
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փետրվարի 25-ի համերգը իրադարձություն է լինելու երաժշտական կյանքում։ Հնչելու են Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը։ Իսկ դիրիժորական վահանակի մոտ լինելու է աշխարհահռչակ դիրիժոր Վասիլի Պետրենկոն։
Այս կարգի դիրիժոր վերջին հիսուն տարիներին հայկական նվագախմբեի հետ հանդես չի եկել։ Հենց այսպես Վասիլի Պետրենկոյին ներկայացրեց Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Մեր ժամանակների ամենապահանջված դիրիժորներից մեկը՝ Վասիլի Պետրենկոն փետրվարի 25-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Արամ Խաչատրյանի բեմում։ Ծրագրում Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքն է, Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը։
Financial Times-ը դիրիժորի համերգներն այսպես է նկարագրել․«Պետրենկոյի համերգներին մթնոլորտն ուղղակի շիկացած է։ Սակայն դա չէ, որ հիացմունք է պատճառում բանիմաց ու նրբաճաշակ ունկնդրին, այլ՝ նվագախմբի ամբողջական ու ներդաշնակ հնչողությունը և այն զգացմունքայնությունը, որով նվագում են երաժիշտները»։
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Պետրենկոն փորձերն արդեն սկսել է։ Ասում է՝ հաճելի է աշխատել հայ երաժիշտների հետ։
«Առաջին անգամ 35 տարի առաջ եղա Հայաստանում, երբ դեռ խորհրդային հասարակարգ էր, ու Հայաստանը ինչպես կար հյուրասեր , այնպես էլ մնացել է։ Իհարկե, հիմա ապրում ենք այլ ժամանակներում, շատ բաներ են փոխվել, բայց հայերի ջերմությունը չի փոխվել։ Նվագախմբի հետ շատ հաճելի է աշխատել, մեծ պոտենցիալ ունեն։ Շատ հետաքրքիր է նոր դեմքերի հետ ծանոթանալ ու նոր աշխարհներ բացահայտել»։
Համերգի, դիրիժորի և նվագախմբի հաջող համագործակցությունը կախված է նաև նրանից, թե որքանով է նվագախումբը կիսում երաժշտական այն գաղափարները, որոնք առաջարկում է դիրիժորը: Վասիլի Պետրենկոյի խոսքով՝ ֆիլհարմոնիկ նվագախմբին հարազատ է այն մեկնաբանությունը, որն ինքն է առաջարկում, ուստի աշխատանքը հեշտ է և հաճելի: Դիրիժորը, որը երկար տարիներ աշխատել է տարբեր նվագախմբերի հետ, խոստովանում է՝ աշխատանքի ընթացքում ոչ թե դիրիժորական, այլ մարդկային փորձ է ձեռք բերել. կարողանում է հասկանալ, թե ինչ է մտածում դիմացինը, ինչպես է վերաբերվում քեզ ու երաժշտությանը:
«Ձեռք եմ բերել համբերություն»:
Պետրենկոյի ղեկավարությամբ կատարվել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի գործերը: Համաշխարհային հեղինակներին ներկայացնելուց զատ ՝ նա անդրադարձել է նաև ժամանակակիցներին և կարծում է, որ յուրաքանչյուր նվագախումբ նրանց այդ հնարավորություն պետք է տա: Դասական կդառնան, թե ոչ՝ կորոշի ժամանակը:
Վասիլի Պետրենկոյի հետ նույն բեմում կլինի աշխարհահռչակ դաշնակահար Սիմոն Տրպչեսկին։ Վերջինը հումորով նկատում է, որ Հայաստանն այնքան է սիրում, որ պատրաստ է անգամ Տրպչյան ազգանունով հանդես գալ։ Դաշնակահարը հայտնի է ոչ միայն իր հզոր ու վիրտուզ կատարումներով, այլ նաև խորը արտահայտչական մոտեցմամբ ու բեմական խարիզմայով։
«Ինձ միշտ հետաքրքիր է լինել Հայաստանում ու հանդես գալ նվագախմբի հետ, բայց այս անգամ մի փոքր այլ է։ Այս համերգը շատ տարբերվող է, հնչելու է Ռավելի «Դաշնամուրի կոնցերտը» »։
Դաշնակահարն ասում է՝ մի քանի անգամ է ելույթ ունեցել Հայաստանում․ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ամուր կապեր են ստեղծվել, քանի որ այնտեղ մարդիկ են, որոնք նվիրված են դասական երաժշտությանն ու անում են հնարավորն այն զարգացնելու համար:




