ԿարևորՀասարակություն

Որքան անորոշությունը բարձր է, անքան մեծ է մեկ անձից գնում կատարելու հավանականությունը

Մասնագետները փաստում են, որ մեկ անձից կատարվող գնումներն ուղղակիորեն կապված են ընդհանուր տնտեսական վիճակի հետ: Որքան անորոշությունը բարձր է, այնքան մեծ է մեկ անձից կատարվող գնումների հավանականությունը։

Ինչպե ՞ ս նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը գնումների համակարգում։ Խնդիրը խորհրդարանում կարևորում են և՛ իշխանությունը և՛ ընդդիմությունը, բայց առաջարկվող լուծումներն են տարբեր։ Գործող օրենքով՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե, մեջբերում եմ․ «արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ»: «Սողանցքը  «արտակարգ իրավիճակ» եւ «չնախատեսված այլ իրավիճակ» հասկացությունների խիստ կամային եւ տարածական մեկնաբանության մեջ է»,–ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը․

«Առաջարկվում է որպես  «արտակարգ իրավիճակ» ամրագրել այն իրավիճակները, որոնք սահմանված են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով, իսկ  «չնախատեսված այլ  իրավիճակ»  սահմանել այն իրավիճակները, որոնց հետ կապված գնումները ի սկզբանե բյուջեն կազմելիս չէին կանխատեսվել»։

Կառավարությունում առաջարկում են սահմանափակել մեկ անձից կատարվող հրատապ գնումների հնարավորությունները։ Սա, ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավաննեսյանի, նշանակում է, որ մեկ անձից գնման հնարավորությունները սահմանափակվելու են միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում նախատեսված արտակարգ դեպքերում, եթե գնման առարկայի գումարը բյուջեում նախատեսված չէ․

«Գնման կարիքների հրատապությունը և ժամանակի կոնկրետ պահին դրանք բավարարելու ակտուալությունը չի կարող սահմանափակվել մենակ նրանով, որ մարդու կյանքին, առողջությանը, կամ բնապահպանությանը վտանգ է  սպառնում։ Իսկ այն դեպքերում երբ կառավարությունը ամբողջությամբ նախատեսած է  լինում կամ տվյալ մարմինը ամբողջությամբ նախատեսած է լինում բյուջեով համապատասխան գործառույթը, իրավիճակներ կարող են ի հայտ գալ, որտեղ կարիքի բավարարումը և հրատապությունը կրում է հանրային շահի էլեմենտներ կամ ամբողջությամբ հանրային շահ է»։

2020 թ․ տվյալներով՝ Հայաստանում  պետական գնումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմել է 6,3 տոկոս։ Սա, ըստ մասնագետների, այլ երկրների համեմատ բավական ցածր ցուցանիշ է։ Պետության կարիքների բավարարման նպատակով 2020թ․պատվիրատուները կազմակերպել են 115 հազարից ավելի  ընթացակարգ՝ շուրջ 322 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Ցուցանիշը  նախորդ տարվա համեմատ նվազել է 32 մլրդ դրամով, բայց գնման պայմանագրերի արժեքի շուրջ կեսը ՝44․5 տոկոսը, բաժին է ընկել մեկ անձից կատարված գնումներին։ Սա բարձր ցուցանիշ է համադրելի երկրների   համեմատ ՝ նշում են մասնագետները։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը պետական գաղտնիք չպարունակող գնումների վիճակագրական տվյալներն է մեջբերում․

«2017թվականին մենք արձանագրել ենք մեկ աղբյուրից գնման 50 դեպք, 2018–ին՝ 27, 2019–ին՝ 195, 2020–ին՝ 778, 2021–ին՝ 244։ 2020–ին պատերազմ էր, բնական է, որ ավելացել են։ Բայց  համաձայնեք, որ 50 և 244–ը վատ միտում է»։

2020–ին մեկ անձից կատարվող գնումները գերակշռել են հատկապես պաշտպանության ու առողջապահության ոլորտներում։ 2021–ին անորոշությունները շարունակվել են, մեկ անձից կատարվող գնումների թիվը՝ ավելացել։ Ֆինանսերի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նկատում է՝ չի լինում իրավիճակ, որ մեկ անձից կատարվող գնում չիրականացվի․

«Ես չեմ հիշում որևէ կառավարություն, որ կարողացել է 100 տոկոսանոց կանխատեսում անել՝ անկախ նրանից, թե որքան պրոֆեսիոնալ է։ Սա ուղղակի անհնար է։ Դրա պատճառով սահմանափակել՝ ասելով, թե հենց հիմա ինչ հանրային ծառայություններ ես մատուցելու, կամ ոչ մի նոր հանրային ծառայություն մատուցելու իրավունք չունես՝ ինչ իրավիճակ էլ լինի, համարում ենք, որ սա հանրային շահից չի բխում»։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը դժվարանում է ասել՝ ո՞րն է ավելի ռիսկային՝ մեկ անձից կատարվո՞ղ, թե՞ սովորական ընթացակարգով գնումները, երբ մրցույթները կարող են կոնկրետ պատվիրատուների համար հայտարարվել։ Նախագիծի հեղինակ  Աղվան Վարդանյանին լսենք․

«Երկու պարագայում էլ ռիսկը կա։ Ակնհայտորեն, զուտ այսպես, առերևույթ, միշտ մեկ անձից գնումներում այդ ռիսկը ավելի մեծ է։ Սակայն ծավալների առումով այնտեղ կարող է շատ ավելին լինել»։

«Հայաստան» խմբակցության պատգմավորի ներկայացրած նախագծին գլխադասային հանձնաժողովը բացասական եզարակացություն տվեց։  

Մեկ անձից կատարվող գնումներին վերաբերող վերջին հետազոտության համաձայն՝ մեկ անձից իրականացված գնումների գերակշիռ մասը՝ 70,1 տոկոսը, բաժին է ընկնում պետական պատվերի շրջանակում մատուցված առողջապահական ծառայությունների ծախսերին, 10 տոկոսը՝ բնական մենաշնորհ ունեցող հանրային ծառայություններին։ Հետազոտական խմբի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու  Հայկ Բեջանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է՝ վերլուծել են ու հասկացել, թե ինչու են ավելացել մեկ անձից կատարվող գնումները․

«Վերլուծության արդյունքները ցույց տվեցին, որ մեկ անձից իրականացվող գնումների նման մեծ ծավալը պայմանավորված է մրցակցային և մեթոդաբանական խնդիրներով, որոնք օրենսդրական հիմք ունեն։ Այս պատճառով առողջապահության ոլորտի պետպատվերի, բնական մենաշնորհի՝ հոսանքի, գազի գնումները, որոնք այլընտրանք չունեն,  նույնպես համարվում են մեկ անձից իրականացվող գնումներ։ Սրանով է պայմանավորված, որ մեկ անձից իրականացվող գնումների թիվը մեծ է»։ 

Մեկ անձից կատարվող գնումների մեջ  շատ են առանց մրցակցության դեպքերը։ Մասնագետներն ասում են, որ մեկ անձից կատարվող գնումներն ուղղակիորեն կապված են ընդհանուր տնտեսական վիճակի հետ․ որքան անորոշությունը բարձր է, այնքան մեծ է մեկ անձից կատարվող գնումների հավանականությունը։

Կարդացեք նաև

Back to top button