ԿարևորՔաղաքական

Իրա՞ք , թե՞ Ճապոնիա․ որ ճանապարհով կգնա Ուկրաինան

Ուկրաինան «ապառազմականացնելու» նպատակով սկսված  ռազմական գործողությունների  երկրորդ օրը  կողմերը խոսում են բանակցությունների մասին՝ նշելով դրանց նախապայմանները։    Զելենսկին հայտարարում է, որ պատրաստ է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։  Մոսկվան բանակցությունները հնարավոր է համարում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցի շուրջ։ Ի՞նչ չեզոքության մասին է խոսքը,  Ուկրաինայի ինչպիսի կարգավիճակ նկատի ունի Կրեմլը։  

Ռուս-ուկրաինական լարվածությունն այս փուլում ունի՞ բանակցային գործընթաց տեղափոխվելու հնարավորություն։ Մասնագետները չեն բացառում որևէ սցենար, բայց և ուշադիր հետևում են  Մոսկվայի հայտարարություններին։  Դրանցից  մեկը հնչեց  Կրեմլի խոսնակի շուրթերից․ նշվեց Ուկրաինայի հետ  համաձայնության եզրեր գտնելու հիմնական նախապայմանը։

«Նախագահ Պուտինը ձևակերպեց  իր տեսլականը, թե ինչ ենք մենք ակնկալում Ուկրաինայից, որպեսզի հայեցակարգային խնդիրները լուծվեն։ Նա բավական հստակ ձևակերպեց դա Ուկրաինայի չեզոք կարգավիճակն է, զենքեր տեղակայելուց հրաժարվելը։ Այստեղ հարցն այն է, թե արդյոք Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է դրան»։

Ի՞նչ չեզոքության մասին է խոսում Ռուսաստանը,  Ուկրաինայի ինչպիսի  կարգավիճակ նկատի ունի Կրեմլը՝ չեզոք որակումը տալով։   Միջազգային հարաբերությունների փորձագետ Սուրեն Սարգսյանն է մեկնաբանում։

«Համենայն դեպս այն չեզոքությունը, որի մասին խոսում է Ռուսաստանը, նշանակում է, որ Ուկրաինան պետք է ընդմիշտ զերծ մնա  որևէ տեսակի դաշինքներին միանալուց։ Խոսքը, բնականաբար, ՆԱՏՕ–ի և վերջինի կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական բազայի տեղակայման մասին է։ Այս առումով, մենք հասկանում ենք, որ նեյտրալիտետը բացառապես նշանակում է Ուկրաինայի անկողմնակալություն դեպի ՆԱՏՕ»։

Զելենսկին չունի այլընտրանք և կգնա ռուսական կողմի հետ համաձայնության ճանապարհով․ նա կա՛մ պետք է ուկրաինական ամբողջ տարածքը հանձնի Ռուսաստանին, կա՛մ պետք է ստորագրի համապատասխան ակտը՝ ասում է Սարգսյանն ու հստակեցնում՝ այդ փաստաթուղթը կարող ենք նաև կապիտուլյացիոն անվանել։

Մոսկվան ռազմական գործողությունների նպատակ է հայտարարել  Ուկրաինայի ապառազմականացումն  ու նացիստական տարրերից այն  մաքրելը։

Ապառազմականացումը  կարող է նշանակել զինված ուժեր չունենալ ընդհանրապես, կամ էլ ունենալ , բայց ՝միայն ֆորմալ առումով՝ ասում է Սուրեն Սարգսյանն ու նկատում՝  աշխարհը  նման փորձ ունի։

«Գիտեք, որ երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիային ստիպեցին հրաժարվել զինված ուժեր ունենալուց ,և մինչ օրս Ճապոնիան բանակ չունի որպես այդպիսին։ Իհարկե, կան տարբեր տեսակի ուժեր՝ ոստիկանական զորքեր և այլն, բայց բանակ Ճապոնիան չունի։ Այսինքն, կարծում եմ, որ մոտավորապես նույն պրոցեսի մասին է գնում խոսքը»։

Պատրա՞ստ է ռուսական կողմը համակերպվել Զելենսկու իշխանության հետ, եթե բավարարվեն  առաջ քաշված բոլոր պայմանները։ Սարգսյանի կարծիքով՝ Ռուսաստանը հնարավորություն դեպքում  կփորձի Ուկրաինայում  հասնել  նաև իշխանափոխության։ Այդ կերպ  Ռուսաստանը կչեզոքացնի  ՆԱՏՕ-ից եկող վտանգը ։

«Եթե հիմա ռուսական դեսանտը Կիևում է, դա նշանակում է, որ նպատակը հենց իշխանությունների դեմ է նաև ուղղված, որովհետև չի կարող իշխանությունը հեռանալ առանց մայրաքաղաքը հանձնելու։ Այսինքն` մայրաքաղաքը պետք է վերցնել, որպեսզի դա լինի իշխանության «վերջին բաստիոնը» և իշխանությունը կա՛մ լքի երկրի տարածքը, կա՛մ հրաժարական տա և  այլն»։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե  չի վախենում Ռուսաստանի հետ բանակցություններից, այդ թվում՝ երկրի չեզոք կարգավիճակի շուրջ, սակայն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ է պահանջում։ Ի՞նչ բանակցությունների մասին կարող է լինել խոսքը, եթե ռուսական ուժերն արդեն  Ուկրաինայի մայրաքաղաքի մատույցներում են, և հստակ երևում է ուժերի անհավասարությունը՝ ասում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

«Դա, չգիտեմ, ասեմ ծա՞ղր էր, թե՞ անլուրջ բան․․․ երկրորդական, երրորդական ինչ-որ մի բան էլի։ Ես էլ տեսա այդ հայտարարությունը, բայց այս պահին դա լուրջ չեմ ընդունում։ Գուցե փորձեցին դիվանագիտական շարժի տպավորություն ստեղծել վերջին պահին»։

Ըստ փորձագետի՝ իրավիճակն այնքան դինամիկ ու արագ է զարգանում, որ ուշ երեկոյան Զելենսկին՝ իր կառավարությամբ և ուժային կենտրոններով կարող է արդեն Կիևում չլինել: Մհեր Հակոբյանը  ճիշտ չի համարում շարունակվող  ռազմական գործողությունների  ֆոնին կանխատեսումներ անել, բայց նաև ունի ռուս-ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր  սցենարը։

«Գիտեք, հնարավոր է Ուկրաինան դառնա Իրաքի պես մի պետություն ինչպես Իրաքում է ձևականորեն Ամերիկայի զգալի ազդեցությունը, բայց Իրաքը շատ անկայուն է, ապստամբություններով, պայթյուններով։ Այսինքն Ուկրաինան կդառնա ոչ թե հակառուսական քիչ թե շատ ամուր պետություն, այլ պրոռուսական, բայց փխրուն, թույլ կառավարվող երկիր»։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում գնդակոծությունների և օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 102 մարդ։

Ուկրաինայի իշխանությունների ներկայացրած տվյալներով՝ վիրավորների ու զոհերի թիվը անհամեմատ մեծ է՝ 137 զոհ, 300–ից ավելի վիրավորներ։

Կարդացեք նաև

Back to top button