ԿարևորՀասարակություն

Խրամորթյան սադրանքը՝ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում

Մարգարիտա Ղուշունց
Արցախի հանրային ռադիո

44-օրյա պատերազմը կարծես թե ավարտվել է, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ ուղղված հանցագործություններն ու սադրանքները՝ ոչ: Խրամորթյան սադրանքներն այս անգամ կրկնվել են Նորշենում: Այնտեղ նախօրեին՝ կեսօրից հետո ադրբեջանական զինվորականների մեքենաներից, ռադիոյի ձայնից էլ բարձր, հնչել է մինչ այդ Խրամորթում հնչած ձայնագրությունը: Այն խաթարել է գյուղի բնականոն կյանքը, անհանգստություն առաջացրել այգում աշխատող գյուղացիների շրջանում: 

Ադրբեջանական դրոշները վաղուց են մոտ Նորշենին: Սպասելի էր նաև, որ մի օր կհնչեն այսպիսի բովանդակությամբ ձայնագրություններ՝ ասում է Նորշենի դպրոցի տնօրեն Սամվել Ավանեսյանը, ում հայրը այդ պահին աշխատում էր այգում: Այնտեղ ձայներն ավելի լավ էին լսվում, սպառնալիքները շատ էին՝ ասում է: 

«Ձայնագրությունն այնքան բարձր էր հնչում, որ չնայած 4 կմ հեռու էր գյուղից, բայց բնակչության մեծամասնությունը լսել է այն։ Ասում էին, որ լքենք տարածքը, որ սա  ադրբեջանական գյուղ է: Այդ ժամանակ հայրս այգում էր, գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում բանվորների հետ։ Զանգեցի՝ պարզելու՝  ինչ է կատարվում։ Հայրս ասաց, որ  ռուս խաղապահներն իրենց հետ են, և պիտի որ լավ լինի»։ 

Խաղապահներն անմիջապես արձագանքել և դեպքի վայր են մեկնել:  Վերադառնալուց հետո հորդորել են գյուղացիներին շարունակել իրենց աշխատանքը։ Սակայն դրանից հետո էլ ձայները չեն լռել՝ ասում է Սամվելը․ 

«Մոտ կես ժամ ադրբեջանցիների մեքենան ձայնագրությունը միացրած վեր ու վար էր անում։ Դա հետո արդեն բանվորները պատմեցին, երբ եկան այգուց։ Ասում են՝ դիրքրից դիրք անցնելիս էին հնչեցնում այդ ձայնագրությունը»: 

Հերթական սադրանքն է, որին Ադրբեջանը դիմում է Արցախը  վերջնականապես հայաթափելու նպատակով, սակայն նմանօրինակ երևույթները չեն կարող ազդել արցախցու կամքի վրա։ Ձայնագրությունից առաջ կրակոցներ են հնչել, որը նույնպես սովորական երևույթ է դարձել այստեղ՝ ասում է համայնքապետ Գևորգ Հարությունյանը։ Կատարվածի մասին անմիջապես տեղեկացրել է շրջվարչակազմի ղեկավարին: Վերջինս ռուս խաղապահների հետ եղել է դեպքի վայրում, միայն դրանից  հետո է  դադարել հնչել ձայնագրությունը․ 

«Կրակոցներ հաճախ են լինում։ Դեպի օդ են կրակում՝ վախեցնելու նպատակով, որպեսզի այգում աշխատողները դադարեցնեն աշխատանքները։ Ձայնագրություն, որպես այդպիսին, առաջին անգամ  էր Նորշենում հնչում։ Գյուղացիների շրջանում  խուճապային տրամադրություն այդքան էլ չեր նկատվում»։ 

Դպրոցական Մարիա Հարությունյանն այդ պահին տնային աշխատանքներն էր կատարում: Թեման, իհարկե, նաև երեխաների շրջանում է քննարկվել: Եկել են այն եզրահանգման, որ նման բաներից իրենք չպետք է վախենան․ 

«Համադասարանցիներս վախեցել էին, սակայն ես նրանց բացատրեցի, որ ադրբեջանցիների քայլերը միտված են մեզ վախեցնելուն, և մենք պետք է ուշադրություն չդարձնենք նման երևույթներին։ Նրանք պետք է լքեն մեր հողերը, ոչ թե մենք»: 

Նորշենում այսօր միջադեպեր չեն գրանցվել։ Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է  իրականացնում համայնքի տարածքում և հարակից ճանապարհահատվածներում՝ հետագա նման սադրիչ միջադեպերը կանխելու համար։

Կարդացեք նաև

Back to top button