր հասցրել նոր վերանորոգած բնակարանիս։ Հարևանս չէր ուզում լիովին  փոխհատուցել, դիմեցի համատիրություն։ Պատասխանեցին, որ ոչնչով չեն կարող օգնել։ Դուրս է գալիս, ով ում ուզի կարող է վնասել, ու ոչ մի փոխհատուցում չկա՞։ Այսօր էլ եկան գումար հավաքելու, հարցրեցի իսկ իմ վճարած գումարները մինչև հիմա ինչի վրա են ծախսվել,  համատիրության աշխատողը չկարողացավ պատասխանել, թե այդ գումարներն ուր են գնում։

Բազմաբնակարան շենքերի պահպանման վճարը բնակչի համար պարտադիր է, չվճարելը կարող է դատարան հասցնել։ Որքա՞ն է վճարում բնակիչը, և ինչի կուղղվի այն, ամեն համատիրություն  որոշում է ըստ  կարիքների։ Փոքրաթիվ համատիրություններ գումարը հավաքում են բանկային հաշվեհամարին ու բնակչին ամեն կերպ հաշվետու լինում, ամեն պահի արձագանքում սոցցանցում։

Երևանի նորակառույց թաղամասերից մեկի համատիրության նախագահը «Ռադիոլուրին» պատմում է՝ արդեն մոտ 8 տարի՝ ստեղծման օրվանից ի վեր, իրենց բնակիչները մուտքերում փակցված թերթիկներից մինչեւ ֆեյսբուքյան  խումբ ամեն ամիս պարտաճանաչ տեղեկանում են ամեն դրամի ծախսին։ Բնակիչներն իրենք էլ շատ բծախնդիր են հաշվետվության հանդեպ։ Սա, թերևս, այն քիչ դրական օրինակներից է, երբ եւ բնակիչն է գոհ, եւ համատիրության աշխատանքն է «խոշորացույցի» տակ։ Համատիրության նախագահ  Էմիլ Սարգսյան։

Բնականաբար, տարբեր հարցեր եղել են, թե  այս կամ այն ծառայությունը ինչու այսքան արժե, կամ ինչու ենք այս կամ այն բրենդի ապրանքը գնել։ Բայց դրանք շատ փոքր տոկոս են կազմում, որովհետև փորձում ենք մանրամասն ներկայացնել հաշվետվությունը։ Ներկայացնում ենք ոչ միայն տվյալ ամսվա , այլև  տարեկան բյուջեի ծախսն ենք ներկայացնում, և թե ինչքանով ենք առաջ գնացել այդ ծրագրով։

Բնակիչների գոհ ու դժգոհ դիտարկումները հասել են քաղաքապետարան։ Ելքը տեսնում են էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ․ աշխատանքը կլինի թափանցիկ, մարդիկ ծախսն ու ծախսի թղթային հիմնավորումը կտեսնեն։ Սա կլինի բոլորին հասանելի, մինչդեռ հիմա շատերն են կաշկանդվում գնալ եւ հաշվետվություն պահանջել։
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյան․

Սրա անհրաժեշտությունն իրականում կար։ Բաց և թափանցիկ հարթակ է լինելու։ Թե մուտքագրված, թե ծախսագրված ողջ ֆինանսական շարժը տեսանելի է լինելու։ Սա իրականում շատ կարևոր է, քանի որ շատ բնակիչներ կասկածում են՝  համատիրությանը պե՞տք է վճարել, կամ ուղղակի հրաժարվում են վճարել՝ պատճառաբանելով, թե համատիրության աշխատանքն իրենց համար տեսանելի չէ։ Կան նաև համատիրություններ, որոնք շատ պատշաճ իրենց գործառույթները իրականացնում են,  բայց նաև գումարների հավաքագրման խնդիր ունեն։ Սա  թափանցիկ հարթակ է լինելու, որպեսզի բոլոր բնակիչները ներգրավված լինեն և ամբողջությամբ տիրապետեն իրենց շենքին առնչվող բոլոր աշխատանքներին։

Էլեկտրոնային համակարգում նաև  համատիրություններն առավել զգոն կլինեն: Ծրագիրը մշակվում է, վերջնարդյունքում ամեն համատիրություն իր հարթակը կունենա, ամեն բազմաբնակարան՝  իր հաշվեհամարը: Սա կվերացնի դժգոհությունները, որ մի շենքի վճարած գումարը կարող է ծախսվել նույն համատիրության այլ շենքերի վրա: 

Ի դեպ՝ համատիրության մասին օրենքն էլ կարող է փոխվել։  Այս դեպքում կստեղծվեն համատիրությունների հաշվետվությունների հրապարակման մեխանիզմներ, որոնք կվերահսկի ՊԵԿ-ը։  Ինչ եւ ինչպես է ՊԵԿ-ը վերահսկելու՝ կոմիտեից  չեն մեկնաբանում, թեեւ նախագիծը հենց նրանք են հեղինակել։ Բայց նախագծի հիմնավորման մեջ շեշտում են՝ Հայաստանում կա շուրջ 450 համատիրություն եւ 0 վերահսկողական գործառույթ, եթե քաղաքացին ինքնը չփորձի վերահսկել։  

Կարդացեք նաև

Back to top button