ԿարևորՏնտեսական

Պարարտանյութը սուբսիդավորել ու ոռոգման ավելի շատ ջուր կուտակել՝ գյուղացուն է խոստանում գործադիրը

2022-ին բյուջեում նոր  ջրամբարների նախագծման համար առանձնացվել է 2 մլրդ դրամ։ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հիշեցրել է նոր՝ 15 ջրամբարների կառուցման մասին։ Մինչև տարեվերջ կավարտվի նաև Վեդու ջրամբարի կառուցումը։  Ջրամբարների կառուցումը ոռոգման ջրի խնդրի լուծման ամենակարեւոր անելիքն է։ Գյուղացիական սեզոնը սկսվում է, ու ոռոգման ջուրը գյուղացու միակ խնդիրը չէ այս պահին․ պարարտանյութն էլ թանկացել է գրեթե կրկնակի։  Կառավարությունը քննարկում է պարարտանյութի սուբսիդավորման հարցը։

Գյուղատնտեսական տարին սկսվում է, իսկ խնդիրների շարքը դեռ չի ավարտվում։ Ոռոգման ջրի խնդրի կողքին պարարտանյութն է թանկացել կրկնակիից ավելի։ Մեկ պարկ պարարտանյութի գինը մոտ 10 հազար դրամից մինչեւ 20 հազարի է հասել։  Պատկան մարմինները պարզաբանում են՝ բարձր գները միջազգային շուկայից են մեր երկիր հասել, խփել գյուղացու գրպանին։ Կառավարությունում քննարկում են պարարտանյութը սուբսիդավորելու հարցը։ Էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչություն, վարչության պետ Գևորգ Ղազարյանը դեռ մանրամասներ չի հայտնում, բայց «Ռադիոլուրին» տեղեկացնում է.

«Պարարտանյութի հետ կապված՝ մշակվել է սուբսիդավորման աջակցության ծրագիր։ Մոտավորապես գնի 50 տոկոսի կարգի սուբսիդիա է նախատեսվում» ։

Պարարտանյութի հարցը դեռ չլուծած՝ գյուղացին ոռոգման ջրի սրվող խնդրին է լուծում սպասում։ Ելքը ջրամբարաշինարարությունն է, կառավարությունը խոստանում է նոր քայլեր։ 2022-ին բյուջեում նոր  ջրամբարների նախագծման համար առանձնացվել է  2 մլրդ դրամ։ Մոտ մեկ տարով ուշացած, բայց մինչև  այս տարեվերջ կավարտվի Վեդու ջրամբարի կառուցումը, եթե այլ խանգարող հանգամանքներ ի հայտ չգան։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով.

«Պատվարի կառուցման հիմնական աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են։  Այս տարվա վերջին ջրամբարի կառուցումը կավարտվի: Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում  բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին»։

Վերջին տվյալներով՝ Ախուրյան ու Արփի լիճ ջրամբարների լցվածությունը 30 տոկոս է, Ապարանինը՝ 17 տոկոս, Մարմարիկի ջրամբարի լցվածությունը 10 տոկոս է, կուտակված ջուր ունենք գրեթե նույնքան, որքան անցյալ տարի, անգամ որոշ չափով՝ պակաս։ Այս ջրամբարները սնուցում են հանրապետության գյուղատնտեսությամբ զբաղվող հիմնական մարզերը։ Սա ուղիղ կերպով նշանակում է, որ ջրի պակաս կուտակվելը ոռոգման խնդիր է ենթադրում։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում Ախուրյանի ջրավազանում 50-55 մլն խորանարդ մետր   ջրի դեֆիցիտ է կանխատեսում՝ Հայաստանի ազգային  ագրարային  համալսարանի  ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի  վարիչ  Գուրգեն Եղիազարյանը։ Խնդրի լուծումը պետք է լինի Արփի լճի ջրամբարի հաշվին։ Այս ջրամբարից ավելի շատ Հայաստանի՞ն, թե՞ Թուրքիային է ջուր  հասնում․ Գուրգեն Եղիազարյանն արձանագրում է․

«Ախուրյանի ջրամբարը 30-40 տոկոսով է լցվում։ Կուտակված ջուրը 50 տոկոս մասնաբաժնով ենք վերցնում։ Եթե կուտակվում է 200 մլն խմ ջուր, մենք վերցնում ենք 100 մլն խմ-ն։ Նախագծային ցուցանիշը 250 մլն խորանարդ մետրն է»։

Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի՝ տարեցտարի սրվող խնդիրը Կապսի ջրամբարի կառուցումը կլուծի՝ ասում է ջրային ռեսուրսների կառավարման մասնագետն ու բացատրում՝  այս ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի կուտակել Արփի լճի մոտ 60 մլն խորանարդ  մետր  ազատ հոսքերը։ Ոռոգման ջրի մոխ խնդրի կողքին կառավարության օրակարգում նաև փոքր ջրամբարների կառուցումն է։ Վարչապետն արձանագրում է

«Սկսում ենք դիտարկումները, թե որտեղ կարող ենք ջրամբարներ կառուցել։ Մասնագիտական քննարկումից հետո, երբ պարզ է դառնում, որ ծրագիրը իրականանալի է, սկսում ենք ջրամբարների նախագծման աշխատանքները։ Մենք 2022 թվականի բյուջեում 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծմանը։ Որքան հասկանում եմ՝ նաև սկսում ենք հետևյալ ՝ Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի  ու Եղվարդի  ջրամբարների նախագծումը»։

ՏԿԵՆ Գնել Սանոսյանը հստակեցնում է՝ 7 ջրամբարի նախագծերի  մրցույթը կհայտարարեն առաջիկայում։ Դեռ որոշ հարցեր են քննարկում։ Ջուր կուտակող մյուս կառույցների հարցերն օրակարգում են։ Օրակարգի հարցերը պետք է հրատապ լուծել՝ իրենց հերթին բարձրաձայնում են ջրային ոլորտի փորձագետները։ Պետք է արագացնել ջրամբարների կառուցման աշխատանքները․ Թուրքիան Արաքսի վրա ջրամբարաշինարակական աշխատանքները է տանում, ինչը լրջացնում է ջրի խնդիրն ու նոր մարտահրավերներ ստեղծում։

Կարդացեք նաև

Back to top button