ԿարևորՀասարակություն

Երբ բաց օդում օդը քիչ է․ փրկված կյանքերի «ուղղաթիռային» վիճակագրությունը

Ուղղաթիռային 300 կանչ․սա պարզապես վիճակագրություն չէ․ 2019-ից Հայաստանում գործող ուղղաթիռային շտապօգնության միջոցով փրկված կյանքների թիվն է։ Ոլորտի պատասխանատուները սա համարում են ամենամեծ ձեռքբերումներից մեկը․ նույնն են փաստում նաեւ հաշվարկները․եթե, օրինակ, Մեղրիից շտապօգնության մեքենան հիվանդին Երեւան կհասցնի մոտ 8 ժամում, ուղղաթիով դա տեւում է ընդամենը մեկ ժամ։ Այդ ընթացքում հիվանդն արդեն հետազոտվում ու նույնիսկ վիրահատվում է։  Բժշկուհի Մանյան արդեն չի մտաբերում, թե քանի երեխայի է ուղեկցել ուղղաթիռով հոսպիտալացնելիս։ Բայց կարեւորն այստեղ այլ է․ բոլորի մասին էլ ժպիտով է պատմում, ասել է, թե վատ ելք չի եղել։  Սոնա Հակոբյանն է ուշագրավ մանրամասներ ներկայացնում։

Ուղղաթիռն օդ բարձրացավ մթնելուց քիչ առաջ։ Եթե կանչն ավելի ուշ լիներ, այլևս չէր կարող հասնել հիվանդին։ Պատրաստվելու ու թռիչքուղի հասնելու համար ուներ ընդամենը մոտ 30 րոպե։ 26-ամյա բժշկուհին հերթապահության էր, երբ մանկական հիվանդանոցը կանչը ստացավ։ Անհանգիստ էին․ սա Մանյա Սարգսյանի ուղղաթիռային շտապօգնության առաջին թռիչքն էր։ Կանչը ցամաքից, օգնությունն՝ օդում։ Ուղղությունը՝ Սպիտակ։ Հիվանդը՝ 15 տարեկան տղա․դեպքը՝ վրաերթ։ Խնդիրը հստակ՝ հնարավորինս արագ։ Այսպես սկսվեց։

Էքստրիմի սիրահար Բժշկուհի Մանյա Սարգսյանն այդ օրն իր բոլոր նյարդերով զգաց մասնագիտական պատասխանատվության էքստրիմ կողմը՝ երբ հիվանդի կյանքը բացառապես քեզանից է կախված, իսկ երկնքում հնարավորությունները սուղ են։ Սա նաեւ սառնասրտության քննություն է.

«Դու մենակ ես ուղղաթիռում, իսկ ուղղաթիռում պայմանները՝ խիստ սուղ։  Պետք է արագ կողմնորոշվել, փորձել հիվանդին կայունացնել, խնդիրներ չառաջացնել, իսկ  եղածն էլ շուտ լուծել, որ նոր բարդություններ չառաջանան»։

Լարվածության մեջ մտքով էլ չէր անցել տուն զանգել։ Միայն օրվա ավարտին մայրն իմացավ, որ նա Սպիտակից է վերադառնում։ Դստեր համար անհանգստությունը թողած՝ հոսպիտալացված երեխայով հետաքրքրվեց։

Օդում հեշտ չէ։ Հաճախ նույնիսկ հեռախոսային  կապն է կորչում։ Ուղղաթիռի խցիկում 4 մարդ է տեղավորվում՝ օդաչուն, բժիշկը, բուժակը եւ հիվանդը՝ պատգարակի վրա.

«Ինքն ուղղակի պառկած է, գլխավերևը՝ դեպի բժիշկ։  Այսինքն՝ դու նստած ես, հիվանդը քեզանից կես մետր ներքև։ Գործնականորեն հնարավոր չէ քայլել այդ տարածքում։ Դու ուղղակի նստած ես քո տեղում՝ կենսական կարևոր օրգանները քո ձեռքերի տակ ու վերջ»։

Տղային առաջին օգնությունն արդեն Սպիտակի ԲԿ–ն ցուցաբերել էր։ Բայց նրա կյանքը դեռ վտանգի տակ էր։ Շտապօգնության մեքենան նույն ճանապարհը կանցներ մոտ 3 ժամում։ Ուղղաթիռով հասան 40 րոպեում.

«Այդ 2-3 ժամը, որը մենք մեքենայով կգայինք, մենք ուղղաթիռով արդեն հասել էինք, հետազոտվել էր հիվանդը և տեղափոխվել վիրասրահ»։

Կարմիր պայուսակը միշտ պատրաստ է։ Լարինգոսկոպ, ներշնչափողային խողովակներ, նազոգաստրալ զոնդեր, կաթետերներ, դեղորայք։ Երիտասարդ աղջիկը կոսմետիկ պարագաներից առաջ նախ սա է պատրաստ ու ձեռքին մոտ պահում։ Երբ շտապ կանչ կա՝ հապաղել չկա.

«Նախատեսված հատվածում վայրէջք ենք կատարում, որտեղ իրենք են հարմարեցնում։ Հաճախ այդ տարածքները լինում են դպրոցի մեծ բակեր, ֆուտբոլի դաշտեր։ Հետո նույն տեղից թռիչքը կատարվում է, իսկ վայրէջքն Էրեբունու տարածքում է, որտեղից էլ հիվանդը ռեանիմոբիլով տեղափոխվում է այստեղ»։

Սանավիացիայի գործելու դեպքում հիվանդին ուղղաթիռ են բարձրացնում մի քանի ժամ ավելի շուտ, քան նրան կհասներ շտապօգնության մեքենան։ Մինչ Երեւան կհասնեն, դիմավորող թիմն արդեն տեղում է։ Ուղղաթիռի շարժիչը դեռ չհանգած՝ վիրահատական սեղանի լույսերն են միանում.

«Օրինակ՝ Մեղրիի պարագայում մինչև 8 ժամում Երևան կհասնի այդ հիվանդը, շատ տրավմատիկ է այդ ճանապարհը, դրա փոխարեն ընդամենը մեկ ժամում ենք հասնում։ Այսինքն՝ այն 8 ժամը, որի ընթացքում հիվանդը կտեղափոխվեր, ուղղաթիռով այդ ժամանակահատվածում և տեղափոխվում են, և հետազոտվում, և հիմնականում արդեն վիրահատվում»։

Իր ամենափոքր հիվանդը Մեղրիից էր։ 3 ամսական տղա։ Կասկած կար, որ նեյրոինֆեկցիա է։ Բժշկուհի Մանյան արդեն չի մտաբերում, թե քանի երեխայի է ուղեկցել ուղղաթիռով հոսպիտալացնելիս։ Բայց կարեւորն այստեղ այլ է․ բոլորի մասին էլ ժպիտով է պատմում, ասել է, թե վատ ելք չի եղել։ 
 Ուղղաթիռն օդ է բարձրանում հատուկ դեպքերում։ Մարդիկ էլ նման կանչերի դեպքում մի տեսակ հատուկ սպասում ունեն.

«Երբ ուղղաթիռի կանչ է լինում, հարազատների համար շատ լուրջ իրադարձություն է լինում։ Իրենք յուրահատուկ սպասումով են մոտենում քեզ ու մտածում են, որ եթե ուղղաթիռով եկան երեխային տանելու, ուրեմն չի կարող վատ ավարտվել։ Մյուս կողմից էլ բոլորը մի տեսակ զգաստանում են, կարծես ֆիլմ լինի, որ իրենց երեխայի հետ այնքան լուրջ բան է եղել, որ ուղղաթիռով են գալիս»։

Սանավիացիան լրջագույն ձեռքբերում է։ Պոլիտրավմա, գանգուղեղային վնասվածքներ․ ամենաշատը նման դեպքերում են հիվանդների հասցրել մայրաքաղաք։ Հասցրել են հղիների, երբ չնախատեսված ընթացքն ուղղաթիռի արագ ընթացք է պահանջել։  Անհետաձգելի համարվող բուժօգնության ցանկն ընդլայնվել է․ տրավմատիկ շոկ, թունավորումներ, սրտային անբավարարություն, կոմա․ ընդհանուր 13 կետ կա, թե երբ ուղղաթիռն օդ կբարձրանա։ Կանչն անվճար է։ Ծախսը պետությանն է, ամեն թռիչքը 800 հազարից մինչև 1,2 մլն դրամ։

Շտապ օգնության հասնող միակ ուղղաթիռը 2019-ից մինչ օրս օդ է բարձրացել ավելի քան 300 անգամ: Այս վիճակագրությունը 300 կյանք փրկելու մասին է, բոլոր դեպքերում՝ առանց բացառության։ ԱՆ փոխնախարար Արմեն Նազարյան.

«Սա ապագա առողջապահության համար համարվում է կարևոր ծառայություն, և պետք է մշտապես զարգանա։ Շատ ավելի մատչելի և հասանելի է դառնալու մեր առողջապահության համար։ Հնարավորության դեպքում ուղղաթիռների թիվը կավելացվի»։

Ուղղաթիռը գիշերային ժամերին կամ վատ եղանակին երկինք չի բարձրանում։ Դեռ՝ ասում է փոխնախարարը։ Տեխնիկական կարգավորման հարց է։

8119 քառանիշ համարը հասանելի է 24 ժամ։ Ուղղաթիռի կարիքի մասին հայտնում է հիվանդին սպասարկող մարզային բժիշկը։ Քաղաքացին ինքը չի կարող նման կանչ տալ։ Րոպեներ, ու ուղղաթիռն արդեն օդում է։ Հիվանդին հասնելու խնայված ժամանակը վիճակագրություն է փոխում։ Փրկված կյանքերի վիճակագրություն։ 

Կարդացեք նաև

Back to top button