
Հայաստանի ու Թուրքիայի երիտասարդ ու տարեց բանագնացների երկրորդ հանդիպման օրակարգը հայտնի չէ։ Վերլուծաբանները հանդիպումից առաջ հուշում –զգուշացնում են՝ թուրքական կողմի հետ բանակցելիս պետք է զգույշ լինել, հիշել, որ կան կարմիր գծեր, որոնք պետք է չհատվեն։ Վիեննայում նախատեսված հանդիպումը երկրորդն է, առաջինն այս տարվա հունվարի 14–ին էր։ Շուրջ երկու ժամ տեւած բանակցություններից հետո Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հայտարարեցին՝ համաձայնություն կա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցում։ Սա հանդիպումից հետո արված գլխավոր շեշտադրումն էր։
Սրան զուգահեռ Անկարայից նաև հայտարարություններ են հնչում, թե բոլոր հարցերը հստակեցվում ու համաձայնեցվում են Ադրբեջանի հետ։ Առանց այդ համաձայնության որեւէ հարց չի բանակցվի՝ ասում է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն։ Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ համաձայնեցվում են ոչ միայն արդյունքները, այլև քննարկվելիք հարցերը։
«Եթե նախորդ հանդիպման ժամանակ բոլոր հարցերի մասին տեղյակ էին պահում Ադրբեջանին, ապա այսօր ոչ թե տեղյակ պահելու մասին է խոսքը, այլ ես համոզված եմ, որ համատեղ են պատրաստվում հարցերը, որ պետք է քննարկվեն բանակցությունների ընթացքում։
Անկարան փափուկ ուժ է կիրառում՝ ասում է ակադեմիկոսը։ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ թուրքական կողմը բանակցությունների ընթացքում նախապայմաններ առաջ կքաշի։
«Սրանք դեռ հարաբերություններ չեն, բանակցություններ են, որ սկսվել են։ Տեղի է ունեցել միայն առաջին հանդիպումը, որի ընթացքում լուրջ ու բովանդակային հարց չի քննարկվել։ Այնպես որ՝ դեռ բանակցային գործընթացը նոր պետք է սկսվի։ Թեեւ Թուրքիան հայտարարում է, որ նախապայմաններ չկան, բայց ես համոզված եմ, որ դրանք կդրվեն սեղանին։ Ամեն ինչ դեռ առջեւում է, դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կունենան բանակցությունները»։
Հիշել Հայաստանի համար կարմիր գծերը եւ անգամ մեկ քայլ Թուրքիային մոտ չթողնել դրանց․ թուրքագետը հուշում և հիշեցնում է ՝ մեզ համար կարեւոր է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, Արցախյան խնդիրն ու Կարսի պայմանագրի թեման։
«Ինձ համար կարեւոր է, որ հայկական կողմը նշի այն կարմիր գիծը, որն անցնել չի կարելի։ Իսկ այդ կարմիր գիծը այն սկզբունքային հարցերն են, որտեղ մեր զիջումները, իմ կարծիքով, բացառվում են․ դա Ցեղասպանության հարցն է, Արցախի հարցն է եւ Կարսի պայմանագրի հարցն է»։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման արդյունքներից է նաև կախված պաշտոնական Երևանի որոշումը՝ ընդունե՞լ, թե՞ ոչ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը։
Ռուբեն Ռուբինյանն էլ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հստակեցրել էր՝ Երևանն սպասվող բանակցություններից ակնկալում է առարկայական քննարկումներ․ օրինակ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ.
«Թե ինչպես կընթանա հետագա գործընթացը կախված է Թուրքիայի կառուցողականության, անկեղծության եւ պատրաստակամության մակարդակից։ Հայկական կողմի ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային բանակցությունների, այսինքն՝ սուբստանտիվ բանակցությունների մեջ, որովհետև մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ եւ դա առաջին հերթին սահմանի բացումն է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այսինքն, առանց նախապայմանների, նշանակում է առանց նախապայմանների»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանագնացների երկրորդ հանդիպումից առաջ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին և մասնավորապես նշել՝ «Անկարան կարող է բացել սահմանները և վերականգնել դիվանագիտական կապերը, եթե Երևանը հավատարիմ լինի երկու երկրների հարաբերությունների բարելավման գործընթացին։
Իսկ բանագնացների առաջին հանդիպումից հետո Թուրքիայի ղեկավարը պնդել էր՝ որպեսզի ձեռնարկվող քայլերն արդյունք տան, Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը։
Ռուբեն Սաֆրաստյանը, սակայն, դեռ վաղ է համարում խաղաղության մասին խոսելը․
«Չէ, դեռ վաղ է խաղաղության մասին խոսելը։ Իհարկե խաղաղությունը լավ բան է, մեր ժողովուրդը խաղաղ ժողովուրդ է, բայց մենք ունենք այսպիսի հարեւաններ, որոնք ուրիշ մոտեցումներ ունեն մեղմ ասած, այնպես որ իրական խաղաղության մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Ցանկությունը մի բան է, նրանց քաղաքականությունը մենք տեսնում ենք այլ բան է»։
Թուրքիան հաշվարկել է՝ որքան Ռուսաստանն ուկրաինական խնդրի պատճառով ուշադրությունը թուլացնի Հարավկովկասյան տարածաշրջանից, այնքան ինքն ավելի ազատ գործելու հնարավորություն կստանա իր նպատակներն իրագործելու հարցում՝ ասում է զրուցակիցս եւ հիշեցնում՝ Անկարան ցանկանում է Հակավային Կովկասն իր ազդեցության գոտի դարձնել։




