ԿարևորՎերլուծական

Չթիրախավորել բնակչությանը, հարվածել միայն ռազմական օբեկտներին․ փորձագետը՝ նոր սերնդի պատերազմի մասին

Ռուս-ուկրաինական պատերազմը, կիրառված զենքերով, տարբերվում է մինչև օրս եղած պատերազմներից։ Հարվածներ են հասցվում հիմնականում հրթիռների միջոցով,  թիրախում ռազմական օբյեկտներն են։ Արցախյան 44-օրյա պատերազմում հիմնական զենքն ԱԹՍ-ն էր, կիրառվեցին նաև արգելված ֆոսֆորային ռումբեր։

Ռուս-ուկրաինական պատերազմում ՌԴ նախագահ Վլ․Պուտինը հրահանգել է հատուկ պատրաստվածության ռեժիմի բերել զսպման ուժերը։  Ռազմական փորձագետը նկատում է՝  միջազգային կոնվենցիաներով արգելվում է որոշ զինատեսակների կիրառությունը պատերազմներում, բայց փաստաթղթերը պատերազմի ժամանակ չեն գործում։  

Ռուս-ուկրաինական ռազմական գործողություններում, ի տարբերություն արցախյան 44-օրյա պատերազմի, հիմնական դերակատարները ոչ թե ԱԹՍ-ներն են, այլ հեռահար հրթիռները, տանկերը, օդա-դեսանտային դիվերսիոն ուժերը։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը բացատրում է՝ հեռահար հրթիռները կիրառվում են ռազմական օբյեկտներ խոցելու նպատակով։ Դա հատուկ է արվում, որպեսզի խաղաղ բնակչությանը հարվածներից չտուժի․

 «Մարտ վարողը՝ ՌԴ-ն, բավականին ճշգրիտ է ընտրում թիրախներն ու ճիշտ է ընտրում զինատեսակները։ ՌԴ-ն փորձ արեց ճեղքել ինչպես Ուկրաինայի օդային պաշտպանությունը, այնպես էլ պաշտպանությունը ընդհանրապես՝ առանց դիրքային պատերազմ վարելու։ Խորը թիկունքում օդային պաշտպանության ցանցը շարքից հանեց, ինչը նորություն է։ Դրանից հետո օդա-դեսանտային դիվերսիոն ուժերը գրավում են ռազմավարական նշանակության օբյեկտները»։

Արցախյան 44-օրյա պատերազմում նախ շարքից հանվեց ՀՕՊ-ը, հետո կիրառվեցին ԱԹՍ-ներ, ընդ որում՝ նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Իսկ ՌԴ-ն նախ  օդային պաշտպանությունն է ճեղքում, հետո արդեն  օբյեկտները գրավում։ Տանկերի կիրառումը ռուս-ուկրաինական պատերազմում հոգեբանական նշանակություն ունի։ Ըստ էության, ՌԴ-ն գրագետ մարտ է վարում՝ ասում է փորձագետը։ Սակայն երկու օր առաջ ՌԴ նախագահ Պուտինը հրահանգեց հատուկ պատրաստվածության  ռեժիմի բերել զսպման ուժերը, ասել է թե՝ պատրաստ լինել միջուկային հարվածի։

«Պուտինի հայտարարությունը զսպող միջոց էր, որպեսզի այլ պետություններ չխառնվեին։ Չեմ կարծում, թե միջուկային զենքի կիրառության հասնի գործը»։

Առաջին անգամ միջուկային զենք կիրառվել է 1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ի կողմից։  «Փոքրիկ տղա» կոդային անունով միջուկային զենքը նախ կիրառվեց  ճապոնական Հիրոսիմա քաղաքի ուղղությամբ, երեք օր անց՝ օգոստոսի 9-ին, «Գերմարդ» կոդային անունով ռումբը պայթեց Ճապոնիայի Նագասակի քաղաքում։ Ատոմային ռմբակոծության հետևանքով հարյուր հազարից ավելի մարդ զոհվեց։ Այդպես ավարտվեց ԱՄՆ-Ճապոնիա պատերազմը։

1950-ական թվականների կեսերից միջուկային զենք ներդրվեց մի շարք երկրների զինված ուժերում։ Միջուկային զենք ունեն ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան։ Բացի դա, ենթադրվում է, որ Իսրայելը նույնպես տիրապետում է միջուկային զենքի, ինչը, սակայն, այդ երկիրը հերքում է։ Կասկծներ կան, որ Իրանը նույնպես միջուկային զենք է ստեղծում։

Պատերազմի գրված ու չգրված օրենքներով արգելվում է գործողություններ սկսել՝ առանց պատերազմ հայտարարելու, ինչպես նաև օգտագործել զանգվածային բնաջնջման զենքեր։ Այդպիսի դրույթներ սահմանվում են Հաագայի կոնվենցիաներով և պատերազմի ժամանակ միջուկային զենքի օգտագործումն արգելելու մասին 1961 թվականին ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հռչակագրով։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, մատնացույց անելով 44-օրյա պատերազմում ֆոսֆորային ռումբերի կիրառումը, հստակեցնում է՝  պատերազմների բնույթը ցույց է տալիս, որ  փաստաթղթերը պատերազմի ժամանակ չեն գործում․

«Փաստաթղթերն ու պայմանավորվածությունները պատերազմի ժամանակ չեն գործում։ Այդ զինատեսակներն արտադրվել են հենց նման իրավիճակներում կիրառելու համար, ինչ գնով լինի՝ հասնել արդյունքի տրամաբանության շրջանակում։ Չեմ բացառում, որ ատոմային հարվածներ էլ լինեն»։

Ֆիզիկոս-տեսաբան, փիլիսոփա, գիտնական Ալբերտ Էյնշտեյնը զգուշացրել է, որ «եթե երրորդ համաշխարհային պատերազմում ատոմային ռումբեր կիրառվեն, ապա չորրորդ համաշխարհային պատերազմում մարդիկ մահակներով են կռվելու»։

Նշաններ, որ ռուս-ուկրաինական պատերազմը մոտ է մարման, դեռ չկան, երկու կողմն էլ ծայրահեղ դիրքավորված են։ ՌԴ նախագահ Պուտինը փորձում է իշխանությունից  հեռացնել Ուկրաինայի նախագահ  Զելենսկիին, սակայն իրավիճակը, ըստ փորձագետի, ավելի կսրվի․

«Քաղաքացիական ենթակառուցվածքներին կսկսեն հարվածել, քանի որ Զելենսկին զենք է բաժանում քաղաքացիներին»։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ ռուս-ուկրաինական հաջորդ հանդիպման ժամանակ  կապիտուլյացիայի փաստաթուղթ կստորագրվի։ Նրա կարծիքով՝ չի բացառվում նաև Ուկրաինայի տրոհումը։

Կարդացեք նաև

Back to top button