
ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը Դոնբասի հակամարտության գոտում հնարավոր կլինի ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատի եւ Կիեւի համաձայնության դեպքում․ փետրվարի 19-ին հայտարարել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` նշելով, թե «տեսականորեն դա հնարավոր է»։ Ըստ կառույցի գլխավոր քարտուղարի` նման որոշումը պետք է պաշտպանեն նաև ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները։
Փետրվարի 21-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, իսկ այսօր Ղազախստանը բավականին կտրուկ է արձագանքել այդ տարածքներում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցին։ Երկրի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Մուխտար Տլեուբերդին բացառել է ԼԺՀ եւ ԴԺՀ ՀԱՊԿ ուժեր ուղարկելը` մատնանշելով կազմակերպության կանոնադրությունը։ Համաձայն այդ կանոնադրության, խստորեն սահմանափակվում Է ռազմական կամ խաղաղապահ ուժերի կիրառումը կառույցի ոչ անդամ երկրների տարածքում։
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նշում է, որ այս պարագայում ֆորմալ` պայմանական կանոնակարգումները միայն կաղապարներ են, որոնց ներսում տեղի են ունենում իրական գործընթացներ` հստակ միտումներով։ Ըստ նրա` այսօր նոր աշխարհակարգն առաջնորդվում է ուժային քաղաքականությամբ, որի շրջանակում գործում է «Ուժը զսպվում է ուժի միջոցով» բանաձևը։ Սուրեն Պետրոսյանն ասում է, որ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ուկրաինա այն կարմիր գիծն է, որը հատելու դեպքում պաշտոնական Մոսկվան և այն կազմակերպությունները, որտեղ վճռորոշ դերակատարում ունի Ռուսաստանի Դաշնությունը, դիմելու են բոլոր հնարավոր քայլերին՝ զսպելու դաշինքի առաջխաղացումը։
Այդուհանդերձ, արդիակա՞ն է այսօր Դոնբասի հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հարցը։




