
2018-ին Հայկ Հովակիմյանը վերադարձավ Հայաստան՝ մշտական բնակության։ 2019-ին Հայաստան տեղափոխվեց Էդգար Դավթյանը։ Հետո նրանց միացավ Դավիթ Խաչատրյանը, ու ստեղծվեց Sovorir.Online առցանց հարթակը։ Հարթակը գործարկվել է փետրվարին։ Այն մասնակիցներին թվային մարկետինգի գործիքներ է սովորեցնում։ Համահիմնադիրների խոսքով՝ գլոբալ նպատակը Հայաստանում աղքատությունը հաղթահարելն է, իսկ խնդիրը՝ մարդկանց կոնկրետ հմտություններ փոխանցելը, որոնցով հնարավոր է գումար վաստակել։
Sovorir.Online ծրագրի նախաձեռնողը Էդգար Դավթյանն է, աշխատել է ռուսական առաջատար ընկերություններում՝ որպես մարկետինգային բաժնի ղեկավար։ Մասնագետների հետ մշակել է ուսումնական ծրագիր, որը, հեղինակների խոսքով, հնարավորություն կտա թվային մարկետինգի միջոցով ամսական նվազագույնը 1000 դոլար վաստակել։ «Repat Riarch» յութուբյան ալիքի հիմնադիր, հարթակի համահիմնադիր Հայկ Հովակիմյանի խոսքով՝ նախագծի նպատակը մեր երկրում աղքատության հաղթահարումն է։
«Սովորիր օնլայն»-ը ոչ թե որպես դասընթաց, այլ որպես համայնք ենք դիրքավորում, քանի որ մենք տալիս ենք 5 տոկոս գիտելիք, իսկ 95 տոկոսը հատուկ տեխնիկա է, թե ինչպես մարդիկ իրար հետ համագործակցելով, թիմային աշխատանքով կարող են առաջ գնալ։ Հենց սովորելու ընթացքում կարողանում են պատվերներ վերցնել ու արդեն գումարով գործ անել։ Այսինքն, մեր նպատակն է, որ հենց սովորելու ընթացքում մարդիկ սկսեն փող աշխատել»։
Նպատակ ունեն մինչև տարեվերջ 10 հազար մարդու ներգրավել IT-ում։ Իսկ 3 տարում պատրաստել ավելի քան 100 հազար մասնագետ։ Դրա համար մշակել են նպատակին տանող 57 հստակ քայլ, 40 գործնական առաջադրանք, 50 վիդեոդաս և օնլայն թեստեր, ինչպես նաև 35 գործիք՝ աշխատանք գտնելու համար։ Դասընթացի առաջին հոսքում սովորում է147 մարդ։ Նրանց կեսից ավելին ռուսալեզու հայեր են՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Կանադայից և Իտալիայից։ Հայկ Հովակիմյան․
«Շեշտը դնում ենք մարդկանց հնարավորություն տալու վրա, որ ռելոկացիա կատարեն Հայաստան ու այստեղ աշխատանք ունենան։ Մարդիկ կան, որոնք ուզում են գալ Հայաստան, բայց չգիտեն՝ ինչպես կարող են Հայաստանում գումար աշխատել, ու դա միակ պատճառն է, թե ինչու Հայաստանում չեն ապրում։ 21-րդ դարը մեզ հնարավորություն է տալիս ուղղակի համակարգիչ ունենալով՝ առցանց գումար աշխատել։ Մենք ուզում ենք բացատրել այդ ճանապարհային քարտեզը՝ ինչպես կարող են Հայաստան գալ ու այստեղ գումար աշխատել»։
Նախագծի հեղինակների դիտարկմամբ՝ մասամբ շրջափակված լինելը թվային գործիքներին տիրապետելու և դրանց միջոցով Հայաստան փող բերելու խնդիրն ավելի սուր ու հրատապ է դարձնում։ Գիտեն, որ թվային մարկետինգի գիտելիքներ ու հմտություններ առաջարկող բազմաթիվ դասընթացներ կան։ Իրենց առաջարկն ավելի շատ ծառայություն են համարում, որը տալիս է գումար աշխատելու հմտություններ։ Հարթակի սովորողներին տրամադրում են ռուսալեզու ֆրիլանս հարթակներում, տելեգրամ ալիքներում առկա պատվերների հայտարարությունները․
«Իրենք, ընդհանուր առմամբ, երկու ամիս են սովորելու։ Երրորդ-չորրորդ շաբաթվա մեջ գումար աշխատելու առաջին փորձերն են անելու։ Հիմա գործնական աշխատանքներ են կատարում, նաև կապեր ձևավորում։ Օրինակ՝ մի դասի ընթացքում պետք է մարկետինգային ռազմավարություն մշակեն, ֆրիլանս հարթակում ընտրեն ընկերություն, որը պատվերներ է տալիս, և նրանց համար անվճար մարկետինգային ռազմավարություն մշակեն ու առաջին կապերն արդեն ձեռք բերեն։ Այսինքն՝ տեխնոլոգիան այն է, որ մարդը գործով է սովորում, ոչ թե միայն տեսություն նայելով»։
Ռուսական շուկայում կրթական նման ծրագրերի արժեքը 1000-1500 դոլար է, և խոսքը միայն մասնագիտությունն ուսումնասիրելու մասին է։ Այս դասընթացին մասնակցելու համար մեկանգամյա վճարման երկու տարբերակ կա՝ 65 և 125 դոլար արժողությամբ։ Անվճար սովորելու տարբերակ ևս կա․
«Մենք հնարավորություն տալիս ենք այն մարդկանց , որոնք այսօր այդ գումարը չեն կարող վճարել։ Մեզ մոտ «Սպասման ցանկ»(waiting list) հասկացողություն կա, որ նրանք կարողանան այդտեղ գրանցվել, մոտիվացիոն նամակ գրել ու անվճար մասնակցել ծրագրին։ Այսինքն, բացատրեն իրավիճակը, որում գտնվում են, բայց նաև նշեն, որ ուզում են սովորել ու գումար աշխատել։ Այդ դեպքում, մենք արդեն մեր միջոցներով գտնում ենք կամ ներգրավում մեր գործընկերենին, որոնք կարողանում են վճարել»։
Մասնակիցները նախ տեսանյութերի միջոցով տեսական գիտելիքներ են ստանում, ապա դասընթացի ժամանակ օնլայն թեստեր հանձնում։ Թիմային տարբերակով գործնական առաջադրանքներն են կատարում, և մինչև թիմի բոլոր անդամները առաջադրանքը չեն կատարում, հաջորդին չեն անցնում։
«Եթե ուզում ենք լուծել մեր խնդիրները անվտանգության, կրթության, առողջապահության մեջ, ապա պետք է փող ունենանք։ Այսինքն, այդ դեպքում հնարավոր կլինի գնել․ օրինակ՝ Բայրաքթարների ծրագիրը 300 մլն դոլար արժե, դրան գումարած նաև 4-5 տարի հետազոտություններ, այսինքն՝ դու այդ փողը պետք է ունենաս, որ տաս։ Հիմա մեր ժողովուրդը չունի այդ փողը, ինքը պետք է փող աշխատել սովորի, Հայաստան բերի դրսից ու կարողանա գնել անվտանգություն, կրթություն, առողջապահություն, ենթակառուցվածքներ, ամեն ինչ։ Դա է մեր նպատակը։ Հայաստանի գլխավոր խնդիրը կրթությունը կամ անվտանգությունը չէ, այլ աղքատությունը։ Հենց հաղթահարենք աղքատությունը, մնացած խնդիրները շատ ավելի հեշտ կհաղթահարենք»։
Դասընթացի երկրորդ հոսքն այս ամիս արդեն սկսվել է, երրորդն ապրիլին է։ Արդեն հայտագրվել է 270 մարդ։ Հետագայում կուսուցանեն թվային այլ մասնագիտություններ ևս։ Հայկ Հովակիմյանի խոսքով՝ իրենք մասնակիցներին չեն խոստանում դարձնել ոլորտի լավագույն մասնագետ։ Գիտակցում են՝ դրա համար խոր ուսումնառություն է անհրաժեշտ, փոխարենն առաջարկում են հմտություններ, որոնք թույլ կտան գումար վաստակել և հաղթահարել աղքատությունը։
«Մարկետինգային գործիքներն այս պահին շատ կարևոր են և ավելի հեշտ է գտնել աշխատանք։ Դրա համար էլ մեծ տենդենց կա հենց մարկետինգային CEO կամ նմանատիպ այլ թվային մարկետինգի գործիքների դասավանդման»։ Գրիստինե Գյոնջյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» ծրագրի ղեկավարՔրիստինե Գյոնջյանի կարծիքով՝ համալսարանական կրթությունը չի կարողանում արագ փոփոխվել, պակաս ճկուն է և ավելի պահպանողական։ Նաև այդ պատճառով նմանատիպ դասընթացները այսօր պահանջարկ ունեն։ Տնտեսագիտական համալսարանն, օրինակ, արձագանքելով տենդենցներին երկու տարի առաջ ներդրել են «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը։
«Ծրագրում մենք փորձում ենք առաջարկել այդ բոլոր հմտությունները, որոնք այսօր արդի են։ Սակայն ակադեմիական կրթությունը հաճախ բավարար չի, որ մարդը գնա միանգամից սկսի աշխատել։ Ցանկացած բիզնեսի ղեկավար կփաստի, որ ով գալիս է իրենց մոտ աշխատանքի մեկ-երկու ամիս է անհրաժեշտ լինում, որ վերապատրաստվի ու կարողանա աշխատվել»
Գյոնջյանը կարևորում է նաև, որ պետությունը ևս ուշադրություն դարձնի պետական աշխատողների թվային հմտությունների զարգացմանը․ խնդիրը պետք է տեղայինից ազգային մակարդակ բարձրանա՝ ասում է Գյոնջյանը ու հավելում՝ նմանատիպ կուրսերը չեն կարող փոխարինել ակադեմիական կրթությանը, սակայն կարող են լրացնել այն։




