ԿարևորՄիջազգային

Զելենսկին հայտնել է 137 զոհված ուկրաինացի զինվորի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում 137 ուկրաինացի զինվոր է զոհվել, ևս 316-ը վիրավորվել են։

«Նախնական տվյալներով, ցավոք, այսօր մենք արդեն կորցրել ենք մեր 137 հերոսներին, մեր քաղաքացիներին, այդ թվում՝ 10 սպա, 316-ը վիրավորվել են»,- ասել է նա ուրբաթ երեկոյան ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում, որը նա տեղադրել է իր Telegram ալիքում։

Զելենսկին հաստատել է նաև, որ Կիևը կորցրել է վերահսկողությունը Սև ծովում գտնվող Զեմեյնի կղզու նկատմամբ։ Նրա խոսքով՝ բոլոր ուկրաինացի զինվորականները, ովքեր եղել են կղզում, զոհվել են։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ չի լքել Կիևը և իշխանության այլ ներկայացուցիչների հետ միասին մնում է Կիևի կառավարական թաղամասում։

«Ես մնում եմ մայրաքաղաքում, մնում եմ իմ ժողովրդի հետ: Ես մնում եմ կառավարական թաղամասում՝ բոլոր նրանց հետ, ովքեր անհրաժեշտ են կենտրոնական իշխանության աշխատանքին»,- ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ իր ընտանիքը նույնպես մնում է երկրում։ «Իմ ընտանիքը նույնպես Ուկրաինայում է, երեխաներս նույնպես Ուկրաինայում են, իմ ընտանիքը դավաճան չէ, այլ Ուկրաինայի քաղաքացիներ են, բայց չեմ կարող ասել, թե որտեղ են»,- եզրափակել է նա։

Կարդացեք նաև

Back to top button