
Հայերի նկատմամբ ատելությունն Ադրբեջանում քարոզվում է ամենաբարձր մակարդակով, կեղծվում է պատմությունը, օկուպացված հայկական տարածքներում ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը։ Առանձնահատուկ դաժանությամբ են այդ երկրում վարվում հայ գերիների հետ։ Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը նկատում է՝ Ալիեւը չի հանդարտվում անգամ 44-օրյա պատերազմից հետո, շարունակում է հայատյացության քարոզը դպրոցներում ու անգամ մանկապարտեզներում։ Հատուկ աչքի է ընկնում հակառակորդի բառապաշարը՝ նսեմացնող ու ստորացնող։
«Ֆաշիստներ է անվանում հայերին, ասում, որ տարածաշրջանը ֆաշիստներից է ազատագրել։ Երկաթե բռունցքի մասին է խոսում։ Երկարաժամկետ առումով նպատակ ունի հայաթափել թե Արցախը, թե Հայաստանի սահմանամերձ շրջանները»։
Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմը հերոսներ չունի Ադրբեջանում, միակ հերոսն Ալիեւն է, ով միայն իր անձն է շեշտադրում գրանցած այսպես ասած հաջողություններում ու բոլոր հնարավոր ատյաններում հայատյաց քարոզ տանում։ Դրա կողքին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատմությունը կեղծելու միտումներն է շեշտում․
«Միջազգային հանրության արձագանքը կարեւոր է հետագա վարքագիծը միջազգային իրավունքին համապատասխանեցնելու տեսանկյունից։ Քաղաքականությունը, որ տարվում է Ադրբեջանի կողմից, էականորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ նորմերը, եւ դա պետք է միշտ միջազգային հանրություն ուշադրության կենտրոնում լինի»։

Հայկական անուններն Ադրբեջանում արժանապատվությունը վիրավորող են համարվում։ Փոխարենը հերոսացվում է Բուդապեշտում հայ սպային կացնահարած Սաֆարովը։ Եվ, ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի, Սաֆարովի հերոսացումը չէր լինի, եթե Հունգարիան չգործակցեր Բաքվի հետ եւ չարտահանձներ մարդասպանին։
Իրավապաշտպանը 44-օրյա պատերազմից հետո առկա ազգային խտրականության ու հայատյացության նոր դրսեւորումների մասին է խոսում։ Իրականությունն այն է, որ անգամ տարեցները, որոնք չէին կարողացել դուրս գալ օկուպացված հայկական տարածքներից, սպանվել են դաժանաբար կամ գերեվարվել ու խոշտանգվել։ Փաստաբանի կարծիքով՝ գուցե այդ տարեցներից ոմանք մտածել են, թե կարող են չփախչել ու ադրբեջանցիների հետ ապրել։ Սակայն կյանքն այլ բան է փաստել.
«Այդ պետությունը կատարվածը չի դիտարկում հանցավոր, ապօրինի եւ ջանքեր չի գործադրում եղելությունը բացահայտելու, մեղավորներին պատժելու համար։ Մինչդեռ Եվրոպական դատարանն ունի ուղիղ ցուցում Ադրբեջանին՝ հետաքննել բոլոր դեպքերը՝ նաեւ ուսումնասիրության առարկա դարձնելով հանցագործության կատարման էթնիկ մոտիվները»։

Այլ հակամարտություններում, նույնիսկ ռուս–ուկրաինականում մարդասիրական նորմերը հարգվում են, ինչը որեւէ կերպ չի կարելի ասել արցախյան պատերազմի դեպքում։ Մինչ օրս Բաքուն պահում է գերիներին, խոշտանգում՝ փաստում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան, հիշեցնում, որ անգամ խաղաղ պայմաններում են գրանցվել գերեվարման դեպքեր։ Հայտնի դեպքը Խծաբերդից 62 հայի գերեվարումն էր։ Այսօր 38 հայեր դեռ գերության մեջ են Բաքվում, 80-ն՝ անհետ կորած, նրանք բռնի հարկադիր անհետացածի կարգավիճակ ունեն։ Եթե միջազգային հանրությունը պատշաճ կերպով դատապարտեր այդ ոճրագործությունները, իրավիճակն այլ կլիներ՝ ասում էՍիրանուշ Սահակյանը․
«Ուկրաինայի հետ համակարտության ընթացքում տեսնում ենք լուրջ պատժամիջոցներ ՌԴ հանդեպ, եթե այդ պատժամիջոցների 10 տոկոսը կիրառվեր Ադրբեջանի նկատմամբ, 44-օրյա պատերազմը գուցե 4 օր տեւեր»։
Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանի խոսքով՝ արցախյան պատերազմը չդատապարտելը նախադեպ ստեղծեց այլ տարածաշրջաններում հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու համար։ Այդուհանդերձ, Թաթիկյանը հուսով է, որ դիվանագիտական շրջանակները կկարողանան այս ուղերձը տեղ հասցնել։
Չդատապարտվելով միջազգային հանրության կողմից՝ Բաքուն հայ գերիներին որպես գործիք է օգտագործում քաղաքական հարցեր լուծելու համար, միջազգային հանրության աչքին փորձում է դրական կերպար խաղալ, մինչդեռ միջազգային հանրության համար նորություն չէ, որ գերիներին չվերադարձնելը ռազմական հանցագործություն է՝ նկատեց Թաթիկյանը։
Պաշտոնը նոր ստանձնած ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը շեշտում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրը, որով նպատակ է դրված չեզոքացնել հուշարձանների հայկական լինելու փաստերը։ Ադրբեջանը հայկական մշակութային ինքնությունը ձեւախեղելու քաղաքականություն է իրականացնում, ասաց, ինչին հակազդելը հայկական կողմից ջանքեր ու աշխատանք է պահանջում։
«Հայատյացությունն Ադրբեջանում եւ էթնիկ զտման վտանգը Արցախում» թեմայով քննարկմանը շեշտվեց նաեւ ադրբեջանցիների հատուկ վատ վերաբերմունքը կրոնական հարցերում։ Հայ գերեւարվածների համար խաչ կամ աղոթագիրք ունենալն ավելի ծանր խնդիրներ է ստեղծել։ Ավելին, եղել են դեպքեր, երբ հայերին պարտադրել են Ղուրան կարդալ եւ ոչ միայն։ Թվում էր, թե 44-օրյա պատերազմից հետո փոքր-ինչ կմարեր հայատյացության կրակը Ադրբեջանում, սակայն իրականությունն այլ բան է ցույց տալիս, եւ միջազգային հանրությունը պետք է գնահատական տա կատարվածին՝ շեշտել են քննարկման մասնակիցները։




