
Մարտի 5-ին Պրահայի Օլիմպիկ հյուրանոցում իր աշխատանքն է սկսել Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման՝ ՀԵՀԵՄ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակության տարծաշրջանային ֆորումը՝ մասնակցությամբ եվրոպական 10 երկրների 40-ից ավելի երիտասարդների եւ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների, գրում է Orer. eu-ն:
Բացմանը ներկա են եղել ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը ԱՄՆ-ից, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը Վիեննայից , Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը Բուխարեստից, Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանը Քյոլնից, ինչպես նաեւ Եվրոպայի տարբեր թեմերի հոգեւոր հովիվներ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը Շվեդիայից, Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը Դանիայի եւ Նորվեգիայի, Շվեդիայի հարավային շրջանի հովվությունից, քահանա Գաբրիելյանը Գերմանիայի Հեսսեն երկամասից եւ Մայնց քաղաքից։ Ֆորումին ներկա են եղել նաեւ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն՝ Հոգեշնորհ Տեր Թովմա վրդ․ Խաչատրյանը եւ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։

Հայ հոգեւորականների խմբին ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան։
Երիտասարդներ են ժամանել Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Դանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Լատվիայից, Ռումինիայից, Շվեյցարիայից, ինչպես նաեւ ներկա են Չեխիայի ներկայացուցիչները։
Հանդիպումը ողջույնի խոսքով բացել եւ ներկաներին շնորհակալություն է հայտնել Տիրան Սրբազանը՝ ընթերցելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը։ Վեհափառը հաջողություն է մաղթել ֆորումի աշխատանքներին եւ հույս հայտնել, որ այս տարի հուլիսին ՀԵՀԵՄ անդամները ուխտագնացության կմեկնեն Հայաստան։
Այնուհետեւ ՀԵՀԵՄ հոգեւոր առաջնորդ Հովնան Սրբազանը, որը դեռեւս 20 տարի առաջ եղել է այս կառույցի հիմնադիրը, ողջունելով ներկաներին՝ իր խոսքում բացատրել է ՀԵՀԵՄ առեքելության իմաստը, ոգեւորել է ներկա երիտասարդներին եւ կոչ արել ազատ արտահայտել մտքերը եւ իրականացնել նախանշած ծրագրերը։ Նշելով, որ եկեղեցին ամբողջական ծառայություն է պահանջում, հետեւաբար պետք է լինել ոչ թե եկեղեցու կողքին, այլ եկեղեցու մեջ։ Նրա ասելով, ՀԵՀԵՄը յուրատեսակ կամուրջ պետք է դառնա Հայրենիքի եւ սփյուռքի հարարբերություններում, եւ հատկապես երիտասարդ սերունդը պետք է առաջնորդվի ազգային արժեքներով ու գաղափարներով, առաջ տանելով նաեւ Աստծո խոսքի քարոզչությունը։
Ֆորումի հաջորդ նիստում հինգ սեղանների շուրջ հավաքված 40 երիտասարդները քննարկել են օրակարգում նշված հարցերը։ Այսօր դրանք կամփոփվեն եւ կներկայացվեն արդյունքները։
Այսօր՝ մարտի 6-ին ժամը 13-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում հայ հոգեւորականների մասնակցությամբ տեղի կունենա ժամերգություն։




