ԿարևորՀասարակություն

Զոհվածների որդիներն ու եղբայրները չեն զորակոչվի․առաջարկվող փոփոխության հեղինակը ՔՊ-ական պատգամավորն է

Պատերազմում զոհվածի ընտանիքի անդամները կստանան զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն․ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծն ընդգրկվել է հաջորդ շաբաթվա լիագումար նիստերի օրակարգում։

Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Խորհրդարանական ընդդիմությունը մասնակցել է քննարկմանը ու հայտնել, որ նախագծի առաջին ընթերցմանը քվեարկելու է ձեռնպահ՝ վիճարկելի դրույթների պատճառով։

Հայաստանի ԶՈՒ–ում անվտանգության խնդիրներ չեն առաջանա, եթե խորհրդարանը ընդունի պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, և պատերազմում զոհվածների երեխաները կամ եղբայրները ազատվեն զինվորական ծառայությունից։ Ըստ հաշվարկների՝ 2022 թվականի ամառային զորակոչին օրենքի շահառու կլինի ընդամենը 10 քաղաքացի, իսկ ձմռան զորակոչին՝ 17։ 2023 թվականին կարգավորումը կառնչվի 25 քաղաքացու․ հիմնավորում է նախագծի հեղինակ, ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ մատնանշելով ավելի լուրջ խնդիր, որը կա բանակում։

«Մենք ունենք մոտավորապես 8–10 հազար քաղաքացի, որոնք առողջական կամ այլ խնդիրների հիմնավորմամբ տարեկան ազատվում են ծառայությունից ։ Թիվը ահավոր մեծ է, սրա մասին պետք է մտածենք։ Մենք տարեկան 8 հազար մարդու ազատում ենք զինվորական ծառայությունից, իսկ այսօր քննարկում ենք ամեն զորակոչին 10, 15, 20 հոգու ազատելու հարցը ինչպե՞ս կազմակերպենք, որ մեր զորակոչին չկպչենք»։

Նախագծի ընդունումը, պատգամավորի կարծիքով, սոցիալական եւ հոգեբանական առումով կարող է դրական ազդեցություն ունենալ, դրանով կմեղմվեն զոհված զինծառայողների ընտանիքների հոգեբանական եւ սոցիալական խնդիրները:

«Ինձ հենց երեկ գրել է զոհված կամավորականի կին, որն ունեցել է 3 զավակ։ Նրանցից մեկը հոր մահանալուց հետո հոսանքահարվել և մահացել է։ Այսինքն, այդ կինը կորցրել է իր ամուսնուն և այժմ ունի երկու զավակ։ Այսօրվա կարգավորումներով նրանք երկուսն էլ պետք է գնան զինվորական ծառայության, իսկ օրենքի ընդունումից հետո նրանք երկուսն էլ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Այսինքն, այս ընտանիքը կդառնա շահառու, քանի որ իրենց ընտանիքում ունեն կամավորական, պատերազմի ժամանակ զոհված անձ»։

Զինակոչիկը, սակայն, կարող է հրաժարվել արտոնությունից և անցնել զինվորական ծառայություն: Նախագծում հստակ տարանջատում է առաջարկել Պաշտպանության նախարարությունը։ Պետք է տարանջատվեն պատերազմի ժամանակ ու թիկունքում դժբախտ պատահարի հետևանքով զոհվածների դեպքերը։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան․  

«Այսինքն, եթե ծառայողական պարտականությունները կատարելիս, օրինակ, զինծառայողը ավտովթարի զոհ է դառնում, ինքը եղել է ծառայության մեջ։ Այս պարագայում առաջարկել ենք, որ զինվորական ծառայությունից ազատվի միայն մեկ որդին։ Այսինքն, եթե նա ունի այլ քույր, եղբայր, նրանք չդառնան այս օրենքի շահառուներ»։

Խորհրդարանական ընդդիմությունը այս նախագծի հետ կապված լուրջ խնդիրներ է տեսնում։ Գիտակցելով հարցի բարոյական կողմը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը առաջարկում է շարժվել այլ ուղղությամբ․

«Ես ընդունում եմ այն բարդ բարոյահոգեբանական վիճակը, որ այսօր ստեղծվել է շատ ընտանիքներում, բայց գնանք մի կողմից արտոնությունների ընդլայնման, մյուս կողմից՝ շատ ավելի հստակեցման ճանապարհով։ Կարող ենք ուղղակի այդպիսի իրավունք չսահմանել, այդ շահառուների հարցը կարգավորել պաշտպանության նախարարի հրամանով և ուղղակի նրանց ծառայությունը նախատեսենք ՊՆ կամ ԳՇ կենտրոնական ապարատում»։

Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել պարտադիր զինվորական ծառայությունից տարեկան ազատվողների թվերին և լուծել նաև այդ խնդիրը։

«Բոլորս զարմացանք, թե հիվանդության կամ այլ պատճառով ինչ մեծ թվով երիտասարդներ են բանակից ազատվում։ Բնականաբար, դա մտահոգիչ է։ Շատ կարևոր է, որ այդ թիվը ԳՇ–ն և ՊՆ–ն դարձնի կառավարելի մարդկային ռեսուրս։ Իսկ դրա համար բանակը պետք է վերափոխվի իր կառուցվածքով, մոտեցումներով, ամեն ինչով։ Մարդիկ պետք է նաև իրենց առողջական խնդիրներով հանդերձ օգտակար լինեն մեր պաշտպանությանը։ Բայց դա այլ խնդիր է։ Կոնկրետ այս օրենքը զորակոչի հետ կարող է առնչություն ունենալ այնքանով, որ փոքր թվեր են։ Բայց սա նաև բարոյական և հոգեբանական մեծ արժեք ունեցող նախաձեռնություն է»։

Արդեն քննարկումից դուրս՝ բանակի խնդիրների, սահմանային վիճակի և զորքերի տեղաշարժի մասին հարցերին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հստակ պատասխաններ չտվեց։  Նա հորդորում է քիչ խոսել այդ ամենի մասին՝ իրենց գործը չբարդացնելու համար։

«Մի բան ուղղակի կասեմ։ Չնայած ադրբեջանական կողմը անընդհատ տարածում է, թե իբրև հայկական կողմը դիմում է սադրանքի, կրակոցներ կան, ի ուրախություն մեզ, վերջին շրջանում հարաբերականորեն կայուն է»։

Վերջին շրջանում բացահայտվել են լրտեսական ցանցին առնչվող գործեր, դրանցից երկուսն արդեն դատարան են ուղարկվել։ Կան տեղեկություններ, որ անգամ պատերազմի օրերին են լրտեսական խմբերը տեղեկություններ փոխանցել Ադրբեջանին։ Արդյո՞ք դա նշանակություն ունեցել է Ադրբեջանի հաղթանակի համար՝ փոխնախարարը դժվարանում է գնահատել․

«Տարածվող տեսանկյութից հասկանալի էր, որ այդ օրերին էլ է տեղեկատվություն փոխանցվել։ Չեմ կարող ասել, թե այդ տեղեկատվությունը ինչքանով է հետևանք առաջացրել։ Չխախտելու համար անմեղության կանխավարկածը՝ եկեք դեռ որակում չտամ։ Բայց որպես մարդ, որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի՝ ես ուղղակի չեմ կարող որակումս, այն, ինչ իմ մտքում կա, հնչեցնել բարձրաձայն»։

Լրտեսական ցանցի գործի քննությունը ԱԱԾ–ում դեռ շարունակվում է։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը տեղեկություններ չունի այն մասին, թե, իբր, այդ գործերում շրջանառվում է քաղաքական գործիչների անուններ։ Նա որևէ տեղեկություն չի հաղորդում՝ նախաքննության շահերից ելնելով։  

Կարդացեք նաև

Back to top button