ԿարևորՄիջազգային

Ռազմական ու տնտեսական պայքար․ ո՞վ կշահի, ո՞վ կտուժի պատժամիջոցներից

ԱՄՆ–ն  ու ԵՄ–ն շարունակում են խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող  պատժամիջոցները։ Եվրամիության պաշտոնյաները հայտարարում են , որ կառույցն  աշխատում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների արդեն երրորդ փաթեթի վրա: Սահմանափակումներն ու արգելքները  հիմնականում վերաբերում են ֆինանսական համակարգին։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ պատժամիջոցներից կտուժեն  ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Եվրոպայի  մի շարք երկրների տնտեսություններ։ Հիշեցնում են՝ 2014 թվականի պատժամիջոցներից ոչ պակաս , քան Ռուսաստանը , տուժեց վերջինի  առևտրային հիմնական գործընկեր Գերմանիայի տնտեսությունը։ Թերևս հենց այս հանգամանքը  հաշվի առնելով՝ Եվրոպան որոշ սահմանափակումների նկատմամբ վերապահումներ ունի։

Ռուս–ուկրաինական հակամարտության սրացմանը զուգահեռ Եվրամիությունն ու ԱՄՆ–ն խստացնում են պատժամիջոցները ՌԴ տնտեսության դեմ։ ԵՄ–ն  հերթական կոշտ սահմանափակումներն է մտցրել էներգետիկ, ավիաշինարարական եւ ֆինանսական ոլորտների ընկերությունների նկատմամբ։ Կսահմանափակվի  մի շարք խոշոր ընկերությունների՝ օրինակ «Պրոգրես» հրթիռային եւ տիեզերական կենտրոնի, «Կալաշնիկով»-ի, «Ռոստեխ»-ի, «Ռուսական երկաթուղիներ»-ի հասանելիությունը եվրոպական ֆինանսական շուկաներ։

Միացյալ Նահանգները եվրոպական գործընկերների հետ շարունակում է քննարկել Ռուսաստանին միջբանկային վճարման SWIFT համակարգից հեռացնելու հարցը: Ավելի վաղ  ԱՄՆ նախագահը հայտարարել էր,  որ որոշ եվրոպական երկրներ այդ որոշմանը դեմ են։ Այդ դիրքորոշումը  բացատրում են  մտավախությամբ, թե ռուս գործընկերների հետ ֆինանսատնտեսական հարաբերությունների խախտման պատճառով հնարավոր է իրենք էլ  տուժեն: Միջազգային «Bloomberg»  գործակալությունը նշում է, որ այս պահին Ռուսաստանին SWIFT համակարգից հեռացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ եթե ռուսական բանկերն անջատվեն տեղեկատվության փոխանցման և վճարումների իրականացման միջազգային միջբանկային համակարգից (SWIFT), սա բացասաբար կազդի Հայաստանի ֆինանսական համակարգի վրա։ Տնտեսագետը կարծում է, որ սա հավասար է ֆինանսական պատերազմ հայտարարելուն։     

«Դա նշանակում է, որ ռուսական բանկերը կտրվելու են ամբողջ աշխարհի ֆինանսական համակարգից։ Եվ քանի որ մենք այսօր լրջորեն ինտեգրված ենք Ռուսաստանի ու ռուսական ֆինանսական համակարգի հետ,  սա մեզ համար լուրջ խնդիրներ կստեղծի»։

 Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը   կարծում է, որ  փոխանցումների այլընտրանքային համակարգերի ու լուծումների փնտրտուքը արդյունք կտա։ Հակառակ դեպքում՝ խնդիրներն անխուսափելի են։ 

«Նաև մենք հետաքրքրված ենք, որպեսզի այլընտրանքային լուծումներ լինեն, որ մեր հաճախորդները հնարավորություն ունենան իրենց փոխանցումները նորմալ իրականացնել»։ 

2021–ին ՌԴ–ից միայն բանկային համակարգով շուրջ 900 մլն դոլար տրանսֆերտ է փոխանցվել Հայաստան։ Սա, տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով, համավարակից ու պատերազմից հետո տնտեսության կենսունակությունը պահելու կարևոր աղբյուր էր։ Այդ ռեսուրսները կարող են հայտնվել սպառնալիքի տակ՝ ասում է զրուցակիցս։

ՌԴ ԿԲ–ն հայտարարել է, որ  մինչև հունիսի 30–ը  խստացվում են սպառողական վարկերի տրամադրման պայմանները։  ՀՊՏՀ տնտեսության կարգավորման ու միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ պատժամիջոցները հիմնականում ֆինանսական ուղղվածություն ունեն․

«Ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունները, բանկերը ունեն նաև մասնաճյուղեր ՀՀ–ում։ Սա նույնպես մտահոգվելու առիթ է։ Նրանք ընդհուպ կարող են սնանկանալ։ ՌԴ–ում մոտավորապես 1 մլրդ դոլար գումար է  այս պահին սառեցված կամ պատժամիջոցների տակ դրված։ Դրանք տնտեսվարողների, բանկերի ռեսուրսներն են, նաև՝ պետական միջոցներ են։ Դա ուղիղի ազդելու է տնտեսության վրա» ։

Մեծ Բրիտանիան հայտարարել է «ՎՏԲ»-ի եւ «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցների կիրառման մասին։ Վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով՝ Բրիտանիան սառեցնում է բանկի բոլոր ակտիվները։

Ընդհանրապես, հայաստանյան փորձագիտական դաշտում ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները այս երկրի տնտեսության համար ցնցում են համարում։   Որքան էլ ՌԴ–ն փորձի ինտերվենցիաների միջոցով ռուբլին կայունացնել, միևնույնն է, խնդիրներն անխուսափելի են՝ ասում է տնտեսագետ Գրիգոր Նազարյանը․

«Չնայած  մենք գիտենք նաև, որ ՌԴ –ն  ռեսուրսներով ամենահարուստ երկրներից մեկն է։ Նրանք գազը վաճառում են Եվրոպային։ Ես հետևում էի իրենց անվտանգության խորհրդի քարտուղարի ելույթին, որտեղ հայտարարեց, որ առաջիկայում եվրոպացիները հազար խորանարդ մետր գազի համար 2 հազար եվրո կվճարեն։ Սա արդեն իսկ լուրջ ահազանգ է։ Եվրոպան էլ պատրաստ չէր այդ պատժամիջոցներին» ։

Գրիգոր Նազարյանը հիշեցնում է՝ 2014–ին ՌԴ–ի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով ամենաշատը տուժեց  Գերմանիան, քանի որ ՌԴ–ի հիմնական  առևտրային գործընկերն էր։ Այս դեպքում էլ, փորձագետի կարծիքով,   խնդիրներ են ունենալու եվրոպական երկրները։  

Եվրոպական երկրներից շատերը փակել են իրենց օդային տարածքները ռուսական  ավիաընկերությունների համար։ Այսօր Լեհաստանը և Չեխիան են հայտնել են իրենց օդային տարածք ռուսական ավիաընկերությունների  մուտքը փակելու մասին։ Օդային տարածքների սահմանափակումները հայ արտահանողների համար է խնդիրներ ստեղծելու դեպի նաև Եվրոպա՝ կարծում են փորձագետները։

Տնտեսականին զուգահեռ նաև  քաղաքական պատժամիջոցներ են կիրառվում։  Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է  դադարեցնել կառույցում ՌԴ-ի ներկայացուցչության իրավունքը: Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը։ Համաձայն այդ որոշման՝ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կոնվենցիաների մասնակից, այդ թվում նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։ Կասեցված պետությունը չի մասնակցում նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի և այլ մարմինների աշխատանքներին։

Կարդացեք նաև

Back to top button