ԿարևորՀասարակություն

Մարտունի քաղաքում Արցախում սոցիալ-հոգեբանական առաջին կենտրոնն է բացվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 22-ին Մարտունի քաղաքում մասնակցել է ԱՀ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության սոցիալ-հոգեբանական աջակցության առաջին կենտրոնի բացման արարողությանը, որտեղ խոցելի խմբերին մատուցվելու են սոցիալական աշխատանքի և հոգեբանական ծառայություններ:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացմանն իրենց մասնակցությունն ունեցած տարբեր կազմակերպությունների ու անհատների՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի գլխավորությամբ:

«Այս կենտրոնն օրինակելի է ոչ միայն իր մոտեցումների ու նպատակների տեսանկյունից, այլ նաև, որ կառավարության և տարբեր մասնագիտական և բարեգործական կազմակերպությունների միջև տեղի է ունեցել բավականին լուրջ համագործակցություն: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել ենք դեռևս մեկ տարի առաջ, որի շնորհիվ կարողացել ենք տարբեր աջակիցների հետ սոցիալական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ծրագրեր սկսել: Արդյունքում, մի քանի տասնյակ սոցիալական աշխատողներ ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ, և նրանցից ոմանք աշխատելու են հենց այս կենտրոնում: Կարծում եմ, որ նմանատիպ ինստիտուցիոնալ մեխանիզմներ կիրառելով կբազմապատկվի նրանց կարողությունների արդյունավետության մակարդակը: Պատրաստվում ենք Մարտունիում հիմնել նաև երեխաների խնամքի ու զարգացման կենտրոն, որը այս կենտրոնի հետ համատեղ վեր է հանելու խոցելի խմբերի սոցիալ-հոգեբանական կարիքները և աջակցելու դրանց բավարարմանը՝ նպատակաուղղված նրանց ակտիվացմանն ու ինքնուրույնության ապահովմանը»,- իր խոսքում նշել է պետական նախարարը, հավելել, որ նմանատիպ կենտրոններ կբացվեն նաև մյուս շրջաններում և Ստեփանակերտում։

Այնուհետև հյուրերը ծանոթացել են նորաբաց կենտրոնի պայմաններին և աշխատանքի մեթոդաբանությանը, որից հետո մասնակցել սոցիալական աշխատողների հետ շահագրգիռ քննարկման:

Կարդացեք նաև

Back to top button