
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ փետրվարի 25-ին նախատեսված իր հանդիպումը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ չի կայանա, գրում է Ռիա նովոստին։
«Երեկ մենք զրույց ունեցանք Լավրովի հետ։ Հանդիպումը նախատեսված էր ուրբաթ օրը։ Բայց այն չի կայանա»,-Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ արտգործնախարարների արտահերթ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում հայտնել է Լը Դրիանը։
Պաշտոնյան նախօրեին ասել է, որ ինքը Լավրովին հրավիրել է փետրվարի 25-ին գալ Փարիզ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի նախապատրաստական խորհրդակցությունների համար։
Բացի այդ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ ֆրանսիացի գործընկերներն ակնարկել են, որ հասկանում են, թե «ինչի մասին կարող է խոսել Վաշինգտոնը մեզ հետ»։
Լը Դրիանի՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպելուց հրաժարվելը տեղի է ունեցել Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման ֆոնին։




